«Ձկան պաշարների վերականգնման» այս տարվա ծրագրի շրջանակներում, Սևանի կենսառեսուրսների վերարտադրությունն ապահովելու նպատակով, հոկտեմբեր-նոյեմբերին լիճ կարձակվի Սիսիանի և Ջերմուկի ձկնաբուծարաններում աճեցված 336 հազար հատ, տարբեր քաշի (3-5 գրամ) «Գեղարքունի» և «Ամառային իշխան» տեսակի մանրաձուկ:
Ինչպես «Իրատես de facto»-ին ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, ծրագիրը, որի համար ՀՀ պետբյուջեն հատկացրել է 59 մլն 500 հազար դրամ, կիրականացնեն «Սևան» ազգային պարկի, ՀՀ բնապահպանական պետական տեսչության, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները: Միջոցառմանը կհրավիրվեն ՀՀ նախագահի աշխատակազմի, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ըստ Ա. Ավալյանի, ծրագրի իրականացման համար 2006 - 2011 թվականներին ՀՀ պետբյուջեից հատկացվել է 279 մլն 386 հազար դրամ: Նշված ժամանակահատվածում Սևանա լիճ է բաց թողնվել 1 մլն 339 հազար հատ մանրաձուկ:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ