«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

...Ազգային-պետական հիմնահարցերը

...Ազգային-պետական հիմնահարցերը
07.09.2012 | 13:03

Վերջին օրերին հայաստանյան քննարկումների ամենակարևոր թեման Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին առանձնակի դաժանությամբ սպանած և հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնման և նախագահ Ալիևի կողմից ներում շնորհելու խնդիրն է: «Սաֆարովյան պատմությունը» ցնցեց ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային լրատվական դաշտն ու հասարակական կարծիքը: Ըստ էության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը Ադրբեջանի և Հունգարիայի իշխանությունների անպատասխանատու գործարքի պատճառով վտանգված է, քանզի ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով վերջին տարիներին ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակիորեն արժեզրկվեցին:
Հիշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտը բարելավելու վերաբերյալ վերջին տարիներին մի քանի համատեղ փաստաթղթեր են ստորագրել, բացի դրանից, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի առաջնորդները բազմիցս հանդես են եկել համատեղ հայտարարություններով, որոնց հիմնական մեխը եղել են արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունն ու կողմերի միջև վստահության վերականգնումը: Փաստորեն, մարդասպանին ազատ արձակելով, ադրբեջանական իշխանություններն ի ցույց դրեցին այն պարզ ճշմարտությունը, որ իշխանության պահպանման խնդիրն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը:
Պետք է նշել, որ «սաֆարովյան պատմությանը» պաշտոնական Երևանն արձագանքեց շատ կտրուկ և գրագետ կոմբինացիայով: Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրելը, այնուհետև նաև ՄԱԿ-ի անդամ երկրների դեսպանների հետ խորհրդակցությունն ու Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին հայտարարությունն ընկալելի էին ոչ միայն ներքաղաքական դաշտում և հասարակական ընկալումներում, այլև արտաքին աշխարհում: Նացիստ մարդասպան Սաֆարովի` ազատության մեջ հայտնվելու հանգամանքը լակմուսի թուղթ հանդիսացավ նաև Հայաստանի հասարակական-քաղաքական մտքի համար: Ըստ էության, հերթական անգամ ականատես դարձանք մի իրողության, երբ հասարակության տարբեր շերտեր, անկախ քաղաքական կողմնորոշումներից, սկսեցին նույնանման մտածել, համախմբվել և կոլեկտիվ մտածողության օրինակ ցուցադրել:
Սա խոսում է այն մասին, որ հասարակությունը միավորվելու, ընդհանուր նպատակ դնելու և կոլեկտիվ ջանքերով այդ նպատակին հասնելու մեծ պոտենցիալ ունի: Միևնույն ժամանակ այս իրողությունը բավականին բարդ կացության մեջ է դնում օլիգարխիային, քանզի ազգային խնդիրների շուրջ համախմբվելու հասարակական-քաղաքական գործընթացը ենթադրում է այնպիսի իրավիճակ, երբ օրվա հերոսն ու առաջամարտիկ-դրոշակակիրը դառնում են ոչ թե Հայաստանում այդքան հարգի դարձած օլիգարխները, այլ մտավորականությունն ու ազգային-պետական գործիչների թիմը (անկախ քաղաքական հայացքներից):

Ի՞նչ եք կարծում, «սաֆարովյան պատմության» վերաբերյալ հայկական օլիգարխիայի կարկառուն դեմքերից ո՞ր մեկի կարծիքն է հասարակության լայն զանգվածներին հետաքրքրում: Չէ՞ որ երկար տարիներ այդ նույն հասարակությունը տառապում է օլիգարխիայի ճիրաններում, նրանց ագահության և հավակնությունների պատճառով չի կարողանում ինքնադրսևորվել և բարենպաստ միջավայր ստեղծել հասարակական-քաղաքական կյանքի զարգացման համար:
Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ սեպտեմբերի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցել խորհրդի անդամ, թիվ մեկ օլիգարխի համբավ ունեցող, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս փաստը բավարար ուշադրության չարժանացավ վերլուծական շրջանակների կողմից, քանզի վերլուծաբանների մեծ մասը զբաղված էր ավելի կարևոր խնդիրների ուսումնասիրությամբ: ԱԱԽ նիստին Գագիկ Ծառուկյանի չմասնակցելու փաստը երկու տրամաբանական բացատրություն կարող է ունենալ. կամ ԲՀԿ առաջնորդը չի ցանկացել մասնակցել ԱԱԽ նիստին, կամ էլ նրան չեն հրավիրել: Երկու դեպքում էլ հայկական օլիգարխիայի ջահակիր Ծառուկյանը, մեղմ ասած, բարդ կացության մեջ է հայտնվում, քանզի ցանկություն չցուցաբերելու պարագայում նա ցուցադրում է, որ խնդիրն իրեն ընդհանրապես չի հուզում: Իսկ եթե չեն հրավիրել Ծառուկյանին ԱԱԽ նիստին, ապա ստացվում է, որ նա այդքան կշիռ և նշանակություն չունի որոշում կայացնողների շրջապատում, որ մասնակցի երկրի անվտանգության ապահովման կարևորագույն պետական օղակի նիստին, և ԱԱԽ անդամ հանդիսանալը զուտ ձևականություն է:
Լինենք անկեղծ. Գագիկ Ծառուկյանն ընդամենը օլիգարխ է, որը կարողացել է վայրի կապիտալիզմի պայմաններում ֆինանսական ռեսուրսներ կուտակել և դրանք գործածել քաղաքական գործընթացներում: Նա չունի այն կրթական հենքը, արժեհամակարգն ու ինտելեկտուալ կարողությունները, որ նրա կարծիքը հետաքրքիր լինի ԱԱԽ անդամներին, որոնցից յուրաքանչյուրը հայաստանյան չափանիշներով բավականին լուրջ կրթություն ստացած, պետական-քաղաքական ուղի անցած և իրենց ոլորտների խնդիրներին տիրապետող գործիչներ են: ՈՒստի և Գագիկ Ծառուկյանի անդամակցությունը ԱԱԽ-ին ավելի շատ ձևական, քան բովանդակային և կիրառական բնույթի է:
Կասկածից վեր է, որ Հայաստանում կգա մի ժամանակ, երբ հասարակությունը հանրային գործիչներից ինտելեկտուալ բարձր հատկություններ ունենալու հատկանիշներ է պահանջելու, և այլևս հնարավոր չի լինի ԱԱԽ կազմում Ծառուկյանի նման օլիգարխներ տեսնել: Նշենք, որ ԲՀԿ առաջնորդը սեպտեմբերի 4-ին ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, ի վերջո, խոսեց Սաֆարովի արտահանձնման մասին` պատերազմում մեր հաղթանակը, Ադրբեջանում Սաֆարովին հերոսացնելն ու բարեկեցիկ կյանքով ապրելն անհասկանալի ձևակերպումներով կապելով իրար: Նորից հարց է ծագում. ինչո՞ւ էր մի քանի օր շարունակ ԱԱԽ նիստին չմասնակցած, մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը համառորեն լռում:
Այս հարցի պատասխանը, թերևս, պետք է որոնել բազմիցս շրջանառված այն տեղեկություններում, համաձայն որոնց` ԲՀԿ թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, և հենց նա է որոշում ԲՀԿ-ի ստրատեգիական նշանակության բոլոր քայլերը: Քաղաքականությունը պատահականություններ չի ենթադրում, ուստի և պատահական չէր, որ Գագիկ Ծառուկյանն արտահայտվեց միայն Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից «սաֆարովյան արկածախնդրությունը» դատապարտող հայտարարության տարածումից հետո: Ինչևէ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող անթաքույց լարվածությունն էժանացնելու է Գագիկ Ծառուկյանի և հայկական օլիգարխիայի այլ ներկայացուցիչների քաղաքական բաժնետոմսերի գները, քանզի օրակարգում ազգային-պետական հիմնահարցերի առաջին սանդղակում հայտնվելը անխուսափելիորեն հարվածելու է օլիգարխիայի դիրքերին: Սա բնական երևույթ է, ուստի և հայկական օլիգարխիային սպառնում է անխուսափելի վախճան, հատկապես երբ պետական բարձրագույն իշխանությունը ևս սկսում է ընկալել օլիգարխներից ազատվելու անհրաժեշտությունը:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2835

Մեկնաբանություններ