ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՇՈՒՆ
Թատերական հրապարակում հանրահավաք էր:
Չէ՛, աշխարհահավաք չէր, որովհետև այն կանեին հանրապետության գլխավոր հրապարակում, որտեղ սովորաբար վճռվում են երկրի կարևորագույն հարցերը: Իսկ թատերական հրապարակում ընդամենը թատրոն էր:
Այստեղ խաղում էին Ֆրենսիս Ֆուկույամայի Հայոց ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՎԵՐՋԸ ողբերգությունը:
Գլխավոր դերում ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴՆ ԷՐ, ով արդեն ծեր էր ու ուժասպառ, ինչպես իր ազգը: Այս բեմում առաջներում խաղացել են Ջին Շարպի, Յոզեֆ Օվերտոնի գործերը և փայլուն հաջողություն են ունեցել: Իսկ հիմա հանդիսատեսը հոտնկայս ու դատապարտված լսում էր իր աղետը գուժող ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴՈՒ ԽՈՍՔԸ: Իրավիճակի ողբերգականությունն այն էր, որ բեմահարթակում կանգնած էին նրանք, որոնց հրապարակի մարդիկ մերժել էին երեք տարի առաջ, գրողի ծոցն ուղարկելով նրանց: Հրապարակի հետին պլանում նստած էին պարոններ, որոնց սցենարով էր բեմադրվում այս ֆարսը:
Եվ ահա, հանդիսականը այդ ամենակուլ բուրժույներին խնդրում էր օգնել իրենց ազատվելու գործող ՈՒԼՏՐԱՁԱԽ քաղաքական ուժից:
Ա՛յն ուժից, ում իրենք էին ընտրել ու վերընտրել ձայների բացահայտ առավելությամբ Երբ արդեն իջնում էր վարագույրը, բազմության միջից լսելի եղավ աղաղակ.
- ԲԱ ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՉԿԱ՞:
Հանգուցյալ բեմադրիչ Արմեն Մազմանյանն ասում էր. «Թատրոն եկողները միշտ ուզում են ինչ-որ բան տանել թատրոնից, մինչդեռ, թատրոնն այն տեղն է, որտեղ ինչ որ բան թողնում ես»:
Այդ օրը հանդիսատեսը ինչ-որ բան թողեց այնտեղ…
ԻՐ ՀՈՒՅՍԸ:
Աշուն է, շուտով կգա առաջին ձյունն ու կծածկի հայոց արնաշաղաղ վիրավոր հողն ու ժամանակավոր ճերմակությունը անդորր կբերի մեր հոգիներին:
Խելքիդ ու գլխիդ ձյուն գա` ասում են հայերը:
Հետաքրքիր է՝ տեսնես ու՞մ են ասում:
Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)