Հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող 38 ընկերություն սեպտեմբերի 26-ի դրությամբ մթերել է 18331 տոննա համախառն պտուղ (ծիրան, դեղձ, խնձոր, բալ, կեռաս) և 25494,5 տոննա բանջարեղեն, որի մեջ հիմնականում գերակշռում է պոմիդորը (23399,0 տ): Զուգահեռաբար մթերվել է նաև վայրի բանջարեղեն (շուշան, սիբեխ, մանդակ, բոխի), ինչպես նաև կանաչ ընկույզ, թթենու և խաղողի տերև:
Ինչպես «Իրատես de facto»-ին ասացին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և ագրովերամշակման վարչությունում` առաջարկված պտղի (որից 8988,2 տոննան` ծիրան) ու բանջարեղենի հիմնական մասը մթերել են Արտաշատի «Արտֆուդ», Էջմիածնի «Բյուրակն», «ՄԱՊ», «Եվրոթերմ» ՓԲ, Արարատի «Բորոդինո» վերամշակման ձեռնարկությունների ընկերությունները:
Օպերատիվ տվյալներով` գինեհումքի վերամշակման 35 ընկերություն մթերել է նաև 71658,8 տոննա խաղող, որի հիմնական մասը գնել են Երևանի կոնյակի, «ՄԱՊ», «Պռոշյանի» և Երևանի կոնյակի, գինու, օղու գործարանները:
Նշենք, որ 2011 թվականի նույն ժամանակահատվածում մթերվել էր 6864,9 տ պտուղ, 32358 տոննա բանջարեղեն և 28842,4 տոննա խաղող:
Ըստ վարչության աշխատակիցների, պտուղբանջարեղենի (պոմիդոր, դեղձ, խնձոր) և խաղողի մեծածավալ մթերումները կավարտվեն հոկտեմբերի կեսերին, իսկ մասուրի, փշարմավի, նռի և սերկևիլի մթերումները կշարունակվեն մինչև տարեվերջ:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ