Մարդ ինչից որ հաղթվում է, նրան էլ ծառա է (2 Պետրոս, 2:19):
Հազվադեպ չեն այն դեպքերը, երբ մեր ժամանակակից որևէ մեծ կամ փոքր գործիչ իր ուժերի բեղուն շրջանում մի դիպվածով՝ կամ հանկարծամահ է լինում կամ մի այսպես կոչված դժբախտ պատահարի և, որ առավել ցավալի է, սպանության արդյունքում զրկվում է կյանքից, հարուցելով շատերի տարակուսանքն ու ապշանքը, թե ինչու նրա հետ դա պատահեց կամ թե ինչու ԱՍՏՎԱԾ թույլ տվեց, որ դա տեղի ունենա, չէ՞ որ ՆԱ Մարդասեր է, Գթառատ և Ամենողորմ:
Քիչ չեն մարդիկ, ովքեր իրենց կյանքի ընթացքում ոտնահարելով ամեն մի հոգևոր ու բարոյական չափանիշ և արժեք, իրենց պաշտոնական առաջխաղացումն են իրականացնում և հասարակության մեջ բարձր դիրքերի հասնում:
Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կանվանեն և բարին՝ չար, որոնք լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս, որոնք դառը քաղցր կհամարեն և քաղցրը՝ դառն (Եսայի, 5:20):
Հավանաբար կարելի է ենթադրել, որ նրանք իրենց կյանքի որոշակի փուլում չարի հետ համագործակցության այսպես կոչված «պայմանագիր» են կնքել: Սա պետք չի պատկերացնել միայն այնպես, ինչպես առասպելներում և հեքիաթներում են ներկայացված՝ արյամբ ստորագրելով ու կնքելով, թեկուզ և դա էլ չի բացառվում: Երբ մարդն աճուրդի է հանում սեփական խիղճը, հոգին, արդարության և ձեռնտու շահեկանի միջև նախընտրում է երկրորդը, ապա այդ վաճառքի արդյունքում՝ աննյութական պարտամուրհակը տալիս է մարդկության հակառակորդին, այլևս դառնում է նրա գերին, կամակատարը և հենց նրա ծրագրերին է ծառայում:
Ով որ գիտե, թե ինչ է բարին, և չի անում, նրա համար դա մեղք է (Հակոբոս, 4:17):
Մարդիկ զարմանքով հետևում են նրանց սրընթաց առաջխաղացմանը՝ պետական, քաղաքական, ռազմական, տնտեսական, աշխարհիկ, հոգևոր և այլ ոլորտներում ու որևէ տրամաբանական բացատրություն չեն կարողանում բերել այդպիսի վերելքի համար: Երբ թվում է, որ այդպիսի ամբարիշտ կերպար ունեցող որևէ մեկը պետք է մերժվեր հասարակության լայն շերտերի կողմից և պախարակվեր, տեղի է ունենում ճիշտ հակառակը: Նրանցից շատերը, իրենց հոգիների խորքերում հիմնականում լավ էլ գիտակցում են իրենց գործերի ու վարքի անընդունելի լինելու մասին, սակայն ավաղ, շարունակում են այդպիսի կյանքը՝ իրենց շրջապատի համար հանդիսանալով որպես լուրջ գայթակղություն:
ՏԷՐԸ չի ուշացնի ԻՐ խոստումը, ինչպես կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն (2 Պետրոս, 3:9)
Հետագայում ինչ-ինչ հանգամանքների, տաբեր ազդակների ներգործությամբ տեսնում ենք, որ կարծես, թե նրանց գործունեությունում ինչ-որ տեսանելի փոփոխություններ են տեղի ունենում՝ սկսում են խոսել բարոյականությունից, արդարությունից, խղճից:
ՏԷՐՆ ԻՐ արարած ոչ մի մարդու կորուստը չի ուզում, այլ նրա դարձը և փրկությունը: Հենց դրա համար էլ, միայն ԻՐ Նախախնամությամբ բացատրվող պայմաններ է առաջադրում յուրաքանչյուրի համար, որպեսզի դրանցից բռնվելով, ինչպես փրկության օղակից, ամեն մեկն էլ գտնի իր դարձի, ապաշխարության և փրկության ճանապարհը:
Ամբարիշտը թող հրաժարուի իր ընթացքից, անօրէն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնայ Տիրոջ մօտ՝ եւ ողորմութիւն կը գտնի, մեր Աստծու՛ մօտ, որը բազմապատիկ թողութիւն պիտի շնորհի ձեր անօրէնութիւններին (, 55։7)։
Եվ երբ մարդն սկսում է իր ներսը, անցյալը նայելով գնահատել ապրած կյանքը և որոշակի խմբագրումներ կատարել իր վարքում, փոփոխություններ իրականացնելով թեքել կյանքի ընթացքը և ՏԻՐՈՋ ճանապարհն ընտրելով գնալ ՆՐԱ Լույսի ուղղությամբ, ՏԷՐԸ մեկնում է ԻՐ Ձեռքը, բռնում յուրաքանչյուրին և օգնում վերջնականապես կտրվելու անցյալի մեղքերի գերության կաշկանդող բոլոր կապանքներից, մաքրում ամեն ախտից ու ապականությունից, նոր պատմուճան է հագցնում և ԻՐ Ազատությունն է շնորհում:
Վա՜յ վատթար սրտերին, հուսալքված ձեռքերին և այն մեղավորին, որ քայլում է երկու շավիղներով (Սիրաք, 2:13):
Բայց, երբ մարդը երկար ժամանակ տատանումների մեջ է մնում, չի կարողանում հաղթահարել իր հպարտությունից ծնունդ առած տարբեր վախերն ու ամոթը, չի ուզում կամ չի կողմնորոշվում վերջնական ու վճռական քայլ կատարել դեպի ՏԻՐՈՋ Ճամբարը և, որ առավել վատ է, երբ փորձում է դեգերել, խաղեր տալ չարի ու Բարու միջև, ձգտելով օգուտներ քաղել միաժամանակ այս և այն զորություններից, ապավինում է իր մարդկային խելքին, ճարպկությանը, հնարամտությանն ու խորամանկությանը, ի վերջո հայտնվում է մի այնպիսի անորոշության մեջ, երբ նա չի գտնվում ՏԻՐՈՋ Զորավոր Հովանավորության ու Պաշտպանության ներքո, իսկ չարի ձեռքերն էլ դեռևս խիստ հասանելի են իրեն:
Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող, որորվհետև, եթե մեկին ատի, մյուսին կսիրի կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարհի: Չեք կարող և՛ ԱՍՏԾՈՒՆ ծառայել և՛ մամոնային (Ղուկասի Ավետարան, 16:13):
Հենց այդ ձգձգվող անորոշության ընթացքում էլ, ժամանակին իր հետ կնքած պայմանագրի պարտամուրհակով հաստատված իրավական ուժի իրավունքով ու զորությամբ՝ չարը, որն իր պարտապաններին երբեք լրացուցիչ ժամանակ չի տրամադրի ու թույլ չի տա, որ նրանք տևականորեն գտնվեն տատանումների մեջ, ձեռնարկում է իրականացնելու իրեն վերապահված գործողություններ՝ տվյալ մարդու հոգին կործանման հասցնելու համար: Սա էլ յուրաքանչյուրին ՏԻՐՈՋ կողմից տրված ազատ կամքով կատարված ընտրության ու կողմնորոշման արդյունքն է, մենք էլ վկա ենք լինում, թե ինչպես այս կամ այն գործիչը անսպասելի մահանում է, հասկանալի կամ անհասկանալի, բացատրվող կամ չբացատրվող որևէ դիպվածով:
Վա՜յ հուսաբեկ սրտին, որ չի հավատում, դրա համար էլ նա չի գտնի պաշտպանություն (Սիրաք, 2:14):
Չարից հրաժարվելու, իր անցած կյանքի վերանայմամբ, վճռականորեն ՏԻՐՈՋ կողմն անցնելու լավագույն օրինակ է հանդիսանում խաչելության ժամանակ աջակողմյան ավազակը՝ ի տարբերություն մյուսի, որը նույնիսկ մահվան եզրին, կառչած մնաց իր մոլորությունից, հպարտությունից ու ի՛ր ընտրությունից՝ կորստյան մատնելով իր անմահ հոգին: Ճիշտ է երկուսն էլ կնքեցին իրենց մահկանացուն, բայց մինչ այդ, աջակողմյանը արագ, կտրուկ ու այլևս անդառնալի կերպով իր համար ՏԷՐ ու ՓՐԿԻՉ է ընդունում ՀԻՍՈՒՍԻՆ, պատռելով բոլոր պարտամուրհակները, դեն նետելով դրանք, որոնք հավանաբար իր ողջ կյանքի ընթացքում բազմաթիվ են եղել, հույսով ու հավատով դիմում է ՆՐԱՆ՝ իր հոգու փրկության առավելագույն ակնկալիքով:
Եվ ասաց ՀԻՍՈՒՍԻՆ. «Հիշի՛ր ինձ ՏԷ՛Ր, երբ գաս ՔՈ Թագավորությամբ»: Եվ ՀԻՍՈՒՍ նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ԻՆՁ հետ դրախտում կլինես» (Ղուկասի Ավետարան, 23:42-43):
«Միաբանություն վասն ապաշխարության»
Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ