«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իսրայելի և Թուրքիայի դիրքորոշումն Իրանի հարցում

Իսրայելի և Թուրքիայի դիրքորոշումն Իրանի հարցում
27.07.2012 | 03:38

Թուրք-իսրայելական ներկա հակամարտությունը տեղի է ունենում բավականին տարօրինակ իրողությունների պայմաններում, երբ երկու պետությունների միջև շարունակվում է ռազմատեխնիկական համագործակցությունը, որը կարելի է համարել ռազմավարական դաշինքի առանցքային տարր: Հատկանշական է, որ ո՛չ թուրք, ո՛չ իսրայելցի քաղաքագետներն ու փորձագետները, այդ թվում նաև` ԱՄՆ-ի հրեական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հակված չեն այդ հարաբերությունները գնահատելու որպես ռազմավարական և դրանք համարելու դաշնային: Այդուամենայնիվ, Իսրայելն ու Թուրքիան շաղկապված են շատ ավելի, քան արտացոլված է հրապարակային քաղաքական գրականության մեջ: Հետաքրքրություն է ներկայացնում Սիրիայի և հատկապես Իրանի խնդիրների առնչությամբ Իսրայելի և Թուրքիայի հայացքների ու դիրքորոշումների զուգորդումը, այդ թվում` իրանական միջուկային ծրագրի կապակցությամբ Իրանի վրա Իսրայելի ու ԱՄՆ-ի հնարավոր հարձակման առումով:
Թուրքիայի ու Սիրիայի, ինչպես նաև Թուրքիայի ու Իրանի հարաբերություններում տարբեր տեղաշարժերը, որ ձեռնարկում է Անկարայի չափավոր իսլամականների կառավարությունը, ոչ այլ ինչ են, եթե ոչ Մեծ Մերձավոր Արևելքում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու և դրանով իսկ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ երկխոսությունում դիրքերն ամրապնդելու ձգտում: Եթե Սիրիան, մեծ մասամբ մարտավարական նկատառումներով, հարկադրված է դիմել Թուրքիայի հետ հարաբերությունների մերձեցման, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զրկվել է գլխավոր գործընկերոջից և հայտնվել Իսրայելի հարաճուն ռազմատեխնիկական գերազանցության դեմ հանդիման, ապա Իրանը Թուրքիայի նախաձեռնություններին վերաբերվում է ավելի զգուշավոր: Իրանը շատ ավելի է պատասխանատու տարածաշրջանի աշխարհաքաղաքական ճակատագրի համար և մտադիր չէ Թուրքիայի հետ կազմելու տարածաշրջանային որևէ դաշինք, շարունակելով նրան համարել իրական և ռազմավարական հակառակորդ: Եթե Սիրիան հավակնում է արաբական երեք-չորս առաջատար պետություններից մեկի դերին, ապա Իրանի հավակնությունները շատ ավելի լայն են, և նա իրեն համարում է Մեծ Մերձավոր Արևելքի ու իսլամական աշխարհի առաջատար պետություն: Իրանի ղեկավարները միշտ կասկածներ են ունեցել, որ Թուրքիայի և Իսրայելի միջև գաղտնի համաձայնություններ կան Սիրիայի և Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացման վերաբերյալ, եթե ԱՄՆ-ը որոշակի ակտիվ գործողություններ սկսի այդ պետությունների դեմ: Ներկայումս նման ծրագրերի գոյության կասկածները մեծացել են, և հնարավոր է, որ Եվրոպայի առաջատար պետություններից մեկը հոգ տարած լինի, որ Իրանի ձեռքն ընկնեն այդպիսի ծրագրերի առկայությունը հաստատող փաստաթղթեր: Թուրքիան Իրանի հետ երկխոսությունում ձգտում է նմանություն անցկացնել Իրաքի դեմ ԱՄՆ-ի գործողության և Իրանի հանդեպ հնարավոր գործողության միջև: Այսինքն, նկատի է առնվում, որ Թուրքիան «հաստատ» չի մասնակցելու նման հնարավոր գործողությանը:
Այնուամենայնիվ, Իսրայելի ու Թուրքիայի գլխավոր շտաբները Սիրիայի և Իրանի դեմ ռազմական գործողությունների պլաններ են մշակում` ի դեպս, եթե ԱՄՆ-ը ցամաքային գործողություններ սկսի Իրանի դեմ: Ընդ որում, նրանք ստեղծել են համատեղ հատուկ խումբ, որը պետք է մշակի երկու պետությունների զինված ուժերի ռազմական գործողությունների այդ պլանը: Դրան կարելի է ավելացնել, որ Սիրիային և Իրանին հարվածներ հասցնելու Իսրայելի ու Թուրքիայի ծրագրերը, ըստ էության, մշակված են: Ճշգրտման կարիք ունի հետևյալը.
Իսրայելն ու Թուրքիան ավելի վաղ աշխատում էին իրենց մտադրությունները ԱՄՆ-ին ներկայացնել որպես զուտ պաշտպանական, եթե Իրանի դեմ ուղղված գործողությունները դուրս գան նախատեսված սահմաններից: Նրանք ԱՄՆ-ին հավաստիացնում էին, թե մտադիր չեն լայնածավալ հարվածներ հասցնել Սիրիային ու Իրանին, այլ խոսքը սահմանափակ հարվածների մասին է, եթե այդ երկրներն իրենց անվտանգությանը սպառնացող գործողություններ սկսեն:
ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է Իրանի դեմ ուղղված գործողությանը միջամտելու Իսրայելի մտադրությունից, սակայն այդ անհանգստությունը, փաստորեն, միայն պետդեպարտամենտն է արտահայտում, իսկ Պենտագոնը լիովին հնարավոր է համարում Իսրայելի սահմանափակ մասնակցությունը, եթե Իրանն օդային հարձակում ձեռնարկի Իսրայելի դեմ: ԱՄՆ-ի և Իսրայելի քննարկումներում Իրանի դեմ հնարավոր գործողությանը Իսրայելի մասնակցության որևէ տարբերակ, որպես այդպիսին, չի նախատեսվում: Քննարկվել է միայն Իսրայելի անվտանգության հարցը` Իրաքի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության տեսանկյունից:
Հարկ է նշել, որ Թուրքիան ավելի նվազ արմատական դիրքորոշում ունի, քան Իսրայելը: Թուրք զինվորական և քաղաքական գործիչները չեն ուզում իրենց երկիրը ներքաշել Սիրիայի, առավել ևս Իրանի դեմ պատերազմի մեջ: Վերջին ժամանակներս Թուրքիան շատ սերտ հարաբերություններ է հաստատել Սիրիայի հետ: Իրանի հետ հարաբերությունները, տարբեր գնահատականներով, շարունակում են լարված մնալ, սակայն Թուրքիան այնպիսի հավակնություններ չունի Իրանի նկատմամբ, որոնք պատերազմական գործողությունների պատճառ դառնային: Այդուամենայնիվ, որպես հակաիրանական ընդդիմության հնարավոր մասնակից, Թուրքիան վախենում է հայտնվել տարածաշրջանային մեկուսության մեջ և չի կարող անտեսել Իսրայելի առաջարկությունները, ինչպես նաև հաշվի չառնել իրադարձությունների հնարավոր ընթացքը և Իրանի դեմ պատերազմը տարածաշրջանային ընդհանուր պատերազմի վերաճելու հանգամանքը:
Իսրայելն ու Թուրքիան ԱՄՆ-ին առաջադրում են հետևյալ փաստարկները. Սիրիայի և մյուս արաբական պետությունների հնարավոր ռազմաքաղաքական ու նյութական օգնությունն Իրանին, Իրանի կողմից Սիրիայի և Իրաքի հաղորդուղիների և ենթակառուցվածքների օգտագործումը, արմատական տարբեր զինված կազմակերպությունների կողմից Սիրիայի և Իրանի տարածքների օգտագործումն Իսրայելի, Թուրքիայի և թուրքական զինված ուժերի դեմ, Իրանի զինված ուժերի և ռազմատեխնիկական միջոցների, նրա խոշոր նյութական միջոցների ու ղեկավարների հնարավոր ներկալումը Սիրիայի և Իրաքի տարածքում:
Բացի Իսրայելի ու Թուրքիայի կողմից մշակվող ռազմական պլաններից, Իսրայելը մշակել է նաև Սիրիային հարվածներ հասցնելու ինքնուրույն ծրագիր: Ըստ այդմ, ենթադրվում են ոչ միայն Սիրիայի տարածքում գտնվող առանձին ռազմական օբյեկտներ, այլև Սիրիայի զրահատանկային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերին էական վնաս պատճառելու գործողություններ: Իսրայելը նման նպատակներ է առաջարկում նաև Թուրքիայի հետ մշակվող ծրագրերում:
Իսրայելն ու Թուրքիան անհանգստացած են Սիրիայի ու Իրանի աջակցությամբ իրենց տարածքներին իսլամական զինվորական կազմավորումների հնարավոր հարվածների կապակցությամբ: Դա հիմնական սպառնալիքն է և, ամերիկացիների պատկերացմամբ, հիմնական փաստարկն է Սիրիային և Իրանին հասցվելիք զինված հարվածներին Իսրայելի և Թուրքիայի մասնակցության համար: Իսրայելն ավելի ու ավելի է Սիրիային և Իրանին մեղադրում ոչ միայն Լիբանանի հարավում, այլև Պաղեստինում «Հըզբոլլահի» գործունեությանն աջակցելու համար:
Պետք է ասել, որ ո՛չ Իսրայելին, ո՛չ Թուրքիային ձեռնտու չէ ստեղծել իրենց մասնակցությամբ, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի ու Հորդանանի հնարավոր անդամակցությամբ մի մեկուսի դաշնախումբ: Իսրայելն ու Թուրքիան կուզենային ստեղծել ԱՄՆ-Իսրայել-Թուրքիա տարածաշրջանային դաշնախումբ: Այդ դաշնախումբը ձեռք կբերի համաշխարհային ռազմավարական նշանակություն, և տարածաշրջանային անջատողական տարրերն այդքան սպառնալից չեն լինի: Այս կապակցությամբ, Իրանի դեմ գործողությանը մասնակցությունը հենց կհանգեցնի այդ դաշնախմբի ստեղծման ավելի նախընտրելի պայմանների: Դրա հետ մեկտեղ, ներկա իրավիճակում խոսք լինել չի կարող նման ձևաչափի դաշնախմբի մասին:
Հարկ է նշել, որ Իրանի նկատմամբ Իսրայելը, ըստ երևույթին, մշակել է նվազագույն ծրագիր և առավելագույն ծրագիր: Նվազագույնը ներառում է իրանամետ արմատական կազմակերպությունների, այդ թվում` Լիբանանում գտնվող իրանական հրահանգիչների, ինչպես նաև իրանամետ արմատական կազմակերպությունների քաղաքական և ռազմական պարագլուխների ոչնչացում: Առավելագույնը ենթադրում է հարվածներ Իրանի ռազմածովային նավատորմին, միջուկային և այլ բարձրտեխնոլոգիական օբյեկտներին, Իրաքի ուժերին, որոնք կարող են Իրանի տարածքում կենտրոնացվել գործողության ընթացքում կամ դրանից հետո:
Իսրայելի ու Թուրքիայի համատեղ մտադրությունները ենթադրում են նաև իրանական գործողության միջոցով զգալիորեն խարխլել սոցիալ-քաղաքական իրադրությունը Եգիպտոսում, Սիրիայում, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում, Լիբանանում: Այդ դեպքում արաբական և իսլամիստական ստվարաթիվ արմատականների գործունեության հիմնական ասպարեզ կդառնան Իրաքը, Սիրիան, Լիբանանը: Իսրայելի ու Թուրքիայի քաղաքական ղեկավարները լավ են պատկերացնում, որ Իրանի ռազմական պարտությունը տարածաշրջանում երկարատև կայունություն չի ապահովի և առճակատման պատմական նոր ժամանակաշրջանի սկիզբ կդառնա: Ավելին, Իրանի ներկա վարչակարգի ոչնչացումը տարածաշրջանում առաջ կբերի նոր հակաամերիկյան և հակաիսրայելական շարժումներ: Սակայն Իրաքի դեմ իրականացվող գործողության ավարտը ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին հնարավորություն կտա կոշտ գործողություններ ձեռնարկելու Իրանի դեմ: ՈՒստի Իսրայելի ու Թուրքիայի ծրագրերը, ավելի շուտ, ուղղված են ոչ թե կարճաժամկետ, այլ միջնաժամկետ խնդիրների լուծմանը:
Այն դեպքում, եթե պատերազմական գործողությունները տարածվեն Ասիայի վրա, Թուրքիան նախ վերջնագիր կներկայացնի Սիրիային` որոշակի պահանջներ ընդունելու նկատառումով: Այդ հեռանկարն արդեն գծագրվում է Թուրքիայի և Սիրիայի ներկա հարաբերություններում, չնայած երկու պետությունների միջև մերձեցման ցույցին: Թուրք քաղգործիչներն ու զինվորականները Սիրիային հասկացնում են, որ երկու երկրների հարաբերությունների զգալի բարելավումը կարող է «ի չիք» դառնալ, եթե Սիրիան ներգրավվի տարածաշրջանի առաջիկա իրադարձությունների մեջ: Ներկայումս Թուրքիային և Սիրիային միավորում է քրդական խնդիրը, որի հանդեպ երկու երկրներն ունեն միանման մոտեցումներ: Սակայն Թուրքիայի քաղաքական վարքագծի գլխավոր շարժառիթը ձգձգվող և անկանխատեսելի տնտեսական ճգնաժամն է, քաղաքական իրական կայունության բացակայությունը, նշանակալի հակասությունները Թուրքիայի քաղաքական ու զինվորական ղեկավարության միջև, պահպանվող սպառնալիքը իսլամականների ու քրդերի կողմից: Թուրքիան շահագրգռված չէ ոչ միայն Իրաքի, Սիրիայի և Իրանի դեմ ուղղված պատերազմով, այլև առհասարակ պատերազմով: Այս տրամադրություններն են գերիշխում Թուրքիայի քաղաքական և հասարակական շրջանակներում: Զինվորականները, ընդհանուր առմամբ, նույնպես այդ դիրքորոշմանն են: Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի հենց զինվորական շրջանակներում են հասկանում, որ տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության մեջ Թուրքիայի պասիվությունը կարող է հանգեցնել երկրի մեկուսացմանը, հստակ արտքաղաքական կուրսի բացակայությանը: Այն, որ Թուրքիան չմասնակցեց Իրաքի դեմ պատերազմին, առավելություն չբերեց նրան և` ոչ միայն կարճաժամկետ հեռանկարում: Ավելի տևական հեռանկարում ևս այդ դիրքորոշումը Թուրքիային ոչ մի առավելություն չի ընձեռի ո՛չ արաբական պետությունների, ո՛չ Իրանի, ո՛չ էլ Իսրայելի հետ հարաբերություններում:
Իսրայելն ու Թուրքիան լրջորեն վախենում են, որ Իրանի դեմ պատերազմը կվերաճի համատարածաշրջանային պատերազմի, պատերազմական գործողությունները կտարածվեն Թուրքիայի և Իսրայելի տարածքների վրա, պատերազմական գործողությունների մեջ կներքաշեն տարածաշրջանի այլ պետությունների: Թուրքիայի և Իսրայելի գլխավոր շտաբների մշակած պլանը ներառում է օդային հարվածներ առանձին օբյեկտների, ինչպես նաև զանգվածային հարվածներ Սիրիայի և Իրանի զինված ուժերին: Եվրոպական փորձագետների ունեցած տեղեկությունները վկայում են Իսրայելի և Թուրքիայի սահմանափակ մտադրությունների մասին: Հենց այդ տեղեկություններն են հայտնի արաբական քաղաքական շրջանակներին, Հունաստանի ու Ֆրանսիայի կառավարություններին, սակայն չի բացառվում, որ Իսրայելի ու Թուրքիայի ղեկավարություններն ունենան նաև այլ` ավելի ընդարձակ ծրագրեր:
Միաժամանակ, միանգամայն այլ ակնկալիքներ կան Իրանին հարվածներ հասցնելու Թուրքիայի և Իսրայելի պլանների զարգացման առումով: Բանն այն է, որ ԱՄՆ-ը մտադիր է Իրաքում լայն ներկայություն ծավալել, նկատի ունենալով Աֆղանստանում ռազմական ներկայության նշանակալի և սկզբունքային ընդլայնումը, ինչը պայմանավորված է Եվրասիայում Չինաստանի նվաճողամտության զսպման երկարաժամկետ ծրագրերով: Իսրայելն ու ԱՄՆ-ում նրա բարեկամները ծայրաստիճան դժգոհ են այդ մտադրություններից և ձգտում են որոշ չափով ազդել այդ ծրագրերի վրա կամ մեծացնել Իսրայելի անվտանգության համար ԱՄՆ-ի երաշխիքները: Թուրքիան փոքր-ինչ այլ վերաբերմունք ունի ԱՄՆ-ի ծրագրերի նկատմամբ: Նա կցանկանար, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի թուլացումը հանգեցներ հենց Թուրքիայի նշանակության մեծացմանը, ընդ որում, ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Եվրամիության համար: Իհարկե, Թուրքիան պատրաստ չէ այդ տարածաշրջանում կատարելու այն գործառույթները, որ այժմ կատարում է ԱՄՆ-ը, ասենք, նրան ոչ ոք թույլ չի էլ տա ստանձնել այդ գործառույթները: Սակայն իրավիճակի զարգացումը կհանգեցնի նրան, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության թուլացումը առճակատման սաստկացման պատճառ կդառնա տարածաշրջանում, նախ և առաջ Թուրքիայի ու Իրանի, Սաուդյան Արաբիայի և Ծոցի արաբական պետությունների ու Իրանի, հնարավոր է նաև Սիրիայի ու Թուրքիայի միջև: Թե տարածաշրջանային այդ առճակատման մեջ ինչ դեր կունենա Իրաքը` առայժմ շատ դժվար է ենթադրել: Համենայն դեպս, հիմքեր չկան կարծելու, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայության թուլացմամբ առճակատումը կմեղմանա և առաջատար պետությունները կթևակոխեն սերտ համագործակցության փուլ, առավել ևս, եթե ուժի մյուս երկու համաշխարհային կենտրոնները` Եվրամիությունն ու Ռուսաստանը, առաջ անցնեն իրադարձություններից, ընդլայնեն իրենց դիրքերը տարածաշրջանում և դրանով նյարդայնացնեն ԱՄՆ-ին:
Այդ իրավիճակում, երբ արտաքին գործոնների նշանակությունը կնվազի կամ, ավելի ճիշտ, արտաքին գործոնները տարածաշրջանի պետություններին ցույց կտան իրենց երևութական բացակայությունը, կառաջանա տարածաշրջանային «դասականություն» և արագորեն կկազմավորվեն դաշնազույգեր Թուրքիայի և Իսրայելի, Իրանի և Սիրիայի միջև, հնարավոր է, որ Սաուդյան Արաբիան արագացնի պետությունների իր դաշնախմբի զարգացումը: Պայքար կսկսվի Իրաքում ազդեցության համար, կմեծանա Եգիպտոսի դերը: Այդ հեռանկարում թուրք-իսրայելական դաշնազույգը, վերջապես, նոր գծեր ձեռք կբերի և ռազմաքաղաքական կարևորագույն գործոն կդառնա Մերձավոր Արևելքում: Մնալով առանց ԱՄՆ-ի պատշաճ աջակցության, Վրաստանն ու Ադրբեջանը կընդգրկվեն այդ դաշնախմբի մեջ որպես կրտսեր գործընկերներ, թեև ԱՄՆ-ը կկարողանա առանց մեծ ջանքերի կովկասյան այդ երկու պետությունները պահել պահեստային տարանցիկ միջանցքի «օբյեկտների» շարքում: Ռուսաստանը հազիվ թե կարողանա այդ իրավիճակում վճռորոշ դեր խաղալ տարածաշրջանում, և Հայաստանը ստիպված կլինի նոր հարաբերություններ ձևավորել իրանա-սիրիական դաշնազույգի հետ: Այս իրավիճակում ոչ մի պետություն չի ցանկանա միայնակ մնալ, և բոլոր երկրները կշտապեն մտնել այս կամ այն դաշինքի մեջ: Արդի համաշխարհային քաղաքականության մեջ ոչինչ այնքան խաբուսիկ ու ժամանակավոր չէ, որքան այն իրավիճակը, որ այժմ ստեղծվել է Մերձավոր Արևելքում և, առաջին հերթին` այդ տարածաշրջանի առաջատար պետությունների փոխհարաբերություններում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 6631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ