Օրերս կառավարությունը հայտարարեց համայնքների զարգացման մրցունակ բիզնես ծրագրերը ֆինանսավորելու մասին:
Մեր պատկերացումով՝ ծրագրերը կլինեն մրցունակ, եթե նրանք ապահովում են համայնքում ապրելու, արարելու անվտանգ պայմաններ՝ զերծ ջրհեղեղներից, տարածքային հրդեհներից, երաշտից, հողի էրոզիայից, ցրտահարություններից և կարկտահարումից, իսկ արտադրվող գյուղմթերքը համեմատաբար որակյալ և էժան է: Այս դեպքում ներքին և արտաքին շուկաները համայնքներինն են, նրանք կունենան մեծ շահույթ, կապրեն բարեկեցիկ:
Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ նշված գործոնները խորանալու միտում ունեն: Այսպես, բնապահպանության նախարարության ՄԱԿ ուղարկված հաշվետվության համաձայն (http:/www.nature-ic.am/hy) հանրապետությունում առաջիկա 10-ամյակներում սպասվում են ծանր ժամանակներ. հողի խոնավության կորուստ՝ 30 %-ի, անապատային և կիսաանապատային գոտու ընդլայնում՝ 33 %-ի, արոտների և անասնապահության մթերատվության անկում՝ 30 %-ի չափով:
Հանրապետությունում այս գործընթացներն արդեն նկատելի են, ու պատահական չէ նախկին գյուղնախարարի հայտարարությունը՝ մրցունակ անասնապահություն չունենք:
Մենք բոլորս ականատես ենք համայնքներում (հանրապետությունում) տարեցտարի ահագնացող այս ամենի հասցրած ահռելի նյութաֆինանսական վնասներին, երբ հողագործի տարվա քրտինքը փաստորեն զրոյացվում է, իսկ պետությունը ստիպված է իր սուղ միջոցներից սուղ փոխհատուցումներ կատարել:
Իրողությունն այն է, որ այս ամենի դեմ պայքարը հանգում է հետևանքների վերացմանը և ոչ թե դրանց կանխմանը:
Մինչդեռ առկա են մի շարք գիտատեխնիկական նորույթներ, որոնք թույլ կտան զրոյացնել այդ ռիսկերը:
Ստորև ներկայացնում եմ «Գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտ»-ում ստեղծված մի շարք նորույթներ, որոնց ներառումը բիզնես ծրագրերում կօգնի լուծելու այդ խնդիրները:
ՆՈՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՑԱՆԿ
ա) Տեխնոլոգիա և մեքենա, որի ներդրումը կարգելակի հանրապետությունից (համայնքից) «փախչող» անձրևաձնհալ «թափառող» ջրերի հոսքը (ամբողջի մոտավորապես 60 %-ը)՝ այն կուտակելով տրակտորահարմար տեղանքներում նախապես բացված ճեղքերի միջոցով խոտածածկույթի արմատային հողազանգվածի փխրեցված շերտերում, ինչը կկասեցնի ա) ջրհեղեղները, բ) հողի ջրային էրոզիան, գ) երաշտը, դ) տարածքային հրդեհները և տրակտորային ագրեգատի նույն անցումով իրագործվող պարարտացման և ենթացանքսի միջոցով կբարձրացնի արոտների բերքատվությունը մոտավորապես 3 անգամ:
բ) Արևի և բիոէներգիայով աշխատող ֆերմերային բազմապիտանի տեղակայանք, որը կարող է ջրազրկել բանջարաբոստանային կուլտուրաները, մրգեղենը, դեղաբույսերը, համային խոտաբույսերը, դրանց թափուկներից ստացված անասնակերը: Այն կարող է պատրաստել վիտամինային անասնակեր, նպաստել սածիլները արագ աճեցնելուն և այլն:
գ) Լուծել տեղական հումքով (թռչնաղբ, գոմաղբ, մոխիր և այլն) օրգանահանքային վարակազերծված պարարտանյութերի արտադրության խնդիրը, կասեցնելով հողի և բույսերի վարակը, նվազեցնելով անասնապահության և թռչնապահության թափոններից շրջակա միջավայրի և մթնոլորտի աղտոտվածությունը:
դ) Ստեղծել ջերմային էներգիայով, այդ թվում՝ արևի և բիոէներգիայի, ինքնապահովված, անթափոն տեխնոլոգիայով աշխատող անասնաշենքեր (հիմնականում հների հատակագիծը ձևափոխելով), լուծելով ֆերմերների բնակարանների ավտոմատ ջեռուցման խնդիրները, մեծացնելով նրանց շահույթը նաև սպիտակուցային խտանյութ, բիոհումուս վաճառելով՝ կամավորության և շահավետության սկզբունքով խոշորացնելով (30-40 գլուխ խ.ե.ա.) ֆերմաները, մեքենայացնելով արտադրությունը, ինչը կնպաստի վերջինիս մրցունակության աճին:
ե) Լուծել բուսաբուծության, խաղողագործության, պտղաբուծության գործարանային արտադրանքի և նրանց թափուկների ջրազրկման խնդիրը, այդ թվում՝ ձմռանը հավելյալ անասնակեր ունենալու նպատակով:
զ) Լուծել խոտալյուրի արտադրության խնդիրը, գինեգործարանների սարքավորումների և մեր կողմից տրամադրվող տեխնիկական միջոցներով՝ արևի և բիոէներգիայի օգտագործմամբ:
Մենք պատրաստ ենք աջակցելու այդ խնդիրների լուծմանը նաև համապատասխան մեքենասարքավորումներ տրամադրելով:
Անհրաժեշտության դեպքում կարող ենք մասնակցել դրանց ներդրման հետ կապված համայնքային քննարկումներին:
Ստորև ներկայացնում եմ այս պահի դրությամբ, մեր կարծիքով, ներդրման համար առավել պատրաստ առաջին 2 նորույթների համառոտագրումը:
Ա. Տեխնոլոգիա և մեքենա, որի ներդրումը կարգելակի հանրապետությունից (համայնքներից) «փախչող» անձրևաձնհալ «թափառող» ջրերի հոսքը (ամբողջի մոտավորապես 60 %-ը)՝ այն կուտակելով տրակտորահարմար տեղանքներում նախապես բացված ճեղքերի միջոցով խոտածածկույթի արմատային հողազանգվածի փխրեցված շերտերում, ինչը կկասեցնի ա) ջրհեղեղները, բ) հողի ջրային էրոզիան, գ) երաշտը, դ) տարածքային հրդեհները, անապատացումը և տրակտորային ագրեգատի նույն անցումով իրագործվող պարարտացման և ենթացանքսի միջոցով կբարձրացնի արոտների բերքատվությունը:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Սպասվելիք օգուտը ՝
-ջրհեղեղներից, հողի ջրային էրոզիայից, երաշտից, տարածքային հրդեհներից, անապատացումից սպասվելիք վնասների զրոյացում, բնապահպան նոր իրավիճակի (առայժմ քիչ ուսումնասիրված) ստեղծում,
-արոտների, խոտհարքների բերքատվության աճ մոտավորապես 3 անգամ, ինչը մեկ տարվա հաշվով հանրապետությունում կստեղծի մոտավորապես 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք հավելյալ արտադրանք:
ԳՅՈՒՂՄԵՔԵՆԱՅԻ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
-արտադրողականությունը՝ 1,2 հա/ժամ,
-մեկ ժամվա աշխատանքի մաքուր շահույթը՝ 100 ԱՄՆ դոլար (հա),
-մեքենայի մոտավոր գինը՝ 12000-15000 ԱՄՆ դոլար,
-հետգնման ժամկետը՝ մոտավորապես 1 տարի,
-մեքենայի սպասարկման տիրույթը՝ մոտավորապես 1 մեքենա 3 համայնքի համար:
ՄԵՔԵՆԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
(ՀԱՄԱՅՆՔՈՒՄ)
-մեքենան հավաքվում է արտերկրից, հիմնականում Ռուսաստանից, ներկրվող հանգույցներով,
-մեքենան նախատեսվում է հավաքել Գավառի «Բարեկամություն» ԲԲԸ-ում, որի տնօրենի հետ կա նախնական պայմանավորվածություն,
-մեքենան անցել է փորձաքննությունների, արտադրական և պետական փորձարկումների բոլոր փուլերը և երաշխավորվել է արտադրության 16000 օրինակով:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
-մեքենայի օգտագործման նպատակահարմարության հարցը քննարկվել է Համաշխարհային բանկի «Գյուղատնտեսություն» բաժնում և ներդրման հավանության է արժանացել:
ՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
-Գավառի «Բարեկամություն» ԲԲԸ-ի արոտներում (համայնքների արոտներում) շահառուների ներկայությամբ կազմակերպվում է մեքենայի արտադրացուցադրական գործընթացների ծանոթացում, սկզբնական և տարեվերջյան ցուցանիշների համադրում և արդյունքի գնահատում: Դրա հիման վրա ԲԲԸ-ում (համայնքներում) կազմակերպվում են մեքենայի արտադրությունը (հավաքը) և իրացումը: Մոտավոր հաշվարկներով հանրապետության պահանջարկը կկազմի 300 մեքենա (3 համայնքին՝ մեկ մեքենա):
Տեղեկանք արոտների վիճակի մասին ըստ Ազգային վիճակագրական ծառայություն ¥ԱՎԾ¤ և գյուղնախ-ի «Ագրոլրատու» (ԱԼ) պաշտոնաթերթի
1. Մեկ միլիոն հեկտար արոտի 60 %-ը կիսաանապատ է՝ մացառուտներ, թունավոր բույսեր, գուղձեր (ԱԼ, հ. 4, 2012, ԱԼ հ. 3, 2014):
2. Գործող արոտների բերքատվությունը նորմատիվից ցածր է 3-5 անգամ (ԱԼ հ. 4 2012,ԱԼ հ. 3, 2014):
3. Արոտների սննդանյութերի ¥ազոտ, ֆոսֆոր, կալիում և այլն¤ մոտավորապես 70 %-ը օգտագործում են չուտվող բույսերը (ԱԼ, հ. 4, 2012, ԱԼ հ. 3, 2014):
4. Գյուղամերձ արոտները վերածվել են անապատի. այնտեղ այլևս խոտ չի աճում (ԱԼ, հ. 3, 2010, ԱԼ, հ. 5, 2013, ԱԼ, հ. 8, 2014, ԱԼ, հ.3, 2014, ԾԻԳ , 2011):
5. ՈՒ պատահական չէ հայ մասնագետի իտալական բացահայտումը՝ կաթնատվության մակարդակով Հայաստանը աշխարհում նախավերջինն է (ԱԼ 25.06.2014 թ.):
6. Միայն վերջին տարիներին արոտները կրճատվել են 60000 հեկտարով (ԱՎԾ 2013, էջ 296.):
7. Խոտի գինը ավելացել է մոտավորապես 2 անգամ (2011 թ.` 34 դրամ/կգ, 2014 թիվ` 56 դրամ/կգ, ԱՎԾ) :
8. Ինչը հանգեցրել է կաթի և կաթնամթերքի մանրածախ գների էական աճին (աճը 2014-ին 2013-ի նկատմամբ` մոտավորապես 10 %:
9. Թեպետ վերջին տարիներին հանրապետությունում նկատվում է կաթի արտադրության համեմատական աճ՝ հիմնականում ներկրված անասունների հաշվին, սակայն բժշկական նորմատիվով 1 շնչի հաշվով 3 անգամ պակաս կաթ է արտադրվում, իսկ սպառման փաստացի քանակը 10 անգամ փոքր է այդ նորմատիվից (ԱՎԾ, 2013):
10. ՈՒ պատահական չէ գյուղնախարարի հայտարարությունը՝ մրցունակ անասնապահություն չունենք (ԱԼ, 08 .2014 թ.):
Առաջարկվող մեքենան կբարելավի առկա իրավիճակը և կկասեցնի սպասվող վտանգները:
Բ. Արևի և բիոէներգիայով աշխատող ֆերմերային բազմապիտանի տեղակայանք:
1. Էությունը. արևի և բիոէներգիայով տաքացնել օդը՝ այն օգտագործելով.
ա) ամռանը և վաղ աշնանը՝
-ջրազրկելու բանջարաբոստային կուլտուրաները, մրգեղենը, դեղաբույսերը, համային խոտաբույսերը, դրանցից, նաև խաղողիօղու թափուկներից ստացված անասնակերը` մսուրային շրջանի համար, իսկ
բ) ձմռանը և վաղ գարնանը`
-ծղոտի հենքի վրա գարու կանաչ զանգված (վիտամինային կեր) ստանալու համար,
-ծղոտի հակի և թռչնաղբի հենքի վրա լոլիկի, սմբուկի, պղպեղի և այլն, հարևանից շուտ սածիլներ աճեցնելու համար,
-ջուրը, շինությունները տաքացնելու համար:
2. Նպատակը. էներգիայի ոչ ավանդական աղբյուրների կիրառմամբ մեծացնել ֆերմերի շահույթը`արտադրանքի որակը բարձրացնելով, ինքնարժեքն իջեցնելով:
3. Արտադրանքի որակը բարձրացվում է.
ա) կաթ, միս, ձու. կենդանիներին, թռչուններին վիտամինացված կերով (գարու կանաչ զանգված) կերակրելով,
բ) բանջարաբոստանային կուլտուրաներ աճեցնելիս, առավելապես օրգանական պարարտանյութ օգտագործելով, ինչը նվազագույնի է հասցնում նիտրատների պարունակությունը բերքում (օրգանական պարարտանյութը ստացվում է ծղոտի հակի և թռչնաղբի համատեղ քայքայումից),
գ) ջրազրկված զանգված. ջերմաստիճանի և արևի ճառագայթների ազդեցության կարգավորմամբ:
4. Արտադրանքի ինքնարժեքն իջնում է ՝
ա) վիտամինային կերի առկայության շնորհիվ կենդանիների, հատկապես մատղաշի, աճը խթանելով և անկումը կրճատելով,
բ) շուրջ կլոր տարին տեղակայանքը օգտագործելով (նրա բազմապիտանիության շնորհիվ),
գ) օդը տաքացնելու համար պրակտիկորեն ծախսեր չանելով (օդը տաքացվում է ինչպես արևի էներգիայով, այնպես էլ ծղոտի և թռչնաղբի օգտագործումով):
5. Տեղակայանքի կառուցվածքը. բաղկացած է էներգետիկ և արտադրական բաժանմունքներից: Էներգետիկ բաժանմունքում կուտակվում է արևի և բիոէներգիան: Տաքացած օդը մտնում է արտադրական բաժանմունք, որտեղ իրագործվում են համար 2 դիրքում նշված գործընթացները:
6. Նորույթը. էներգետիկ բաժանմունքը ձեռքի ճիգով պտտվում է արևի հետագծով, ինչը, ի տարբերություն հանրապետությունում գործող արևային չորանոցների, թույլ է տալիս առավելագույն չափով օգտագործել արևի էներգիան (նորույթը ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից 24.05.02 թ. գյուտի արտոնագիր է ստացել ` հ. 1269 A 2 ):
7. Ծրագիրն իրացնելու ուղղությամբ կատարված աշխատանքները.
ա) պատրաստվել և փորձարկվել է պտտվող արևային ջերմակուտակիչ-օդատաքացուցիչ- ջրազրկիչի փորձանմուշը: Այս փորձանմուշով ջրազրկվել են առվույտը, սխտորը, ձկնեղենը, որպես անասնակեր օգտագործվող լոլիկի, խաղողի, մրգերի գործարանային խոնավ թափոնները:
բ) Փորձարկվել է ծղոտի հենքի վրա գարուց վիտամինային կանաչ զանգված ստանալու տեխնոլոգիան:
գ) ՈՒսումնասիրվել է ծղոտի հակերի և թռչնաղբի համատեղ օգտագործմամբ բանջարաբոստանային կուլտուրաների սածիլների վաղահաս աճեցման (ձմռանը և վաղ գարնանը) փորձը: Աշնանը և ձմռանը տաքացվել է փորձանմուշին կից գործող հավանոցը:
12. Եզրակացություն. առաջարկվող տեղակայանքը կարող է նպաստել ֆերմերի շահույթի ավելացմանը:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ