ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքում գրել է.
«1. Այս օրերի արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք միմյանց իրավունքների, այդ թվում՝ կարծիքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից:
2. Հենց այս սկզբունքների տեսանկյունից ստեղծված իրավիճակում կարևորագույն դեր ունեն ինչպես հանրային իշխանության մարմինները, այնպես էլ նրանց ընդդիմախոսները, որոնք հանրային դաշտում ապահովում են հասարակական-քաղաքական քննարկումների բովանդակությունը, հանրային դիսկուրսը:
3. Յուրաքանչյուրիս ներուժը պետք է ծառայեցվի մեր գերակայություններին՝ հետպատերազմական վիճակում սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման ապահովում, ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցների իրավունքների խախտումների, նրանց կատարած պատերազմական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության հիմքերի ապահովում և այլն:
4. Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է:
Դրանից բացի, անթույլատրելի է իշխանության մարմինների, պաշտոնյաների կողմից այնպիսի բառապաշարի (հաճախ անհասցե) գործածումը, որոնք ստացան հանրային լայն կիրառություն ու ավելի նպաստեցին երկրում անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը (օրինակ՝ «պիցցայակեր», «ծախված» և այլն):
Իշխանության մարմիններին ու պաշտոնյաներին նշում եմ առաջնահերթ, քանի որ նրանք են ի վերջո պատասխանատու լայն իմաստով հանրային երկխոսության ու քննարկումների բովանդակության, երկրի գերակայությունների համար, ինչպես նաև անհանդուժողականության հաղթահարման համար:
5. Խիստ մտահոգիչ է, որ քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, ավելի են նպաստում անհանդուրժողականության խորացմանն ու դրանով ավելացնում լարվածությունը: Դատապարտելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով հասարակությանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու նույնիսկ դրա խրախոուսումը: Օրինակ՝ անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են «ժեխ», «զոմբիներ» և այլն:
6. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տևական ու թիրախային դիտարկումները վկայում են, որ այս անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն, որ գործում են թե իշխանության մարմիններին, թե ընդդիմության տարբեր շրջանակների աջակցող սոցիալական ցանցերի (հատկապես՝ «Ֆեյսբուք») կեղծ էջերի և կեղծ օգտահաշիվների կազմակերպված ու նպատակային հարձակումների համար օգտագործվող խմբեր:
Այդ էջերն ու օգտահաշիվները գործում են խմբերով և կոնկրետ հանձնարարականներով՝ մարդկանց հայհոյելով, արժանապատվությունը վիրավորելով, սպառնալիքներով ու բռնության կոչերով:
7. Առհասարակ, բացարձակ անընդունելի է հայհոյանքների, սպառնալիքների «մշակույթը» հանրային դիսկուրսի մաս դարձնելը:
8. Խիստ դատապարտելի է, որ իշխանության դեպքում սոցիալական ցանցերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների հիմնավոր ենթադրութամբ՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք:
9. Արդյունքում ստացվել է այնպես, որ սոցիալական մեդիայի հայկական ողջ տիրույթը հեղեղվել է հայհոյախառն վիրավորանքներով, միմյանց ուղղված սպառնալիքներով ու ատելության խոսքով` հիմնովին ոտնահարելով մարդու իրավունքների համակարգի պահանջները:
10. Ցավոք, այս արատավոր երևույթները վերջին մի քանի տարիների ընթացքում ստացան ծավալների շեշտակի աճ, ձեռք բերեցին համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ:
11. Հույս ունեի, որ այս պատասխանատու օրերին կբացառվեր նման որևէ զարգացում ու կլինեինք համախմբված՝ հաշվի առնելով բոլորիս միասնական լինելու, միմյանց իրավունքների նկատմամբ հարգանքի, բոլոր խնդիրները հենց այդ սկզբունքով լուծելու հրամայականը:
12. Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև ներկայում գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որը կոպտորեն ոտնահարում է մարդկանց իրավունքները (հոգեկան անձեռնմխելիությունը, մասնավոր ու ընտանեկան կյանքի իրավունքը և այլն), վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին խաթարում է մեր երկրի անվտանգությունը:
13. Հասարակական-քաղաքական համակարգը պետք է մշտապես հիմքում ունենա մարդու իրավունքները՝ որպես ունիվերսալ բարձր արժեքներ և ղեկավարվի այդ իրավունքների, այդ թվում՝ այլոց կարծիքի նկատմամբ հարգանքի սկզբունքով:
14. Ուստի, մենք պետք է գործենք մարդու իրավունքների համակարգի նկատմամբ հարգանքով, ճիշտ որոշենք այս օրերի մեր գերակայություններն ու լինենք համախմբված` հանուն այդ գերակայությունների և հանուն մեզնից յուրաքանչյուրի իրավունքների՝ ապավինելով ինքներս մեր հզոր ներուժին»: