(սկիզբը` այստեղ)
Մայքլ Դրիսի առաջին մարգարեության մասին նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ Տիրոջ նախախնամությամբ իմ ձեռքն ընկավ նրա երկրորդ խոսքը Հայաստանի մասին. մի երկրի, որ այս մարդու համար անհայտ հողից վերածվել է իր հոգևոր եղբայրների հայրենիքի: Ես դա հասկացա, երբ մի քանի անգամ ուշադիր լսեցի բոլորովին վերջերս համացանցում հայտնված այդ ձայնագրությունը: Ինձ համար այն շատ արժեքավոր էր, քանի որ մեկ անգամ ևս համոզվեցի, որ այս հավատացյալ մարդը ժողովուրդների գլխի տակ փափուկ բարձ չի դնում քաղցրահունչ խոսքերով, այլ փոխանցում է Տիրոջ կողմից ստացածը:
-Ես ամեն կերպ փորձում եմ չազդվել ԶԼՄ-ների հրապարակումներից, լուրերին չեմ հետևում, որպեսզի դրանք Աստծո ձայնը չխլացնեն: Իսրայելին վերաբերյալ ինչ-որ գրառումներ անում եմ իհարկե, բայց Հայաստանի մասին քիչ տեղեկություններ ունեմ:
Երբ սկսեցի խոսել Աստծո հետ, ինձ հետևյալը հայտնվեց: Ես տեսա ձեր ազգի մեջ Սուրբ Հոգու կողմից վառված շատ ճրագներ, հետո դրանք սկսեցին նվազել՝ կարծես թե ինչ-որ մեկը փորձում էր շիջել դրանք: Այդ ճրագների յուղը Երկնքի Արքայությունը ներկայացնող մարդկանց միաբանությունն էր (ուշադրություն դարձրեք՝ ո՛չ քաղաքացիների, ո՛չ ազգայնականների, ո՛չ կուսակցությունների, ո՛չ զինվորների, այլ՝ Արքայության մարդկանց: Ովքե՞ր են Արքայության մարդիկ. քանակով՝ ամենանվազը, իշխանությամբ՝ ամենափոքրը, ունեցվածքով՝ ամենաաղքատը, ազդեցությամբ՝ ամենաթույլը: Բայց ինչ լինելու է մեր երկրում՝ նրանցով է լինելու, քանի որ ավարտվել է մարդկանց գործելու ժամանակը և հասել է Տիրոջ գործելունը):
-Այնուհետև Գեդեոնի մասին խոսքը տրվեց ինձ, ըստ որի Աստված մեծ բաներն անում է փոքրաթիվ մարդկանց միջոցով: Աստծո Հոգին ինձ ասաց՝ մարդիկ այստեղ հեղափոխության են սպասում, բայց դա անցյալից տարբերվելու է: Դա հոգևոր հեղափոխություն է լինելու: Երբ գա այն պահը, որ լարվածությունն ամենամեծ աստիճանին հասնի, և մարդկանց թվա, որ հույսի վերջին ցոլքերն արդեն մարում են, հենց այդ պահին Աստված կուղարկի իր յուղը և այդ ճրագները կտարածվեն ամենուր, ու այլևս անհնար կլինի դրանք հանգցնել (գալիս է այն ժամանակը, որ մարդկանց վրա հույս դնողները պիտի ամաչեն, հզորները գլխիկոր քայլեն, ճանաչված անունները արհամարհվեն, ու Տերն ինքը պիտի գործի):
-Սա չի լինի մարդկային մեծ զանգվածների միջոցով, այլ այն փոքրաթիվ մարդկանց, որոնց Տերը երկար տարիներ շարունակ պատրաստել է ձեր ազգի մեջ: Սա չի լինի հայտնի մարդկանց՝ առաջին դեմքերի, նախարարների, հին հեղինակությունների միջոցով, այլ այնպիսի մարդկանց, որոնց անուններն էլ չեք լսել, բայց նրանց հոգիները ճառագում են Քրիստոսի լույսով:
Եկել է ժամանակը, երբ Քրիստոսի եկեղեցին պետք է համարձակորեն խոսի և հռչակի Աստծո խոստումները, այլ ոչ թե խեղճի պես ողորմություն խնդրի:
Երբ ճնշումները սաստկանան, պիտի միաբանվեն կղերականներն ու հոգևոր անհատները, որոնք երբեմնի հակառակորդներ են եղել... (Փետրվարի 24-ի պիղծերի երթը դեպի Սուրբ Էջմիածին իսկապես միաբանելու է հավատացյալներին ու անհավատներին, կղերական վերնախավին ու նրանց հետ տարաձայնություններ ունեցող հոգևոր մարդկանց՝ ինչպես Մեծ Հայրենականը միավորեց բոլշևիկներին ու նրանց կողմից հալածվող հոգևորականներին, կարմիրներին ու սպիտակներին, անգետներին ու գիտնականներին, քանի որ բոլորն էլ հասկացան, որ թշնամին ընդհանուր է և գոյաբանական սպառնալիք է պարունակում բոլոր ազգերի, խավերի ու տեսակների համար):
-Տիրոջ աչքն այն մարդկանց վրա է, ովքեր նվիրված են Իրեն...
Ես մի պայթուցիկ եմ տեսնում, որի պատրույգն արդեն վառվում է...
Ես հիշում եմ, որ Տերն ասաց, թե Ինքը կկռվի այս ազգի համար և առաջնորդներ կպատրաստի: Մի գիշերում պաշտոններ թափուր կդառնան - ազդեցիկ քաղաքական պաշտոններ, և դուք կզարմանաք, թե ինչպես սա պատահեց: Ինչպես Պետրոս առաքյալի բանտարկության ժամանակներում հավատացյալները միաբան աղոթք էին անում նրա՝ բանտից ազատվելու համար, և երբ նրան տեսան շղթաներից ազատ իրենց շարքերում ու չհավատացին, ասացին՝ սա նրա հրեշտակն է, այնպես էլ լինելու է Հայաստանում. մարդիկ երկար աղոթքներից հետո հույսները կորցնելու վրա կլինեն, երբ շեշտակի վրա կհասնի փրկությունը և նրանք չեն հավատա իրենց աչքերին:
Պատմության ընթացքում հաճախ ենք տեսել, թե ինչպես է Տերը խստասիրտ թագավորներին ու անարժան իշխաններին օգտագործում իր նպատակների համար: Նույնը ձեզ մոտ է լինելու և դուք զարմանալու եք, թե ինչպես նման անհաջողները կարող են ծառայեցվել Աստվածային նախախնամությանը:
Աստված չի մոռացել այն հոգևոր գանձերը, որ հայերը կուտակել են իրենց գոյության ընթացքում և ներկա ժամանակներում էլ ցույց կտա, որ ինքը Հայաստանի Աստվածն է (ինչպես նյութական կյանքում է կուտակած բարիքը ազատում սովից ու չարչարանքից, այնպես էլ հոգևոր կյանքում մեր դիզած գանձերը պիտի ծառայեն մեզ նեղության մեջ):
-Աղոթե՛նք, որ միակամ ու միաբան լինենք այս ծանր ժամանակներում և Աստված կփառավորի իր անունը՝ օգտագործելով անհայտ մարդկանց անուններ:
Տերը պատրաստվում է բնական տարերքների ներգործությամբ պաշտպանել իր ժողովրդին: Այդ պատճառով է թշնամին խիստ կատաղած և բացահայտ ասում է այն, ինչ ուզում է, քանի որ լավ գիտի՝ շուտով հողը գնալու է իր ոտքերի տակից (առաջին մարգարեության մեջ նույնպես Մայքլ Դրիսը նույն միտքն է արտահայտել, և իր խոսքերից շատ չանցած ավերիչ երկրաշարժը հարվածեց Թուրքիային: Հատկապես այս տարի սաստիկ աղետների մասին շատ ենք լսելու):
-Երբ Հիսուսը գործում էր երկրի վրա, նրան հանդիպելիս դևերն իրենց բացահայտում էին, չէին կարողանում Աստծուց թաքցնել իրենց դիվական էությունը. բղավում էին, գալարվում էին, տանջվում էին Հիսուսի ներկայությունից: Այն, որ այսօր չարն իրեն ամենաանպատկառ կերպով բացահայտվում է աշխարհում, դա նրանից է, որ Աստծո փառքը շուտով հայտնվելու է:
Ամեն անգամ, երբ Աստված շարժվում է որևէ երկրում, թշնամին փորձում է դա խափանել ներքին խժդժություններով կամ արտաքին պատերազմներով, բայց այս անգամ թշնամին ի վիճակի չի լինելու չեզոքացնել այն, ինչ Աստված որոշել է: Այն, ինչ մինչև հիմա կատարվել է բեմի հետևում, բացահայտվելու է և Աստված ծիծաղում է իր թշնամիների վրա, որոնք դավեր են նյութում: Շուտով կտեսնենք, որ Աստված շարժվելու է: Պատրսատ եղեք հունձքին (ասել է թե՝ բերքահավաքին):
Սիրելի ընթերցող, այն, որ Մայքլ Դրիսը երկրորդ անգամ խոսեց փետրվարի 24-ի նախօրյակին ու հենց այս բովանդակությամբ, դժվար է պատահականություն համարել: Փետրվարի 24-ին հայ ժողովուրդը քննություն է տալու Տիրոջ առջև: Գուցե այդ օրը մեր հավատի ու եկեղեցու դեմ ելած պիղծ ուժերն ու անարժան մարդիկ են լինելու այս մարգարեական խոսքում նշված Աստվածային նախախնամության գործիքները ու հենց նրանց շնորհիվ բացվելու են մեր աչքերը, միաբանվելու են հայրենիքի համար բաբախող սրտերը, խոնարհվելու են հպարտ գլուխները, ծալվելու են գոռոզ ծնկներն ու Արքայության մարդիկ յուղով լի ճրագներն են վառելու Հայոց աշխարհով մեկ: Այդժամ Աստված կտեսնի, որ մեր հույսը մարդուց կտրել ու իր վրա ենք դրել և կգործի մեր մեջ, մեր փոխարեն, բայց իր զենքերով, որոնց առաջ հզոր պետություններն աղբակույտի առնետներ են, ահեղ բանակները բարակ եղեգներ են, միջուկային հրթիռներն էլ պարսատիկի քարեր են:
Եկեք գեթ մի անգամ հույսներս մեր Տիրոջ վրա դնենք ու կտեսնեք, որ Նա Իրեն հուսացողներին չի՛ ամաչեցնում:
Դավիթ ԱՍԼԱՆՅԱՆ