ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Նիկոլ Փաշինյան. Արցախը Հայաստան է, հայերի երկիր է». Նիկոլ Փաշինյանը պատասխանել է BBC-ի հարցերին

«Նիկոլ Փաշինյան. Արցախը Հայաստան է, հայերի երկիր է». Նիկոլ Փաշինյանը պատասխանել է BBC-ի հարցերին
07.10.2020 | 16:30

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է BBC-ի հարցերին: Թղթակից Ջոնա Ֆիշերին բացատրելով Ղարաբաղի խնդրի բարդ էությունը և 10 օր շարունակ ադրբեջանական զինուժի ծանրագույն հարվածներին դիմացող Արցախը պաշտպանելու հայ ժողովրդի առաքելությունը, վարչապետն ընդգծել է. «Այո, Արցախը Հայաստան է, հայերի երկիր է, որովհետև այնտեղ 80 և ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Իսկ Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր: Դրա համար էլ այսօր՝ ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է որևէ մեկն առաջարկում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են, քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել այդպիսի բան»:


BBC TV. - Երբ այդպես եք խոսում, թվում է, որ փոխզիջման մեծ հնարավորություն չկա:
Նիկոլ Փաշինյան. - Ոչ: Մենք պատրաստ ենք կոմպրոմիսի:
BBC TV. - Ի՞նչ կոմպրոմիս է: Դուք պատրա՞ստ եք փոխզիջման, Արցախին հարող գրավյալ տարածքների մի մասը զիջելու և այդպես խնդիրը լուծելու գաղափարն ընդունելի՞ է:
Նիկոլ Փաշինյան.- Բանակցային ողջ գործընթացի պատմության ընթացքում այդ գաղափարները քննարկվել են: Այդ գաղափարները քննարկվել են 2013-ին, 2015-ին, դրանից առաջ: Այդ գաղափարները կյանքի չեն կոչվել մի պարզ պատճառով. Ադրբեջանը հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
BBC TV. - Այսօր գործող միջազգային օրենքներով, Հայաստանն ավելի քան 25 տարի շարունակ ապօրինի բռնազավթել է Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները: Այդ են ապացուցում նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը:
Նիկոլ Փաշինյան. - Չկա այդպիսի բան: Ի՞նչ է դա նշանակում:
BBC TV. - Վերցրեք միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Ասամբլեայի բանաձևերը:
Նիկոլ Փաշինյան. - Տեսեք, էլի բոլորը և շատերը, ցավոք սրտի, մեջբերում են, հիշատակում են...
BBC TV. - Այն, ինչ ասում եք, պատմական պահանջ է, բայց միջազգային իրավունքի տեսակետից դուք սխալ եք:
Նիկոլ Փաշինյան. - Կներեք, չկա այդպիսի միջազգային օրենք, որի մասին Դուք ասում եք: Բոլորը մեջբերում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևեր: Ցավոք, շատ քչերն են կարդացել: Այնտեղ չկա որևէ բան, որը վկայի, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան: Չկա այդպիսի բան: Ես նոր նկարագրում էի Ձեզ Լեռնային Ղարաբաղի...
BBC TV. - Այդ բանաձևում ասվում է, որ տարածքները պատկանում են Ադրբեջանին:
Նիկոլ Փաշինյան. - Որովհետև Դուք ասում եք՝ Ստեփանակերտից եք գալիս, որովհետև Դուք տեսել եք այսօր, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է: Գոյութենական վտանգի ներքո: Այսինքն՝ ամբողջ խնդիրն այն է, որ եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա նշանակում է ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի համար:
BBC TV. - Դուք չորս անգամ զրուցել եք ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինի հետ, վերջին անգամ՝ նախօրեին: Եթե Հայաստանի տարածքը ենթարկվի հարձակման, Ռուսաստանը ձեզ ռազմական առումով կաջակցի՞:
Նիկոլ Փաշինյան. - Կա պայմանագրային որոշակի բազա, և այդ պայմանագրերով է նախատեսված, որ, այո, ՀՀ տարածքին անմիջական սպառնալիքի դեպքում որոշակի պարամետրերով Ռուսաստանը պետք է իր անվտանգային որոշակի պարտավորություններ կատարի:
BBC TV. - Պարզապես ճշտելու համար՝ անցած շաբաթվա ընթացքում Ձեզ հետ զրույցներում նախագահ Պուտինը վերահաստատե՞լ է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին այն դեպքում, եթե Հայաստանի տարածքը հարվածի ենթարկվի:
Նիկոլ Փաշինյան. - Գիտեք, ես հարցին կարող եմ պատասխանել քաղաքականապես՝ որ Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի: Այո:
BBC TV. - Ուրեմն, նա ասե՞լ է այդ մասին:
Նիկոլ Փաշինյան. - Այո:

Դիտվել է՝ 3841

Մեկնաբանություններ