Նախագահի աշխատակազմը հայտարարությամբ է հանդես եկել նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների մասին։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին: Օրենքները ուսումնասիրվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի և անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից:
Հանրապետության նախագահը կարևորում է դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կենսագործունեությունն ու հասարակության բնականոն կյանքն ապահովելու հարցում:
Իրավունքի գերակայության, օրինականության, օրենքի ու դատարանի առջև հավասարության և գործի արդարացի քննության սկզբունքների վրա հիմնված դատաքննության իրականացումը, անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրավունքի երաշխավորումը անհրաժեշտ պայմաններ են պետության և դատական համակարգի հանդեպ վստահության ամրապնդման, արդյունավետ արդարադատության իրականացման համար:
Օրենքների կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից:
Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: