ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հիպոթեք` միայն դրամով

Հիպոթեք` միայն դրամով
20.03.2023 | 23:49

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովը մի նոր նախագիծ է բերել, որով նախատեսվում է բացառել արտարժույթով հիպոթեքային վարկավորումը, այսինքն, հիպոթեքը միայն դրամով պետք է տրամադրվի վարկառուներին։ Նախաձեռնության հեղինակները նման փոփոխության անհրաժեշտությունը բացատրում են մտահոգությամբ, իբր քաղաքացիներին ցանկանում են ապահովագրել արտարժույթի փոխարժեքի տատանումների արդյունքում վնասներ կրելուց։ Քննարկվող հարցը ՀՀ բանկային միության կողմից քննադատվել է, և առաջարկվել են մի շարք կետեր, որոնք, ըստ երևույթին, կչեզոքացնեն բերված նախագծի հնարավոր ռիսկերը։ Դե, բանկերում անխելք մարդիկ չեն աշխատում և հստակ գիտակցել են նոր սահմանափակման ռիսկերը։ Իսկ ինչպիսի՞ վտանգներ կան այդ նախագծում: Փորձենք համալիր քննության ենթարկել դրանք՝ ըստ մասնակիցների խմբերի։

Հիպոթեքային վարկավորման գործընթացը մի հանգույց է, որտեղ առկա են չորս շահառուներ.

1. հիպոթեք ստացող քաղաքացիներ

2. հիպոթեքային վարկ տրամադրող բանկեր

3. հիպոթեքի առարկա շենքերի կառուցապատողներ

4. հիշատակված երկրորդ և երրորդ սուբյեկտներից հարկային եկամուտներ ստացող պետական բյուջե:

Վճարման ձևի հնարավոր ռիսկերը հասկանալու համար մոդելավորենք երկու սցենար։

Ա). ԱՄՆ դոլարի փոխարժեքի շարժ 400 դրամից մինչև 800 դրամ

Բ). ԱՄՆ դոլարի փոխարժեքի շարժ 400 դրամից մինչև 200 դրամ։

1.Հիպոթեքային վարկ ստացող ՀՀ քաղաքացիներ։

Պայմանականորեն քաղաքացիները բաժանվում են երկու խմբի' դրամական եկամուտներ և արտարժութային եկամուտներ ստացող։ Դրամական եկամուտներ ունեցող քաղաքացիների մասով առաջարկվող փոփոխությունը զգալի ռիսկեր չի պարունակում։ Տնտեսական իմաստով առաջարկվող փոփոխության հնարավոր ուղղակի ռիսկերը գոյանալու են միայն արտարժութային եկամուտներ ստացող քաղաքացիների մոտ։ Փաստացի, մարդկանց արգելվելու է իրենց եկամուտները սեփական հայեցողությամբ օգտագործելը, և հարկադիր կերպով այդ խմբի քաղաքացիները ստիպված են լինելու ՀՀ բանկերում ահռելի մարժայով կոնվերտացնել իրենց միջոցները, կատարել չնախատեսված միջնորդավճարներ, որոնք անընդհատ աճելու միտում ունեն։ Երկարատև վճարումների պարագայում,հիշյալ խմբի քաղաքացիները Ա) սցենարի դեպքում կարող են շահել, իսկ Բ) սցենարի դեպքում ձեռք բերվող գույքը դառնալու է ոչ համադրելի շուկայում առկա գների հետ համեմատած։ Այսինքն, քաղաքացու ձեռք բերվող բնակարանը թանկանալու է, ինչի արդյունքում քաղաքացին կորցնելու է բնակարանը։

2.Հիպոթեք տրամադրող բանկեր։

Բանկերը պայմանականորեն կարելի է խմբավորել երկու խմբի' արտերկրի բանկերից արտարժութային ռեսուրս ներկրող և ՀՀ դրամով երկրի ներսում ավանդ ներգրավող։ Արտարժութային միջոցներ արտերկրից փոխառնող բանկերը Ա) սցենարի դեպքում կրելու են աննկարագրելի վնասներ, մինչև իսկ՝ սնանկանալը։ Բ)սցենարի դեպքում բանկերի մոտ գոյանալու է վերագնահատման գերշահույթ, ինչի արդյունքում շահելու է պետական բյուջեն։ ՀՀ ավանդատուներին ներգրավված միջոցների օգտագործման պարագայում Ա) սցենարի դեպքում բանկերը ստիպված են լինելու արտերկրից ներգրավել արտարժութային վարկեր օպերացիոն լիկվիդայնություն ապահովելու և ցպահանջ ավանդների վերադարձն սպասարկելու համար։

3.Կառուցապատողներ։

Վերլուծության համար պետք է արձանագրենք, որ կառուցապատողների կողմից ներգրավվող ֆինանսական միջոցները լինելու են երկու աղբյուրից՝ ներհայաստանյան դրամային և արտերկրի արտարժութային, որը ՀՀ-ում պետք է փոխարկվի դրամի։ Ա) սցենարի դեպքում կառուցապատողը արտերկրից ներգրավված արտարժութային պարտքի սպասարկման համար ծախսելու է ավելի շատ դրամ, ինչն էլ գոյացնելու է վնասներ, որոնք կխաթարեն արտերկրից հնարավոր ներդրումները: Բ) սցենարի դեպքում կառուցապատողները ստանալու են գերշահույթներ, ինչն էլ ապահովելու է ՀՀ բյուջե հարկային մուտքեր։

4.ՀՀ պետական բյուջեն առաջարկվող փոփոխությունների արդյունքում հարաբերական շահեկան դիրքում է հայտնվելու, գոյանալու են ռեզիդենտ կառուցապատողների և բանկերի մոտ վերագնահատման արդյունքում ձևավորվող շահույթներ, բայց դրանք տոքսիկ բնույթի շահույթներ են, որոնք գործողության երկարատև ընթացքի իմաստով կարող են կտրուկ վերափոխվել կորուստների։

Մեր կողմից քննարկված սցենարների դեպքում բոլոր մասնակիցների մոտ կան հնարավոր լրջագույն ռիսկեր և հարաբերական օգուտներ, ընդ որում, փորձաքննության համար բավականին խճճված իրադրություն է գոյանում, որը կարող է կտրուկ տատանվել ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանման աշխարհաքաղաքական պատճառների արդյունքում։ Տեսականորեն հարցի հնարավոր շահառուները կարող են և՛ օգտվել, և՛ տուժել։ Իսկ ո՞վ կարող է այս փոփոխության արդյունքում բացարձակ հաջողել, օգտվել, ստանալ գերշահույթներ։ Դա արտերկրի շինարարական կազմակերպություններն են, որոնք ունեն զարգացած ենթակառուցվածք, շինարարության միավորի ցածր ինքնարժեք, շինարարության իրականացման արագություն, նախագծային փաստաթղթերի պատրաստման հմուտ կադրեր, պետական դոտացիոն օժանդակություն, բանկային էժան ռեսուրսներ, անընդհատ արժեզրկվող ազգային արժույթ, մոտիկություն ՀՀ շինարարական օբյեկտներին, եվրոպական շինարարական տեխնիկա, էժան վառելիք և քսուկային միջոցներ, էժան արտահագուստ արտադրող տեքստիլ ճյուղ։ Իսկ ո՞ր երկրի կազմակերպությոյններն են համապատասխանում վերը նկարագրված չափանիշներին: Իհարկե, Թուրքիայի։ Կարծում եմ՝ ավելացնել որևէ բան պետք չէ։ ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովը փաստացի բերել է մի նախագիծ, որի հիմնական շահառուն կարող է և կլինի թուրքական շինարարական ինդուստրիան։

Որպես վերջաբան։ Հասկանալի է, որ ՀՀ ԱԺ հանձնաժողովը սույն վիճելի նախագիծը չի ենթարկել մասնագիտական համարժեք փորձաքննության և պատահաբար միգուցե նախաձեռնել է բազմաբնույթ ռիսկերով լի օրինագիծ, ուստի կարծում ենք, որ այդ նախաձեռնությունը պետք է չընդունվի, քանի որ այն նախաձեռնող հանձնաժողովի կազմը և այդտեղ սմբակներով անընդհատ կրկնվող ծեծկռտուքները չեն կարող երաշխավորել ընդունվող նախագծի տնտեսապես շահավետ լինելը։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 10995

Մեկնաբանություններ