Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Պարտություն բերածը պատմություն գրել չի կարող

Պարտություն բերածը պատմություն գրել չի կարող
26.06.2023 | 13:21

Նիկոլ Փաշինյանի հանձնաժողովային ելույթի հատկապես երկրորդ մասն ընթերցելիս հիշեցի մեծ հույն Սոկրատեսին վերագրվող մի պատմություն, ով կողքից գործ էր անում՝ սրա-նրա համար դատարաններում ճառեր գրելով: Ուրեմն, մի օր Սոկրատեսի պատվիրատուներից մեկը զայրացած վերադառնում է նրա բնակարան: «Վարպետ, երբ առաջին անգամ կարդացի իմ համար քո գրած ելույթը, այն պարզապես անթերի էր և համոզիչ: Սակայն, երբ նորից այն վերընթերցեցի, հասկացա, որ լիքը խոցելի տեղեր կան:

Երրորդ անգամ այն նայելուց հետո եկա եզրակացության, որ այդ ճառը ոտքից գլուխ կեղծ է, սպիտակ թելերով կարած»,- հուզված արտաբերեց հաճախորդը: «Անհոգ եղիր, հպարտ քաղաքացի, չէ՞ որ դատավորն այն լսելու է ընդամենը մեկ անգամ»,- ցինիկաբար, բայց համոզիչ պատասխանեց կողքից սփիչռայթինգով իր ապրուստը վաստակող Սոկրատեսը:

Որքան էլ 44-օրյա պատերազմի հանգամանքները սվաղող հանձնաժողովին Նիկոլի ելույթն իր համար ծրագրային էր և պատմության մեջ դավաճան-կապիտուլյանտ չմնալու կենսական ճիգ, իր ճառն ալֆայից մինչև օմեգա ստի և ֆաբրիկացիաների լավ հյուսված կույտ էր, որ ականջ էր ծակում, ուղեղ եռացնում՝ ոչ թե երրորդ, այլ հենց առաջին ընթերցմամբ:

Քանիցս անդրադարձել եմ այդ նույն հարցին` արդյոք կարո՞ղ էին խուսափել պատերազմից և ինչպե՞ս:

Հայ ժողովրդի ողջ պատմությունը, եզակի բացառություններով, պատերազմի, ասպատակությունների, ներխուժումների, արշավանքների պատմություն է, որի հիմքում ընկած է Աստծո կամքով մեզ բաժին հասած այս տարածաշրջանը, ավելի ճիշտ` գեոպոլիտիկան: Սա լայն պատմափիլիսոփայական կոնտեքստն է:

Սակայն առավել նեղ և կոնկրետ դիտարկմամբ Նիկոլի ինքնահարցի պատասխանը միանշանակ է. այո՛, կարելի էր խուսափել ԱՅՍՊԻՍԻ պատերազմից՝ այսքան արյունալի, այսքան երկար և այսքան կործանարար:

Կարիք չկա հիմա դետալներով և դրվագ առ դրվագ հակադարձել Փաշինյանի կեղծապատմանը՝ արցախյան բանակցությունների վերաբերյալ: Բոլոր իրավական փաստերը, ապացույցները, փաստաթղթերը, հղումները, նյութերը վաղուց բերված են թե՛ իմ, թե՛ խնդրով զբաղվող այլ գործընկերների կողմից: Այս հոդվածում կփորձեմ անել ընդամենը մի քանի կարևոր շտրիխ:

Եվ այսպես:

1. Սեփական դավաճանական տգիտությունը քողարկելու համար բոլորին մեղադրելը նոր հնարք չէ Նիկոլի կատարմամբ: Այսպես էին վարվում նաև, օրինակ, որոշ խելապակաս և շիզոիդ հռոմեական կայսրներ, երբ իրենց մոլագարության հետևանքով առաջացած աղետները վերագրում էին Աստվածների անբարեհաճությանը:

Պարզապես Նիկոլի կատարմամբ տեքստում այդ չարագործ Աստվածների դերում էին Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները:

2. Սեփական հետույքը ժամանակակիցների զայրույթից և պատմության դատավճռից փրկելու համար Նիկոլը կրկին չի խորշում, ավելին՝ անմարդկային ջանքեր է գործադրում հնչեցնելու համար այնպիսի հակահայկական, զազրելի, երկարաժամկետ առումով Հայաստանի և Արցախի վրա տոքսիկ ազդեցություն ունեցող գնահատականներ, որոնք չէին անցնում անգամ 30 տարի Արցախի հարցով զբաղվող ադրբեջանական ղեկավարների և փորձագետների մտքով: Իսկ որոշ հատվածներ պարզապես արտագրված էին ադրբեջանական պրոպագանդայի էջերից:

3. Ընթերցողին հարցն ավելի պարզ դարձնելու համար շեշտեմ, որ մեծ հաշվով կապ չունի, թե ինչ են բանակցել Արցախի հարցով Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը մինչև 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներ: Թեպետ նախորդ երկու նախագահներին վերագրվող «մեղքերի» մեջ ստի և կեղծիքի պակաս նույնպես չկա:

Բայց փաստացի միակ ռեալ նշանակությունն ունի այն բանակցային ժառանգությունը, որը Նիկոլը ստացել է Սերժ Սարգսյանից և որը սեփական շուրթերով ընթերցել է 2020 թվականին Կապանում, հունվարյան իր ասուլիսի ժամանակ. Արցախի միջանկյալ կարգավիճակ, պարտադիր իրավական ուժ ունեցող և ոչնչով չսահմանափակված հանրաքվե, Քելբաջար ու Լաչին, etc: Եվ այս բովանդակության հետ կապված էր նա ճոռոմաբանում, թե` երբ ուզենք, սրան կվերադառնանք, ես ձեզ խոստանում եմ…

4. Բանակցային նախորդ փուլերին «Невиноватая я» հայացքով, աչքերը արտաբերվող ստից լայն բացված և քիթը քորող ստախոսն անդրադառնում էր այնպիսի արդարացումներով, որ բանական մարդու մոտ առաջացնում էին կոգնիտիվ դիսոնանս: Հատկապես ուշագրավ էր Լևոն Տեր-Պետրոսյանի հատվածը, ում Նիկոլն իր գեղցիական շուստրիությամբ փորձում էր դաշնակից դարձնել «Քոչարյանն ու Սերժն էին սաղ մեղավոր» հիմարագույն խաղում:

Վստահ եմ, որ Առաջին նախագահը կրկին չի ուտելու այս էժան կոմբիկորմը և թույլ չի տալու իր անունը շաղախել ազգակործան պատուհասի պարանոիկ ձեռնաշարժությանը: Վերջիվերջո, կենցաղային լեզվով ասած, տան տակի հարկերը մի քիչ ծուռ շարած պապերդ ի՞նչ մեղք ունեն, որ դու հարբած վիճակում այդ տունը պաժառ ես գցել: Ուստի, Նիկոլի գծած «զույգերով խաղը» տապալված է, և նա գործ է ունենալու ոչ թե «2 vs 2»-ի, այլ «1+1+1 vs 1» բանաձևի հետ:

5. 1993 թվականին ՄԱԿ ԱԽ-ի խորհրդի չորս բանաձևերի մասին Էյնուլլա Ֆաթուլաևի կողմից գրված և Նիկոլի կողմից հնչեցված անհեթեթություններին շատ եմ անդրադարձել: Ընդամենը հիշեցնեմ, որ այդ բանաձևը ոչ թե Արցախի հարցի կարգավորման (այնտեղ չկա գեթ մեկ բառ այդ մասին), այլ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին էր: Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ 1993-ից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն Արցախի հարցով ոչ մի բանաձև այլևս չէր ընդունել, քանի որ 1994-ից ստորագրվեց մայիսյան հրադադարը, և խնդրի կարգավորմամբ սկսեց զբաղվել ԵԱՀԿ Մինսկի խումբը:

6. Կարգավորման սկզբունքներից ժողովրդի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականությանը ստորադասելը տիպիկ ադրբեջանական բխկոց է, և անգամ 1996 թվականի ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության վրա հղում անելը Նիկոլին չի փրկում, քանզի 2007 թվականից այս կողմ, հատկապես վերջին տարիներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ոչ միայն հրապարակավ ընդգծում էին, այլև տվել էին փաստաթղթին այն ձևակերպումը, որ կարգավորման բոլոր երեք սկզբունքները հավասար են, մեկը մյուսից առավել չէ, և գործում են միասնական փաթեթով (տես, օրինակ, Ս. Սարգսյանի գրասենյակի կողմից հրատարակված և 2016-ին կազմված փաստաթղթի այդ հատվածը):

7. Արցախի անկախության առաջին հանրաքվեի շուրջ շահարկումները նույնպես դատարկ են: Եթե այդ հանրաքվեն վերջնական լուծել էր Արցախի հարցը, ապա 30 տարվա բանակցություններն ինչի՞ համար էին: Արդյո՞ք Հայաստանն ուներ այն գեոպոլիտիկ ուժը, որ, օրինակ, Ռուսաստանի նման՝ Ղրիմի կամ Լուգանսկի հարցով ասեր՝ «Սա է և վերջ»: Իհարկե չուներ, բայց մարտի դաշտում ուժային հաղթանակից հետո խնդիրը տեղափոխեց երկար, ինտելեկտուալ, ռազմավարական խաղի դաշտ, որի վերջնական նպատակը նույնն էր` Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եվ երիցս ճիշտ էր 2005 թվականին Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ դա փոխզիջում է, բայց ոչ թե Ադրբեջանին, այլ խնդրով զբաղվող միջազգային հանրությանը: Կրկին բերեմ կենցաղային օրինակ: Պատկերացրեք, որ հարևան թաղի դեմ որոշել եք ֆուտբոլ խաղալ: Խաղը կայանում է, դուք հաղթում եք, սակայն խաղը ոչ մրցավարական կազմ է ունենում, ոչ էլ հաշիվը պաշտոնական գրանցվում է (նկատի ունեմ, որ Արցախի առաջին հանրաքվեին չկային մանդատավորված միջազգային կառույցների դիտորդներ): Բայց դուք այնքան ուժեղ եք, այնքան վստահ ձեր ուժերի մեջ, որ պատրաստ եք նոր, արդեն պաշտոնական խաղում կրկին հաղթել:

8. 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն կատարել է իր հսկայական առաքելությունը. ա) Արցախը դարձել է միջազգային քաղաքականության, թեկուզ չճանաչված, բայց սուբյեկտ, բ) թույլ է տվել ձևավորել իշխանություն, ինքնակազմակերպվել և լինել ավելի ժողովրդավար, քան Ադրբեջանն է, գ) անխոցելի իրավական հիմքեր է ստեղծել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետագայում ևս առաջ մղելու համար: Պատահական չէ, որ հետխորհրդային տարածքի բոլոր կոնֆլիկտների շարքում միայն Արցախի հարցում էր ինքնորոշման իրավունքն ամրագրված միջազգային կառույցների փաստաթղթերում:

9. Հաջորդ դիտարկումը վերաբերում է մի հարցի, որ առաջին հայացքից կարող է պարզապես տերմինաբանական թվալ, սակայն իրականում ունի ավելի խոր իմաստ: Խոսքը «Մադրիդյան սկզբունքների» մասին է, որոնք առաջ եկան՝ որպես կարգավորման հիմք, 2007 թվականի ավարտին, և հենց այս ձևակերպումն է համառորեն օգտագործում Փաշինյանը դրանից հետո եղած փաստաթղթերը և իրադարձությունները բնութագրելու համար:

Սակայն: Մադրիդյան սկզբունքներն ի հայտ գալուց հետո շարունակաբար լրամշակվել են, հարստացել, այնտեղ տեղ են գտել ավելի հայանպաստ ձևակերպումներ, և այդպիսի լրամշակված նոր տարբերակը հրապարակվեց 2009 թվականին իտալական Լ’Աքվիլա քաղաքում՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների կողմից, և այն կոչվեց «Հիմնարար սկզբունքներ և տարրեր» (Basic principles and elements), և դրանից հետո գրեթե բոլոր միջազգային ատյաններն օգտագործում էին հենց այս ձևակերպումը, որն ավելի բովանդակային էր և հստակ:

10. Ապրիլյան քառօրյա պատերազմի ռազմական և դիվանագիտական հետևանքների մասին Նիկոլի դիտարկումները կրկին ադրբեջանական քարոզչության բորբոսով են պատված: Պատմությունը սեփական քաղաքական տձևությանը հարմարեցնելու համար նա մոռանում է, որ անձամբ 2019 թվականի աշնանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովում հայտարարել է, որ «2016-ին ադրբեջանական ագրեսիան չի հաջողել»: Իր ողջ ճառում նա համառորեն շրջանցեց նաև Ապրիլյանից հետո Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որ հայկական դիվանագիտության հաղթանակն էին, որ ընդհուպ մինչև 2018 թվականի փետրվար տեղ էին գտնում ԵԱՀԿ ՄԽ գրեթե բոլոր պաշտոնական հայտարարությունների մեջ, և որոնք Նիկոլը 2018-ին Դուշանբեում նվիրեց Ալիևին՝ գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ չկրվելու, ինչպես նաև՝ «նախկիններից» վերջնական ազատվելու համար:

11. 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո բանակցային բովանդակության շուրջ բանսարկություններին վերջ տալ կարելի է մեկընդմիշտ՝ պարզապես հրապարակելով «Սերժի բանակցած և թողած» ՄԱԿ ԱԽ համապատասխան Բանաձևի նախագիծը: Տեսնեմ, կարո՞ղ ես, Նիկոլ, слабо?

12. Նիկոլը փորձեց սվաղել նաև 2019-ի գարնանը նրան փոխանցված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաթեթի հարցը: Նա ընդամենն ասաց, որ դա 2018-ին ձևավորված բանակցային մոտեցումն էր:

Այսինքն, Սերժի՞ թողած ժառանգության հիման վրա: Այսինքն, այն, ինչ նա Կապանում ընդունել է 2020-ի հունվարին: Այսինքն, Արցախի միջանկյալ կարգավիճակո՞վ, հանրաքվեո՞վ, Քելբաջար-Լաչինո՞վ: Ու եթե իրոք այդպես է, ապա պատկերացրեք մարդու սրիկայության/տգիտության/արկածախնդրության/ նարցիսիզմի աստիճանը, որ այդ փաթեթը, քիչ է՝ մեկ տարի չէր խոստովանում, քիչ է` մինչև հիմա չի բացահայտում, քիչ է՝ իրեն գժի տեղ է դնում այն քննարկելիս, դեռ Հայաստանին էլ հակադրել է ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրներին` ողջ բանակցային գործընթացում առաջին անգամ: Հիմա գոնե համոզվեցի՞ք՝ ով բերեց այս պատերազմը, ինչու Հայաստանը մենակ մնաց պատերազմի ժամանակ, ինչու ագրեսոր Ադրբեջանին չէին սաստում կամ պատժում…

13. 2018-2020 թվականներին բանակի հետ կատարվածի մասին շատ չմանրամասնեմ, մասնագետներն արդեն դա արել են: Ընդամենն ընդգծեմ, որ այդ տարիներին Փաշինյանը բանակի բարեփոխումներից և արդիականացումից դեռահասի չբավարարված ֆանտազիաներով սարքել էր բանանաելակային համով «Love is» մաստակի փուչիկ, որն արյունալի ձևով պայթեց 44 օրերի ընթացքում…

14. Այսքան խոսելու փոխարեն՝ Նիկոլին ասեք, որ հանձնարարի Հանրայինին հեռարձակելու 44-օրյա պատերազմից առաջ Պետրոս Ղազարյանին իր տված, լայն գովազդված, բայց այդպես էլ չհեռարձակված հարցազրույցը: Շատ ավելի հետաքրքիր և բացահայտիչ կլինի…

Որպեսզի չասեք, թե «Աշոտյանը բանտախցում լիքը ազատ ժամանակ ունի՝ էս ինչքա՜ն է գրել», այստեղ կանգ կառնեմ:

Նիկոլի ընտանեկան թերթն իր ելույթից հետո «сам себя не похвалишь, будешь ходить как заплеванный» սկզբունքին հավատարիմ՝ մի «աննախադեպության» ձոն երկնեց, որում նաև կշտամբեց ընդդիմությանն այդ քաղաքական pip-show-ին չմասնակցելու համար, ինչի կապակցությամբ հիշեցի «Գլադիատոր» ֆիլմի եզրափակիչ դրվագներից մեկը, երբ եզրափակիչ մենամարտից առաջ կայսր Կոմմոդոսը թաքուն իջնում է Մաքսիմուսի խուց՝ նրան կռվից առաջ մեջքից խփելու և թուլացնելու համար: Դա, սակայն, չփրկեց самодур կայսրին, և չարի վերջը եկավ: Նիկոլը, սակայն, դա էլ ռիսկ չունի անելու, նա ունակ է միայն մեջքից խփելու, բայց անգամ այդ դեպքում բաց և հավասար մենամարտից խուսափում է՝ գերադասելով զառանցանքներ արտաթորել իրեն հարմար ձևաչափերում:

Հիշեցնեմ, որ Արցախի հարցով բաց, հավասար պայմաններով և կոռեկտ բանավեճի իմ բոլոր առաջարկները Նիկոլն անտեսել է՝ փոխարենը գերադասելով ինձ «մեջքից խփել»: Բայց, ինչպես տեսնում եք, դա էլ իրեն չի փրկում:

Հ.Գ. Փաշինյանը փորձում է պատմությունը սրբագրելով՝ իր ուզած պատմությունը գրել: Սակայն պատմությունը գրում են հաղթողները, իսկ Նիկոլը մեր ժողովրդի գլխին աղետ և ամոթ բերած պարտության և պատերազմի պատճառ հանդիսացող կապիտուլյանտ է:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ,

«Նուբարաշեն» ՔԿՀ,

25.06.2023

Դիտվել է՝ 4708

Մեկնաբանություններ