ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Փաշինյանը փորձում է ջնջել հայոց պատմությունն ու մշակույթը

Փաշինյանը փորձում է ջնջել հայոց պատմությունն ու մշակույթը
17.06.2023 | 07:12

Այսօր (15.06.2023-irates.am) ՀՀ ԱԺ-ում Փաշինյանը հերթական հարձակումը գործեց Հայաստանի պետության դեմ։ Ըստ նրա, ՀՀ զինանշանը և նրա վրա պատկերված Արարատն ու հայկական թագավորությունների զինանշանները հիմք ու պատճառ են, որպեսզի մեզ ոչնչացնեն։ Չասաց, թե ով է ուզում մեզ ոչնչացնել, բայց պարզ է, որ նկատի ուներ թուրքերին։ Իբր այդ զինանշանով մենք, իր բառերով, հայտարարում ենք՝ «ոչնչացրեք մեզ»։

Փաշինյանը նաև հարցականի տակ դրեց հին և միջնադարյան Հայաստանի թագավորությունների կապը ներկա (իր խոսքով՝ «իրական») Հայաստանի հետ՝ ակնարկելով, թե այդպիսի կապ գոյություն չունի։

Դե հիմա որտեղի՞ց սկսես, որտեղի՞ց վերջացնես այս օտարի դրածո ոչհայ կերպարին բացատրել, օրինակ, Արշակունյաց կամ Բագրատունյաց Հայաստանի անխզելի կապը ներկա Հայաստանի հետ։ Այնինչ ՀՀ ղեկավարը, եթե արժանի ղեկավար լիներ, ինքը պետք է կարողանար մանրամասն բացատրել այդ կապը և՛ իր ժողովրդին, և՛ աշխարհին։ Կամ իր առանձնասենյակ հրավիրեր առաջնակարգ մասնագետներին, ովքեր մի քանի օր շարունակ, օրական առնվազն 8 ժամ կբացատրեին նրան այդ կապերի մասին։

Իրականում Փաշինյանը փորձում է ջնջել-հանել հայերի մտքից և հոգուց ամբողջ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ։ Նա փորձում է հայերին դարձնել իր պես ոչհայ։ Հետն էլ, թե «ես ինձ որևէ մեկից պակաս հայրենասեր չեմ համարում»։ Զավե՛շտ։

Իսկ գլխավորն այն է, որ թուրքերն այսօր արդեն պահանջում են ՀՀ ղեկավարությունից միջոցներ ձեռնարկել՝ քայլ առ քայլ ջնջելու համար հայերի մտքից ու հոգուց պատմական հայրենիքի մասին հիշողությունը, անմահ հայ հերոսներին, հայկական խորհրդանիշները։

Առայժմ սկսել են Արարատից, «Նեմեսիսի» վրիժառուներին նվիրված հուշարձանից, ՀՀ զինանշանից, բայց այլևս կանգ չեն առնելու։

Վաղը Փաշինյանը գալու է և ասի. «Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Նժդեհի, առհասարակ բոլոր ֆիդայիների ու թուրքերի դեմ կռված հայ ռազմիկների արձանները պետք է ապամոնտաժենք, գրադարաններից նրանց մասին գրքերը պետք է հավաքենք ու ոչնչացնենք, որովհետև դրանք պատճառ են, որ մեզ ոչնչացնեն։ Այդ արձաններով ու գրքերով մենք հայտարարում ենք՝ «ոչնչացրեք մեզ»»։

Հետո Փաշինյանը գալու է և ասի. «Հայոց պատմության» դպրոցական ու բուհական դասագրքերից Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը պետք է հանենք, որովհետև այն պատճառ է, որ թուրքերը մեզ ոչնչացնեն։ Այդ դասագրքերով հայտարարում ենք՝ «ոչնչացրեք մեզ»»։

Հետո Փաշինյանը գալու է և ասի. «Սասունցի Դավթի արձանը պետք է ապամոնտաժենք, որովհետև Սասունը Թուրքիայում է, ի՞նչ կապ ունի այսօրվա Հայաստանի հետ։ Այդ արձանը պատճառ է, որ թուրքերը մեզ ոչնչացնեն։ Նաև գրադարաններից պետք է հավաքենք ու ոչնչացնենք Հայոց էպոսը՝ իր բոլոր պատումներով, վերամշակումներով ու հրատարակություններով հանդերձ։ Չէ՞ որ դա պատճառ է, որ թուրքերը մեզ ոչնչացնեն։ Այդ արձանով ու ներկա Հայաստանի հետ կապ չունեցող էպոսով մենք հայտարարում ենք՝ «ոչնչացրեք մեզ»»։

Հետո Փաշինյանը գալու է և ասի. «Հայկական եկեղեցիները պետք է մզկիթների վերածենք, որովհետև դրանք պատճառ են, որ թուրքերը մեզ ոչնչացնեն։ Հայոց եկեղեցու հայրերից շատերը ապրել և գործել են Թուրքիայում։ Ի՞նչ կապ ունեն նրանք այսօրվա Հայաստանի հետ։ Հայկական եկեղեցիներ պահելով մենք հայտարարում ենք՝ «ոչնչացրեք մեզ»»։

Հետո Փաշինյանը գալու է և ասի. «Հայոց լեզվով ուսուցումը պատճառ է, որ թուրքերը մեզ ոչնչացնեն։ Հայոց լեզուն զայրացնում է թուրքերին՝ այդ լեզվով են խոսել Թուրքիայի ոխերիմ թշնամիները։ Պետք է փոխենք ուսուցման լեզուն թուրքերենի։ Պետք է փակենք հայկական դպրոցները և բացենք թուրքական դպրոցներ։ Հայկական դպրոցներ պահելով մենք հայտարարում ենք՝ «ոչնչացրեք մեզ»»։

Սա է այն ուղին, որով շարժվելու է Փաշինյանը։

Պարզապես, Փաշինյանի և նրա օտար հովանավորների հաշվարկները սխալ են։ Այս երկնքի տակ ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը, այդ թվում՝ այսօրվա ՀՀ իշխանությունն ու նրա բռնած հակահայկական ուղին։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3401

Մեկնաբանություններ