2020 թվականը խնդիրներ հաղթահարելու մարտահրավեր է նետել Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպություններին՝ Վիվա-ՄՏՍ-ին ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»: Համավարակի պատճառով շինհրապարակ մեկնող աշխատակիցները գարնանն ստիպված են եղել դադարեցնելու կամավորական աշխատանքները: Դրանք ստանձնած տանտերերն էլ սկզբում հուլիսյան, ապա նաև աշնանն սկսված պատերազմի պատճառով, շինարարություն են իրականացրել կարճատև դադարներով: Սեփական տունն ունենալու նրանց երազանքը և գործընկեր կազմակերպությունների պատրաստակամ աջակցությունն ավելի ուժեղ ազդեցություն են ունեցել:
Սահմանամերձ Այգեպարում բնակվող Փայտյանների ընտանիքը վերսկսել է շինարարությունը: Զինվորական որդու երիտասարդ ընտանիքը նոր բնակարանում տեսնելու հոր ցանկությունը մեծ է, գործադրվող ջանքերը՝ հետևողական: 1992 թվականին, հակառակորդի ռմբակոծության հետևանքով, հաշված րոպեների ընթացքում տուն կորցրած Վալերիկ Փայտյանը չի կոտրվել: Զգում է սահմանին ապրելու պատասխանատվությունն ու ցանկանում երիտասարդներին ամուր, միասնական, բազմազավակ ընտանիքներով և ուժեղ տեսնել:
«Սեպտեմբերին, Արցախում սկսված պատերազմի ժամանակ, կրակում էին նաև մեր գյուղի վրա: Երիտասարդներն զբաղված էին: Ոչ ոք չէր կարողանում լիարժեք աշխատել: Հիմա, երբ պատերազմը դադարեց, շարունակում ենք շինարարությունը: Կյանքը շարունակվում է, պիտի ապրենք, աշխատենք, որ մնացած հայերով միասնական ու համերաշխ լինենք: Բավականին աշխատանք ենք իրականացրել: Պիտի ավարտին հասցնենք: Երիտասարդությանը պիտի խորհուրդ տամ՝ զգոն ու միասնական լինել, սիրել գյուղը, չհեռանալ հայրենիքից և աշխատել»,- ասել է Վալերիկ Փայտյանը:
Սահմանամերձ Վազաշենում բնակվող Երվանդ Գևորգյանն էլ փորձել է շենացնել հոր կառուցած տունը: Տարիների ընթացքում հասցրել է մեծացնել տան մակերեսը, կառուցել է նաև հյուրասենյակ, բայց տանիքի խնդիրը չի լուծվել: Քառասունհինգ տարվա խունացած թերթաքարերը կոտրատվել և շարքից դուրս են եկել: Գործընկերների աջակցությամբ Երվանդին հաջողվել է ընտանիքն ազատել հերթական ձմեռը հին տանիքի տակ ապրելու հեռանկարից: 1994 թվականին, սահմանին ականից ոտքը կորցրած տանտերը լավ գիտի խաղաղության գինն ու կարևորությունը: Նոր կառուցված տանիքին զույգ աղավնիների՝ խաղաղության, խորհրդանիշ է մոնտաժել:
«Սահմանին ենք ապրում, ուզում ենք, որ ամեն ինչ այնքան լավ լինի, որ հարևան երկիրը դրանից նեղսրտի: Տանիքն էլ ավելի փայլուն եմ կառուցել, որ տեսնեն՝ կանք ու լինելու ենք: Աղավնիներ եմ դրել, որ խաղաղություն լինի: Պատերազմական աշխարհ է, պատերազմ տեսած մարդ եմ: Թուրքից չեմ վախեցել ու չեմ վախենում: Եթե անհրաժեշտ լինի, նորից կկռվենք։ Բայց տանիքի վրա աղավնիները դրել եմ, որ հասկանան՝ մենք խաղաղության կողմնակիցներ ենք: Խորհուրդ եմ տալիս, որ երիտասարդներն ամուսնանան ու շատ երեխաներ ունենան»,- ասել է Երվանդ Գևորգյանը:
«Քանի դեռ մարդու մեջ ապրում է հավատը, բոլոր խնդիրները հաղթահարելի են: Եթե սահմանին ապրողը տուն է կառուցում, ուրեմն նրա սրտում կարող է ապրել հավատը: Այս ծրագրի միջոցով մենք ձգտում ենք ամրացնել սեփական հողում ապրելու և բարիք ստեղծելու գյուղացու կամքը: Նա կարող է երազել, ձգտել իր երազանքների իրականացմանը, եթե ունենա մենակ չմնալու վստահությունը: Թեև տարին շատ բարդ սկիզբ ունեցավ, ու մինչ օրս կան տարբեր խնդիրներ, մենք պիտի ամրանանք և շարունակենք կառուցել մեր երկիրը: Այդ սկզբունքով ենք առաջնորդվում մենք, մեր գործընկերներն ու բնակարանաշինության ծրագրից օգտվող մեր հայրենակիցները»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հուլիսյան պատերազմից հետո Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու և տան խնդրի առջև կանգնած ընտանիքներին սատարելու համար: Հատկացվել է ավելի քան 202 մլն դրամ։
Տարեսկզբին հայտարարված 37 ընտանիքի փոխարեն ընթացիկ տարում տան հետ կապված կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: