Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ՀՀ. տնտեսավարո՞ւմ, թե՞ տնտեսավերում

ՀՀ. տնտեսավարո՞ւմ, թե՞ տնտեսավերում
04.07.2017 | 09:29

Անշուշտ` տնտեսավարում, քանզի այս գործընթացը հավելյալ արժեքի ստեղծում է ակնկալում, շահի ստացում, ասել է` բարեկեցություն է ենթադրում։ Իսկ շահը, որը գործարարություն համարվող երևույթի հիմնանպատակն է, հայտնի է, որ կրոն ու ազգ, սեռ ու տարիք չի ճանաչում, անգամ զավակին է ծնողի դեմ հանում։ ՈՒրեմն ինչո՞ւ է մեզանում տնտեսավարումն այն աստիճանի անփույթ կատարվում, որ ոչ միայն դրա աներևույթ նրբություններին անտեղյակները, այլև տնտեսագիտության ռահվիրաներն են բարձրաձայնում, որ նորօրյա Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, որքանով որ այն կա, արդեն 3-րդ տասնամյակն է, ինչ քանդվում, ոչնչացվում, ավերվում է։ Հայաստանյան ու հայ հանրության զգալի հատվածներն էլ դեմ չեն այսօրինակ գնահատականներին, մեղավորներ են փնտրում ու լուծումներ առաջարկում, Նոբելյան մրցանակակիրների ու տնտեսավարության համաշխարհային հսկաների են խորհրդատվության հրավիրում, սակայն, ի վերջո, առաջնորդվում են «Մերն ուրիշ է» դիրքորոշումով ու աննշան արդյունքների կողքին այնպիսի ցուցանիշներ են արձանագրում, որոնք ձախողում կոչելն անգամ մեղմ որակում է համարվում։ Օրինակնե՞ր եք ուզում, խնդրեմ, միայն մեկ ոլորտից. ՀՀ գյուղնշանակության հողերի հարյուրհազարավոր երբեմնի բարեբեր հեկտարներ հիմա չեն մշակվում, 60 մլրդ դրամ գնահատված նորակառույց շաքարավազի գործարանը գրեթե չի աշխատում, ժամանակակից մեկ տասնյակ սպանդանոցներում անգամ 1 խոշոր եղջերավոր կամ խոզ չի մորթվել։ Շարունակելն անիմաստ եմ համարում։ Եվ սա` երկիրը բացառապես ներկրվող պարենով պահելու պարագայում, երբ գյուղոլորտում տարեկան 12-15 տոկոս աճ էր ներկայացվում։ Հողի հազարավոր մշակներ տարիներ շարունակ անզոր են վերամշակողներից ստանալու իրենց հանձնած հումքի դիմաց գումարները, գոնե բանկերից վերցրած վարկերի տոկոսները փակելու համար։


Տխուր մտորում է ստացվում, սակայն ինչ կարող ես անել, երբ այդպիսին է մեր իրականությունը, որտեղ իրողություն է այն, որ երկրների տնտեսավարության հիմնական ցուցանիշ համարվող համախառն ներքին արդյունքը Հայաստանի Հանրապետության մեկ բնակչի հաշվով ընդամենը 3 հազար դոլար է, որպիսին ունի, ասենք, աֆրիկյան 40 տոկոս գրաճանաչություն ունեցող Չադ պետությունը։ Համեմատության պարագայում, թերևս, տարբերությունն այն է, որ 12 տարի առաջ նրանց այս ցուցանիշը 1000 դոլար էր, ասել է` եռապատկվել է, երբ մերն աննշան փոփոխության է ենթարկվել։ Հիշյալ տարեշրջանում մեր ցուցանիշին մոտ էր Չինաստանի ՀՆԱ-ն, որը հիմա անցնում է 16 հազար դոլարը։ Մեր տնտեսավարական միտքը կանխատեսում է ՀՆԱ-ի 5-ապատկման հասնել կրկնակի երկար ժամանակահատվածում, 2040-ականներին։ Ահա այսպիսի թվեր, որոնցից լավատեսության որևէ նշույլ չի ուրվագծվում։ Եվ հարցը, թե ինչու ենք հայտնվել այս վիճակում, հնչում է ինքնաբերաբար, քանզի հայերիս աշխատասիրության, մեր գեներին հատուկ ներուժի մասին դատողությունների պակաս մեզանում չկա, որը միշտ չէ, որ կասկածելու տեղիք է տալիս։
Մեզանում «Մերն ուրիշ է» դիրքորոշմամբ առաջնորդվելը համաշխարհային տնտեսական գործընթացներից առանձնանալու առայժմ քննություն չբռնող պահվածք է ընդամենը։ Այլ չափորոշիչները մի կողմ թողնելը, դրանք հաճախ ու պարզապես անտեսելը որևէ տրամաբանված արդարացում չունեն, քանզի համեստ պայմաններում գոյատևող համեստ հնարավորություններն այլոց պահանջներին ծառայեցնելու տնտեսավարական մոտեցումը հիմնավորում կամ բացատրություն չունի։ Ասենք, գերակա ուղղություն են հռչակվում վերամշակող արդյունաբերությունն ու դրա արտադրանքի արտահանումը։ Փորձենք հարցը դիտարկել սննդի ոլորտում։ Այստեղ առաջին տեղում ալկոհոլային խմիչքներն են, առաջնահերթը` կոնյակի արտահանումը։ Ինչքան էլ խոսվում է համաշխարհային շուկայում մեր այս արտադրանքի հանդեպ ցուցաբերվող հետաքրքրության մասին, այդուհանդերձ, փաստ է, որ կոնյակագործները լուրջ խնդիրներ ունեն, ինչը մշտապես արտահայտվում է մթերված խաղողի դիմաց պարտավորություններում թերանալու տեսքով։ Տարին տարվա վրա այս երևույթը խորանում է, խաղողագործներն անելանելիությունից հուսահատ քայլերի են դիմում, գործընթացով զբաղվում են ամենաբարձր աստիճանների պաշտոնյաները, այդ կերպ տուժում է ողջ համակարգը։ Եվ ոչ ոք իրեն նեղություն չի տալիս հարցնելու` մինչև ե՞րբ։
Հարցի պատասխանը փնտրելու և գտնելու, խնդիրը պարզելու և մեկընդմիշտ լուծելու փոխարեն փորձ է արվում այն առավել խորացնել, ասենք, ՀՀ գյուղնախարարության առաջիկա տարիների ծրագրով յուրաքանչյուր տարի խաղողի այգիները 100-ական հեկտարով ավելացնելու տեսքով։ Ի՞նչ հիմնավորմամբ է կառավարական ծրագիր հռչակվում մի ոլորտ, որը մշտապես ռիսկային է համարվում, որի վնասները մեղմելու նպատակով ՀՀ աղքատիկ բյուջեից որոշակի ֆինանսական միջոցներ են հատկացվում։


Հարցրեք աշխարհի առաջատար խաղողագործական երկրների այգեգործներին, թե ինչ բան է այգեթաղ-այգեբացը, որը մերոնք իրականացնում են կամ չիրականացնելու արդյունքում ցրտահարությունից բերքի ամբողջական կամ մասնակի կորուստ ունենում։ Ձեզ պարզապես չեն հասկանա. այդպիսի իրավիճակում հայտնվել եմ Ավստրիայի Գրացի տարածաշրջանում խաղողի ծաղկման տոնի մասնակիցների առաջ։ Ոչ մի կերպ չհաջողվեց մեզանում տիրող իրավիճակը ներկայացնել, որը կապված չէր լեզվի իմացության հետ, քանզի թարգմանիչներս գերմաներենին կատարյալ տիրապետող հարազատներս էին։ Այստեղ, ինչպես և աշխարհի շատ կողմերում, խաղողագործները նաև այգիները ջրելու խնդիր չունեն, քանզի բնակլիմայական պայմաններն ապահովում են հողի անհրաժեշտ խոնավությունը։
Բայց առավել կարևոր մի գործոն էլ կա, որին ծանոթացել եմ մի քանի երկրներ այցելելու և տարբեր հեռուստաալիքներով ոլորտին նվիրված փաստագրական ֆիլմեր դիտելու ընթացքում։ Հարցն այն է, որ ոչ մի տեղ չկա խաղողի մթերման այն գործընթացը, որն իրականացվում է մեզանում։ Ամենուր խաղողագործներն իրենք են վերամշակում իրենց բերքը, սեփական արտադրություն կազմակերպում, եթե իրացման խնդիր է ծագում, ջանքերը միավորում են, համատեղ իրացնում։ Ավստրիայում հյուրընկալվելիս հաճախ եմ նկատել, որ տանտերերս նաև իտալական «Ջորդանո» մատակարարի ծառայությունից են օգտվում։ Պատվիրված երկու արկղերի մեջ 4-5 տասնյակ տարբեր որակների ու անվանումների գինիներ են լինում, հետն էլ` նվերներ։ Ասել, թե այսօրինակ գործընթացների շահառու ՀՀ կառավարությունները, իրենց ենթակա տարածքային կառավարման, տնտեսական զարգացման, միջազգային ինտեգրման, գյուղատնտեսության նախարարությունները որևէ քայլ են կատարել, ինքնախաբկանք կլինի։ Ամեն ինչ է արվում այգեգործի հասունացած բերքը վայրկյան առաջ վերամշակողներին հասցնելու ուղղությամբ, քանզի մարդիկ ժամկետանց վարկեր փակելու խնդիր ունեն, չխոսելով իրենց ամենօրյա հոգսերից ու նվազագույն ակնկալիքներից։


Տարին տարվա վրա, ճարահատյալ, խաղողի այգիներ մշակողներն այդպես էլ որևէ խորհրդատվություն կամ այլ կարգի օգնություն չեն ստանում, նրանց համար օգտավետ որևէ գործընթաց չի սկսվում, երբ հարկ է ծավալվելու մասին խոսել և իրականացումներ նշել։ Այսկերպ մի քանի վերամշակողների ձեռքին գտնվող գինեգործական ոլորտն էլ է խնդիրներ ունենում, գերխնդիրների առջև կանգնում։ Ինչի՞ է նման, երբ գինի չվայելող հանրություն ենք դարձել, երբ անգամ «Կես գին» ակցիայով վաճառվող գինիները հայաստանցիներիս մեջ ոգևորություն չեն առաջացնում դրանք ունենալու մեր սեղաններին, չգիտես որակի, թե անգամ այս պարագայում գնի առումով։ Նշեմ, որ եվրոպական սուպերմարկետներում, առանց այդ «Կես գին» առաջարկների էլ իսպանական ու ֆրանսիական գինիներ կարելի է գնել 1 եվրոյով, որը մեզ մոտ 500 դրամն է։ Նշեմ նաև, փաստալրագրողիս համար անգամ արտառոց մի հիշատակման մասին, որը բազմիցս եմ լսել արտերկրների գործընկերներիս խաղողագործությանը նվիրված հեռուստապատումների ընթացքում. խոսքը Չիլիում մեկ գյուղատնտեսական տարում խաղողի երկու, անգամ երեք բերքի ստացման մասին է։
Փորձենք ոլորտը ներկայացնել մեկ այլ առումով, որը կառավարական փաստաթղթերում հիշատակվում է որպես «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարական ծրագիր»։ Ըստ դրանցից մեկի` 2015-ին ՀՀ-ում խաղողի այգիները պետք է կազմեին 26,4 տոկոս, համախառն բերքը` 264 հազար տոննա։ Թե ինչ հիմնավորում ունի նման ցուցանիշներ ամրագրելը, երբ իսպառ բացակայում են դրանց արդյունավետության երաշխիքները, նվազագույնը տարօրինակ կարելի է համարել։ Գինու աննշան քանակներ օգտագործող երկրում նպատակ հռչակելով արտահանումը, առանց ուսումնասիրելու հենց թեկուզ հիմնական սպառող Ռուսաստանի Դաշնությունում ծավալվող գործընթացները, որտեղ խաղողի այգիների զգալի ընդարձակում է իրականացվում, գումարած Ղրիմի այգիների գործոնը, նման ծրագրեր կազմելն ուղղակի անհասկանալի է, եթե այլ գնահատական չհնչեցնենք։


Անհարկի չենք համարում նկատել, որ ռուսական շուկան պանիրների հսկայածավալ իրացման խնդիր ունի, որը, պարզվեց, հայաստանյան պանրագործներն անգամ նվազագույնս ծածկելու ի վիճակի չեն։ Իսկ ո՞ւր են խաղողի այլ վերամշակումները, ասենք, չամիչի տեսքով, որի որոշակի քանակներ ՀՀ ներմուծվում են տարածաշրջանի և հեռավոր երկրներից։ Այստեղ նկատենք, որ այսօրինակ արտադրանք հիմնականում ստացվում է անկորիզ խաղողից, որը մենք գրեթե չունենք։ Չունենք նաև խաղողի կորիզից բուսայուղի արտադրություն, չխոսելով խաղողի հյութից, որը մեր ուսանողական տարիների մշտական ըմպելիքն էր` բաժակը 10 կոպեկ։


Նման մտորումների տրվողները, որոնք հայաստանյան հանրությունում հարյուրհազարավորներ են, մտահոգություններից առավել ցավ են ապրում մեր չկայացող տնտեսության ու դրա դրսևորում և հետևանք գորշ առօրյայի հանդեպ։ Ընդդիմախոսները փորձում են արդարացումներ հիշել 90-ականներից, չփորձելով անգամ ակնարկել, որ պատերազմի ու համակարգային փոփոխությունների պարագայում առաջին անհրաժեշտության պարենն ու սպասարկում-ծառայություններն այսօրվա գների կողքին ուղղակի երազային էին։ Ամբողջ 20 և ավելի տարիներ հիմնականում այն է արվում, որ վերականգնվեն խորհրդային տարիների ցուցանիշները, քննարկվող դեպքում` խաղողի այգիները կազմեն 30 հազար հեկտար, բերքը` 300 հազար տոննա։ Տարօրինակորեն, թեև առավել խիստ որակումն էլ այստեղ տեղին կլինի, մոռացվում կամ մոռացության է տրվում, որ խորհրդային շրջանի լավ թե վատ պլանային համակարգը հիմա գոյություն չունի, երբ ԽՍՀՄ հարավային տարածքներում նախընտրելի էր համարվում պտուղ-բանջարեղենի մշակումը, հացահատիկն ու անասնապահությունը թողնելով երկրի մյուս շրջաններին։ Պլանավորման այս գործելաոճի արդյունքում 1940-ին ՀՍՍՀ-ում հացահատիկային մշակաբույսերի 340 հազար հեկտար տարածքը 1970-ականներին կրճատվեց կիսով չափ։ Բայց մենք հացահատիկի, անասնապահությունն էլ կերերի խնդիր չուներ, քանզի ապրում էինք միասնական պետության կազմում, տնտեսության պատասխանատուն Մոսկվան էր։ Հիմա այլ վիճակ է, ՀՀ տնտեսության պատասխանատուն Երևանի կենտրոնում գտնվող ՀՀ կառավարությունն է, որի թիվ 1 խնդիրը երկրի տնտեսության կայացումն է, առաջնահերթությունը` պետության պարենային ապահովությունն ու անվտանգությունը։


Տարօրինակորեն ու ցավալիորեն մերօրյա Հայաստանում չի արտադրվում 3 մլն բնակչությանն անհրաժեշտ առաջնահերթ սննդակարգի անգամ նվազագույն քանակը. ցորենի, կաթնա-մսամթերքների, բուսական ու կենդանական յուղերի, հատիկաընդեղենների, բանջարեղենի պահանջարկը հիմնականում բավարարվում է ներկրումների միջոցով։ Շաքարավազի, երշիկեղենի, կաթնամթերքի զգալի մասի արտադրությունը նույնպես ծավալվում է ներմուծված հումքի հաշվին, հաճախ այնպիսի երկրներից, որոնց հողային, ջերմային ու ջրային կարողունակությունները զգալի զիջում են ՀՀ-ում առկա հնարավորությունները։ Անգամ սոխն ու սխտորը, սմբուկն ու ստեպղինն են ներկրվում, վերջինը` գրեթե հողազուրկ Իսրայելից։ Հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Բրազիլիայից խոր սառեցված հավի միս է ներկրվում և տեղականի համեմատ կես գնով վաճառվում։ Այդ երևույթը ՀՀ տնտեսության պատասխանատուներին ոչ մտահոգում է, ոչ անհանգստացնում։


Օրեր առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կիրակնօրյա մի հեռուստահարցազրույցի ընթացքում էապես մտահոգիչ մի թիվ հնչեցրեց. խոսելով ոլորտի խնդիրներից, հիշեց, որ դրանք պայմանավորված են 370 հազար գյուղատնտեսական մասնատված տնտեսություններ ունենալու իրողությամբ։ ՀՀ ԱՎԾ-ի այս առումով պաշտոնական թիվը 370 հազար է, անշուշտ` մտահոգիչ։ Երբ նախարարը զրույցի ընթացքում երկրորդ և երրորդ անգամ հիշեց 340 հազար թիվը, պարզ դարձավ, որ մարդկայնորեն հասկանալի վրիպում չէր ասվածը, այլ դառը ճշմարտություն։ Հավելյալ 30 հազար գյուղացիական տնտեսությունները Երկիր մոլորակի տարբեր պետություններում միլիոնավոր բնակչության պարենապահովությունն ու պարենանվտանգությունն են երաշխավորում, երբ մեզանում տնտեսությունների նման աճը նկատելի որևէ ազդեցություն չի ունենում ՀՀ տնտեսության վրա։ Եթե տնտեսությունների աճ արձանագրվել է նաև խաղողագործների շրջանում, հանրային պահանջի տեսքով խնդրանք եմ հղում ՀՀ տնտեսավարական ու տնտեսագիտական մտքին, որքանով որ այն կա` պարզ ու մատչելի հիմնավորումներ ներկայացնել մեզանում խաղողագործությունն ընդլայնելու անհրաժեշտության շուրջ, ՀՀ կայացման շահառու քաղաքացուս այդկերպ դարձնելով կառավարական ծրագրերի ջերմ պաշտպան ու ակտիվ քարոզիչ, համակիր ու գործընկեր։
Չվիճարկելով խաղողագործությունը զարգացնելու նպատակահարմարությունը, այսուհանդերձ, այն ՀՀ առավել կենսական կարևորության ոլորտների հաշվին ծավալելը մեր պետության ու պետականության շահերին չպետք է հակասի։ Այս պարագայում նկատում ենք, որ առանձին վերցրած յուրաքանչյուր երկիր գյուղոլորտում հիմնախնդիր է դիտարկում բնակչության սննդակարգում ու պարենզամբյուղում առաջնահերթ անհրաժեշտ կենդանական ծագման սննդամթերքների ապահովումը երաշխավորող անասնապահության լիարժեք կերային բազայի ստեղծումը։ Այսկերպ է գյուղաբնակի աշխատանքը հիմնավորապես արդյունավետ դառնում, ապահովվում են համաշխարհային չափորոշիչներով ընդունված մթերատվության ցուցանիշներ, որոնք էլ լոկոմոտիվի դեր են կատարում ողջ տնտեսության համար։ Սա է գյուղգործունեություն վարելու ուղիղ ճանապարհը, որը մեզանում ամպագոռգոռ գյուղքաղաքականություն հռչակելով` ունենք այն վիճակը, որն անհրաժեշտ է ժամ առաջ վերանայել։ Թող որ նման եզրակացություն անում է շարքային քաղաքացիս, այսուհանդերձ, այն հիմնված է կայացած տնտեսություններ ունեցող երկրների անցած ուղին անգամ սիրողական մակարդակով դիտարկելու, փաստերն ու վիճակագրությունը համադրելու, ուսումնասիրելու և վերլուծելու արդյունքում, որին մասամբ-ինչ համոզիչ կայացման ու զարգացման այլընտրանք-հիմնավորում անցած տասնամյակներում չի ներկայացվել։
Այսօրինակ մտահոգությամբ արդեն դիմել եմ ՀՀ վարչապետին, այն ձևակերպել հետևյալ տեսքով. «Պարոն վարչապետ։ Ընդունենք, որ 2020 թվականին լրագրողը Ձեզ հարցնում է` պարենապահովության և պարենանվտանգության ի՞նչ աստիճան ունի Հայաստանը. խնդրեմ Ձեր պատասխանը»։ Հարցն ուղղել եմ այս տարվա ապրիլի 14-ին, ընթացիկ կառավարության համար գուցե և ոչ շատ նպաստավոր շրջանում, թեև պարոն վարչապետն այս ընթացքում հարցազրույց տվեց ավստրիական ռադիոյի թղթակցին։ Հայրենի լրագրողիս ստացած պատասխանը հետևյալն է. «Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի հետ հարցազրույց անցկացնելու Ձեր առաջարկության համար` տեղեկացնում ենք, որ այն կդիտարկվի և նպատակահարմարության դեպքում կտեղեկացվեք։ Ա. Ղազարյան, քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ»։


Քննարկման նյութ չդարձնելով ներկայացված հարցաշարով հարցազրույց անցկացնելու շուրջ պատասխանողի իրավասությունը, ակամա հիշեցի լրագրողական գործունեության սկզբունքներից հետևյալը. եթե ձեր առջև դուռը փակում են, ներս մտեք լուսամուտով։
Առայժմ` ընդամենը այսքանը։

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հ. Գ. ՀՀ կառավարության հռչակած 2017-2022 թթ. ծրագրի տարեկան 5 % տնտեսական աճի պարագայում 2022-ի ավարտին ստացվում է մոտ 15 մլրդ դոլարի ՀՆԱ, մեկ բնակչի հաշվով 5 հազար դոլար։ Այսօր արդեն այս թվին մոտ ցուցանիշ ունեն Բանգլադեշը, Կամերունը, Ջիբութին, որոնց հասնելը (հինգ տարվա օրուգիշեր աշխատանքով) մեր երազանքի երկիրը կառուցելու անգամ մոտավոր չափանիշ չէ, որպիսի նպատակ հռչակում է ՀՀ կառավարության ծրագիրը։

Դիտվել է՝ 9065

Մեկնաբանություններ