Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նիկոլի կարևոր առաքելություններից է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները հիմնովին փչացնելը

Նիկոլի կարևոր առաքելություններից է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները հիմնովին փչացնելը
29.04.2023 | 21:28

Որ այսօրվա խեղափոխական փողոցային խմբակն իշխանության է եկել նաև հիմնովին փչացնելու հայ-ռուսական հարաբերությունները և երբեմնի բարեկամական միությունը վերածելու թշնամության, արդեն փաստ է. հետևելով պրոփաշինյանական ուժերի վարքին և գործելաոճին՝ նման պնդում անելը լիովին հիմնավորվում է, որքան էլ նրանք փորձեն իրենց իրական նկրտումները թաքցնել Ռուսաստանի հանդեպ բարեկամական վերաբերմունքի մասին ամպագոռգոռ հայտարարություններով: Այդպես վերջերս՝ ապրիլի 12-ին, ազգակործան պատուհասը՝ Փաշինյան ազգանունով, անդրադառնալով իր օրոք Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների վերաբերյալ քննադատություններին՝ իրեն հատուկ մանիպուլյացիայով նորից մեղքը նախկին իշխանությունների վրա բարդեց:

Իմանալով, թե ինչպիսի սարսափելի ու անբուժելի ֆոբիայով է տառապում խաբեությամբ և Հայաստանի թշնամական պետությունների հովանավորությամբ իշխանության եկածը հատկապես Սերժ Սարգսյանի իշխանության հանդեպ, նման մեղադրանքը սպասելի էր, բայց այս դեպքում ևս այդպիսի մեղադրանքն այնքան ծիծաղելի, զավեշտալի է հնչում, իսկական հիմարություն՝ լինելով հիմնազուրկ և փաթեթավորված ապատեղեկատվությամբ ու զրպարտությամբ: Բայց դե Նիկոլը սովորել է իրեն կուրորեն հետևողներին կիսատ-պռատ տեղեկություններով իր կառավարելիության ներքո պահել՝ օգտագործելով նախկինների հանդեպ ատելությունը վառ պահելու էժանագին մեթոդը:

«Եթե փչանալու մասին են խոսում, ուզում եմ հիշեցնել, որ նախկին իշխանության օրոք է առաջին անգամ եղել, երբ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք է կնքել: Իրենք լավ հարաբերություն պահող էին, այդ ի՞նչ արեցին, որ մեր ռազմավարական դաշնակիցը 2011, թե 2012 թ. առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ, ընդ որում՝ սահմանափակեց զենքի մատակարարումները Հայաստանին»:

Նման հայտարարություն անելով՝ Փաշինյանը մոռացավ հիշատակել, որ իր կառավարության օրոք խայտառակ պարտություն կրելուց հետո Ադրբեջանի հետ պատերազմում, երբ հարկավոր էր ամրացնել երկրի անվտանգությունը, Ռուսաստանից որևէ ռազմական աջակցություն իր իշխանությունը չի ստացել, Ռուսաստանի հետ զենքի որևէ գործարք չի կատարել: Մինչ այդ էլ ընդամենը մետաղի ջարդոն է գնել՝ առանց հրթիռների օդանավեր, ինչպես ցինիկաբար ասում են՝ սելֆիներ անելու նպատակով: Իր օրոք 2022 թվականի փետրվարի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիրը, որը դաշնակցային մակարդակի է բարձրացնում Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները:

Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելուն, ապա արտաքին դիվանագիտության հարցում մեծ փորձառություն ունեցող ՀՀ երրորդ նախագահին հաջողվեց այնպիսի հարաբերություններ ձևավորել Վլադիմիր Պուտինի հետ, որ Ադրբեջանին վաճառած սպառազինության գործարքը Ռուսաստանը փոխահատուցեց Հայաստանին 50 հազար տոննա զենք, սպառազինություն, զինտեխնիկա պարզապես նվիրելով, այդ թվում «Իսկանդեր»: Դրանից բացի, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին 200 մլն դոլար վարկ էր տրամադրել՝ իրենից գործարանային գնով զենք ձեռք բերելու համար՝ հաշվի առնելով Հայաստանի սուղ բյուջեն և մեր պետությանն արտաքին թշնամիներից, ինչպես նաև Արևմուտքից սպասվող հնարավոր սպառնալիքներն ու սադրանքները: Իսկ ի՞նչ արեց Փաշինյանը այդ ռազմական օգնության հետ. որպես ռազմական ավար 44-օրյայի ժամանակ նվիրեց իր կառուցողական ընկեր Ալիևին, որն էլ դրանք ցուցադրեց Բաքվի հաղթական շքերթի ժամանակ՝ մատ թափ տալով Ռուսաստանի վրա, թե այդ ինչքան շատ է ռազմավարի մեջ ռուսական արտադրության զենք-զինամթերքը:

Բնականաբար, այդ օգնությունը հարկավոր էր նաև Ռուսաստանին՝ մեր տարածաշրջանում նաև իր թիկունքը հնարավոր սադրանքներից ու ահաբեկչություններից, արևմտյան պառակտիչ ու մահաբեր միջամտությունից ապահովելու համար, և որևէ մեկը չի ասում, թե ՌԴ նախագահը դա Հայաստանի ղեկավարության գեղեցիկ աչքերի համար էր անում: Մյուս կողմից էլ այդ հանգամանքը փաստում է երկու երկրների ղեկավարների արդյունավետ փոխգործակցության և Հայաստանի ղեկավարության դիվանագիտական հմտությունների, երկրի, պետականության նկատմամբ ունեցած հոգածության, պետականության բարձր ընկալման մասին, ինչի շնորհիվ ՀՀԿ-ի կառավարման տարիներին ապահով էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանները և Հայաստանն էլ ապահովագրված էր թշնամիների հաղթական հարձակումներից: Ապացույցը՝ 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներն են, թե որ պատերազմն ինչքան տևեց և ինչպես ավարտվեց, ում խնդրանքով այն դադարեցվեց:

Շարունակելով հայ-ռուսական հարաբերությունների թեման, երեկ և այսօր կարևոր է հիշատակել, որ Սերժ Սարգսյանը լավ էր գիտակցում Հայաստանի թե անվտանգային, թե տնտեսական զարգացման հարցերում Ռուսաստանի հետ համագործակցության կարևորությունը և ամեն ինչ անում էր այդ համագործակցությունը հօգուտ Հայաստանի ծառայեցնելու համար, ոչ թե Հայաստանը վերածում Ռուսաստանի վասալ պետության:

Հենց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ 2010 թվականին ևս 49 տարով երկարացվեց Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը, ինչը թուրքական սպառնալիքից երկարատև ապահովման երաշխիք է ու առաջին հերթին հենց Հայաստանի շահերից է բխում ռուսական ներկայությունն այնտեղ:

Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարով նաև մեր պետությունն անդամակցեց ԵԱՏՄ կոչվող կառույցին, որի տված պտուղներով, ի դեպ, այսօր այդքան հպարտանում է նախկիններին ամեն անպատեհ առիթով զրպարտող Փաշինյանը՝ ամեն տարեսկզբին պարծենալով, թե ԵԱՏՄ շուկան ապահովել է Հայաստանի սպառման շուկայի գերակշիռ մասը:

Ռուսաստանի հետ սերտ ռազմավարական համագործակցությունը պտղաբեր էր նաև Արցախի խնդրի կարգավորման հարցում: Հիշեցնենք, որ 2016 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն ընդունեցին հատուկ հայտարարություն, որով ճանաչում էին Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Դրանից առաջ 2009 և 2013 թվականներին ՌԴ նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ամրագրել էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Իսկ այսօր Ռուսաստանն այլևս չի խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, և ընդհանրապես այդ հարցն օրակարգում չէ, քանի որ համայն հայության ազգադավը կառավարության և ԱԺ ամբիոններից գրեթե ամեն ելույթի ժամանակ շեշտում է, որ Արցախի հետ կապված խնդիրներում ոչ թե ինքնորոշման հարցը պետք է քննարկել, այլ այնտեղ ապրող արցախցիների անվտանգության և իրավունքների, քանի որ Փաշինյանն Արցախի ապագան տեսնում է Ադրբեջանի մարդասպան գրկում:

Փաշինյանը Ռուսաստանի հետ «ջերմ» հարաբերությունների ծրագիրը սկսեց իրագործել 2018 թվականին իշխանության գալուց անմիջապես հետո, երբ աղմկոտ պատմությամբ Յուրի Խաչատուրովի վրա գործ կարելով՝ Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ նրան ձերբակալեց և փաստորեն զրկեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Իսկ դա հարված էր նաև Ռուսաստանի հեղինակությանն ու ՀԱՊԿ կառույցին: Եվ երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ներառումը Մարտի 1-ի գործում` ասաց, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության հայտարարություններին, որոնց համաձայն՝ քաղաքական հետապնդումներ չպետք է լինեին նոր իշխանությունների ժամանակ, ՀՀ սինլքոր վարչապետը մեծամտաբար Լավրովին խորհուրդ տվեց ադապտացվել Հայաստանում ստեղծված նոր իրավիճակին։ Եվ այդուհետ իր բոլոր արտաքին ձախողումների դեպքում սլաքներն ուղղում է միշտ Ռուսաստանի ուղղությամբ՝ նրանց մեղադրելով Հայաստանից միջանցք ուզելու, Հայաստանի՝ Միութենական պետության մեջ ընդգրկվելու պարտադրանքների, Լաչինի միջանցքը փակելու, ՀՀ սուվերեն տարածքներն ադրբեջանցիների կողմից օկուպացնելու մեջ: Վերջերս էլ հայտարարեց, թե Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում՝ ՀԱՊԿ համագործակցության շրջանակում, մեր երկրում Ադրբեջանի կողմից նոր պատերազմ հրահրելու սպառնալիք է:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր նշել՝ Փաշինյանը ՌԴ հետ Հայաստանի հարաբերությունները վատթարացնելու բազմաթիվ փորձեր է արել՝ «իրեն գժի տեղ դնելով, խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ, բայց իրենց կարծիքով ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանի Հանրապետությունում, իր կառուցողական գործընկերոջ հետ սեպարատ բանակցություններ վարելով, Մարտի մեկի դեպքերի հետ հարուցված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Խաչատուրովին…»:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/224882/28/14/35/?fbclid=IwAR22KG0LycWjXHPN9KYuyO1mZqHS6IJXwfRPKJPZWFTK3dDEunuUHDeZzjI

Դիտվել է՝ 5229

Մեկնաբանություններ