«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Նոյեմբերյան նոստրադամուսների ակտիվացումը

Նոյեմբերյան նոստրադամուսների ակտիվացումը
06.11.2012 | 12:11

16-րդ դարից սկսած նոստրադամուսների պակաս աշխարհը չի ունեցել, չի ունեցել և մինչև 16-րդ դարը, պարզապես նրանք ուրիշ անուն են ունեցել, իսկ Միշել Նոստրադամուսը եկավ ու մնաց իր կանխատեսումներով, որոնց ծավալն ու խորքը մինչև հիմա ամբողջությամբ հասու չեն: Գուցե դա հրաշալի է, որովհետև կանխատեսված կյանքն ավելի լավը չէ, ոչ էլ հեշտ է, ուղղակի այլընտրանքներ չի թողնում:

Հայկական քաղաքական ասպարեզում ևս նոստրադամուսների պակաս երբեք չի եղել: Ճիշտ է` ժամանակի ու տարածության մեջ խիստ սահմանափակված կանխատեսումներով, որոնք կատարվում են նույնքան պայմանական, որքան եղանակի տեսությունը, որ միշտ ճիշտ է, բայց ճիշտ օրը հայտնի չէ:
Նոյեմբերը ակտիվ սկսվեց: Նախ` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վերջին անգամ առաջադրվում է նախագահի թեկնածու, ու ակնկալեց հավաքական թեկնածու լինել: «Ժառանգություն» կուսակցության նախագահն ասաց. «Այսօր ես հայտարարում եմ նախագահական առաջիկա ընտրությունում իմ թեկնածությունն առաջադրելու մասին: Սա ես անում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն և կամք և մեղք այսօրվա իրավիճակի համար և ուզում է մասնակցել դրա հաղթահարման, ապաքինման և թողության»: Իրատեսական լինեն, թե չլինեն նրա հավակնությունները, ընդդիմադիր դաշտում որոշակի խոսքի նրա հայտն արժանի է գնահատանքի: Մարդը որոշել է, և մարդը հայտարարում է: Կհավաքականանա՞ ընդդիմությունը նրա կոչով: Հազիվ թե: Դեռ պետք է պարզել` ո՞վ և որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞վ ու ինչո՞ւմ է ընդդիմադիր, ո՞ւմ և ինչի՞: Պարզաբանման գործընթացը կարող է անակնկալ ավարտվել, երբ պարզվի, որ ընդդիմությունն ընդդիմադիր է ինքն իրեն: Եվ, հաստատ, ոչ Սեզար, ոչ էլ անգամ Միշել Նոստրադամուսի կարիքը չկա` պարզելու համար, թե ինչո՞վ ու ինչպե՞ս կավարտվեն Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական հավակնությունները:
Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ազնվորեն ու միանգամից ասաց, որ ինքը Նոստրադամուսը չէ ու «կարծիքներ (թերևս տեսակետներ) չի ուզում ասել, որոնք որևէ հիմնավորում չունեն»: Գուցե նա իսկապես էլ չգիտի` կառաջադրի՞ Գագիկ Ծառուկյանն իր թեկնածությունը, թե՞ կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, բայց դա չիմանալու համար Նոստրադամուս լինել պետք չէ, իսկ իմանալու համար` առավել ևս, որովհետև ծագումով հրեա ֆրանսիացուն շատ ավելի լուրջ ու գլոբալ խնդիրներ էին մտահոգում, ասենք` աշխարհի ճակատագիրը մինչև 6000 թվականը: Եվ որքան էլ անհասկանալի է` տարածության ու ժամանակի մեջ իր գլոբալ հարցադրումներով հանդերձ` Միշել Նոստրադամուսը գործնականում անտարբեր է Հովիկ Աբրահամյանի ռեալիստական կանխատեսումներին: Նույնիսկ այն դեպքում, երբ նա հերթական անգամ դառնում է շտաբի պետ` խորհրդարանական ընտրություններից հետո նախագահական ընտրությունների: Հայկական վերլուծական դաշտի նոստրադամուսներն էլ ջանում են որոշել` հրաժարական կտա՞ ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանը նորից, թե՞ նախագահական ընտրություններն այնքան կարևոր չեն, որքան խորհրդարանականը, հանուն որոնց նա թողեց պետության երկրորդ պաշտոնը: Եվ ոչ ոք իրեն չի հարցնում` իսկ ի՞նչ կփոխվի: Շտաբի աշխատանքը ով էլ ղեկավարի, ակնհայտորեն Սերժ Սարգսյանն ինքն է իր նախընտրական քարոզարշավը վարելու և ղեկավարելու:

Իսկ հետընտրական դերաբաշխումի մեջ ով որտեղ կլինի, կախված է նաև այն հանգամանքից, թե փետրվարի 18-ին միայն նախագահական ընտրություննե՞ր են լինելու, թե՞ նաև սահմանադրական հանրաքվե, որով, ինչպես առաջինը բարձրաձայնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, և երկրորդելով հաստատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետերի թիվը կավելացվի: Կլինի՞ (ե՞ն) փոխվարչապետ(երը) ԲՀԿ-ից, դա՞ կլինի այն գինը, որով ԲՀԿ-ն կդադարի այլընտրանքային ուժ լինելուց և կդառնա քաղաքական, նաև իշխանական, Միշել Նոստրադամուսը չի ասել, կամ ավելի ստույգ` այս հարցի պատասխանը նրա ժառանգության այն էջերում է, որ դեռ չեն վերծանվել: Բայց տրամաբանությունը պատասխան թելադրում է` ոչ միայն այդքանը: ԲՀԿ-ի կողմնորոշման գործընթացը, որով պայմանավորվում են քաղաքական այլ ուժերի քայլերը, իր տևականության մեջ է իմաստավորվում, փաստորեն, որովհետև երեք նախագահների եռանկյան մեջ իրեն որոնող կուսակցությունը դադարելու է հասարակությանն ու քաղաքական ասպարեզին հետաքրքրելուց, երբ հայտնիացնի իր դիրքորոշումը: Դադարելու է, որովհետև ինտրիգը սպառվելու է, և դերաբաշխումն ու փոխհատուցումը դառնալու են առտնին կյանք: ՈՒ եթե ԱԺ նախագահն ասում է, որ ինքը Նոստրադամուսը չէ, և ցանկություն է հայտնում, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն աջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությանը, հավատացեք, որ նրա նպատակը միայն «նախագահական ընտրություններին համերաշխ գնալը» չէ: Ով` ով, նա փորձով գիտի, որ նախընտրականից կարևորը հետընտրական իրավիճակն ու իրադարձություններն են, երբ քաղաքական դաշտը նոր տողից է սկսում գրել «Ով ո՞վ է» հարցի պատասխանը:
Թիվ երկու Նոստրադամուսի դափնիներին կարող էր հավակնել Արամ Մանուկյանը, եթե նրա կանխատեսումներն այդքան անհիմն չլինեին: ՀՀՇ վարչության նախագահին թվում է, թե ՀԱԿ-ը փորձում է միավորել ընդդիմադիր քաղաքական դաշտը: Եվ նույնիսկ` նրանց համախմբել լուրջ թեկնածուի շուրջ: Ռոմանտիկ ՀՀՇ-ականը համոզված է, որ եթե քաղաքական լուրջ ուժեր միավորվեն և նախագահական ընտրություններին գնան միասնական ընդդիմադիր թեկնածուով, հնարավոր կլինի համախմբել ժողովրդին. «Բայց միայն այն ժամանակ, երբ քաղաքական որոշ ուժեր` լուրջ ուժեր, միանան իրար»: Ամենազարմանալին. Արամ Մանուկյանն անկարևոր է համարում, թե կոնկրետ ով կլինի միասնական թեկնածուն: Ակներևաբար ՀԱԿ-ում էլ դժվար օրեր են ապրում` Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ կողմնորոշվում է, ոչ ինքնորոշվում, ոչ էլ նրանից հետո կան անձեր, որ, նույնիսկ եթե Նոստրադամուսը գուշակած լիներ, կդառնային նախագահի միասնական թեկնածուի թեկնածու: Մտահոգ մարդու իր որոնումներում Արամ Մանուկյանը մնալու է մենակ, որովհետև նա խորապես սխալվում է. Հայաստանին վաղուց արդեն ոչ թե մտահոգ, այլ գործունակ թեկնածու է պետք: Շատ ավելի տխուր Նոստրադամուս է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երբ ասում է, որ ՀԱԿ-ում որոշ մարդիկ շտապում են: Միանգամայն հակառակը` ՀԱԿ-ում շատերն են հապաղում: Հապաղում են բացել աչքերը իրականության վրա և հապաղում են որոշում ընդունել, որովհետև հույս ունեն, թե ինչ-որ ստանալիք դեռ մնացել է մեծ ու գեղեցիկ կարկանդակից, որ այդպես էլ չթխվեց: Բագրատյանը նոր է տեղեկացել, որ ՀԱԿ-ը համագործակցում է ԲՀԿ-ի հետ և, քանի որ «տակը բան չկա», սպասում է, որ կարևոր որոշումներն ընդունվելուց առաջ կքննարկվեն: Եթե չեն քննարկվում, հավանաբար, կարևոր չեն, կամ էլ որոշում չեն, պարզապես քաղաքականություն է, որ պիտի վարեն: Նույնիսկ եթե «հերթական անգամ հիմար կացության մեջ են ընկնելու»: Բնականաբար, այս պայմաններում, երբ ՀԱԿ-ի մի անդամը մյուսին պարտադիր հակադրվելու սկզբունքային անհրաժեշտություն ունի, միակ թեկնածուն մնում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ նա, ինչպես ցույց է տվել պատմությունը, քաղաքական կարճաժամկետ ակտիվությունից հետո, որը հաջողությամբ չի ավարտվում, քաղաքական լեթարգիական քնի մեջ է ընկնում: Առավել ևս` այսօր բոլորը նրա շուրջն արտահայտում են «անձնական կարծիք», այդքան «անձնականից» հետո դժվար է անանձնական որոշումներ կայացնել:
Նոստրադամուս թիվ 3-ը դարձավ Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակը, որ ներկայացրեց նախագահական ընտրություններին ընդառաջ անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները: «Ո՞Ւմ կընտրեիք նախագահ առաջիկա կիրակի օրը» հարցին 28 տոկոսը պատասխանել է` Սերժ Սարգսյանին, 19 տոկոսը` Գագիկ Ծառուկյանին, 11 տոկոսը` Ռոբերտ Քոչարյանին, 4 տոկոսը` Լևոն Տեր-Պետրոսյանին, 3 տոկոսը` Վարդան Օսկանյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին: 16 տոկոսը դժվարանում է պատասխանել, 11 տոկոսը չի ընտրի ոչ մեկին: Հարցումն իրականացվել է ողջ հանրապետությունում, հոկտեմբերի 9-20-ին, հարցմանը մասնակցել է 1067 մարդ, սխալների հավանականությունը 3 տոկոս է: Թերևս նոյեմբերյան նոստրադամուսների շարքում ամենաիրատեսը հոկտեմբերյան Gallup International Association-նն է, որ հրապարակում է անուններ և թվեր ու չի ներկայացնում մեկնաբանություններ: Թեպետ հասարակական կարծիքի վրա երբեմն ավելի շատ ազդում են թվերը, քան բառերը:
Ո՞վ հաջորդը ուսերին կնետի Նոստրադամուսի քղամիդը: Պատվիրվա՞ծ, պատճառաբանվա՞ծ, պահանջարկվա՞ծ կլինեն նոր Նոստրադամուսի կանխատեսումները: Կանխատեսումների՞, թե՞ կանխորոշումների ժամանակն է: Դեռ երեք ամիս կա նախագահական ընտրություններին և, ելնելով նոյեմբերյան ակտիվացումից, դեռ կլինեն անակնկալներ ու անկանխատեսելի իրադարձություններ: Քաղաքական քարտեզի խմբագրումից է կախված տնտեսական քարտեզի վերախմբագրումը` կարող են փոխվել թե՛ մասշտաբները, թե՛ տեղակայումները, թե՛ անունները: Եվ իսկապես կգա զրո comment-ների ժամանակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Համենայն դեպս ասեմ, որ Միշել Նոստրադամուսը ծնվել է 1503 թ. դեկտեմբերի 14-ին և վախճանվել 1566 թ. հուլիսի 2-ին: Եղել է բժիշկ, դեղագործ, ալքիմիկոս, բայց հայտնի է իր մարգարեություններով: 1555 թ. աստղաբաշխական առաջին ալմանախով` «Մագիստր Միշել Նոստրադամուսի մարգարեությունները», որ հիմա կոչվում են «Ցենտուրիաներ», ապա և Լիոնում հրատարակված 353 կատրեններով նա այնքան հայտնի դարձավ, որ նշանակվեց արքայական բժիշկ և աստղագետ: Նրա մարգարեությունների հիմնական թեման Եվրոպայի քաղաքական ապագան էր` մինչև Սատուրնի դարաշրջանը, որ նա անվանում է «Ոսկեդար»: Նոստրադամուսը վախճանվեց հոդատապի բորբոքումից` մինչ այդ գուշակելով իր մահվան օրն ու ժամը: Նրա շիրմին գրեցին. «Այստեղ հանգիստ են առնում նշանավոր Միշել Նոստրադամուսի ոսկորները, բոլոր մահկանացուներից միակի, որ արժանի դարձավ իր գրեթե աստվածային գրչով, շնորհիվ աստղերի ազդեցության, արձանագրել ամբողջ աշխարհի ապագա իրադարձությունները»: Բացահայտորեն 16-րդ դարում չգիտեին, թե ինչ է լակոնիզմը, նույնիսկ եթե գիտեին, թե երբ է աշխարհի վերջը: Միշել Նոստրադամուսը կանխատեսում էր հեթանոսության վերականգնումը Արևելքում. «Սրբություն սրբոցը կկործանվի հեթանոսներով, իսկ Հին ու Նոր կտակարանները կայրվեն ու կհալածվեն: Եվ այդ ժամանակ հակաՔրիստոսը կդառնա դժոխային կառավարիչ»: Ե՞րբ: 2242 թվականին, այսինքն` ունենք ամբողջ 230 տարի: Իսկ մինչ այդ ի հայտ կգան նոր նոստրադամուսներ և Սատուրնի դարաշրջանը կշարունակեն իրենց նոր մարգարեություններով:

Դիտվել է՝ 3219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ