Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնացել է Արթիկ՝ հունիսի 24-ի հեղեղի հետևանքներին և պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Նրան ուղեկցել են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Վարչապետն այցելել է Արթիկի՝ հեղեղից տուժած թաղամասեր, եղել է մանկապարտեզում և դպրոցում: Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղի հետևանքով առաջացած իրավիճակի մասին և նշել, որ ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով՝ վնասները հաշվարկելու և կառավարություն ներկայացնելու համար:
Հովիկ Աբրահամյանը զրուցել է հեղեղի պատճառով տուժած քաղաքացիների հետ և հավաստիացրել, որ կառավարությունը բնակիչների կողքին է և օժանդակություն կհատկացնի: Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշել է, որ իրավիճակը մտահոգիչ է, սակայն հաշվարկներից հետո վնասներ կրած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի: