«Ամեն օր թուրքն իր հուրն է թափում Արցախի գլխին, այդ ամեն օրը նա մատուռ մտնելու հայտ է ներկայացնում»
02.10.2020 | 00:54
Այս խառն օրերին, երբ բոլորը մի կողմ են թողել հակասությունները և միահամուռ ուժերով լծվել են հայրենիքի պաշտպանության գործին, Նիկոլ Փաշինյանն իր ոճին հավատարիմ, պիտի մի այնպիսի բան աներ, որ մարդկանց զայրույթը հարուցեր։ ՈՒ դրա համար կրկին գործի է դրվել սեփական լրատվամիջոցն ու անանուն խմբագրականը։ Ըստ այդմ, «Հայկական ժամանակի» երեկվա անանուն խմբագրականում (իրականում բոլորն էլ գիտեն անունը) բավական վտանգավոր թեզ էր առաջ քաշվել՝ Արցախի հարցում բանակցել Թուրքիայի հետ։ «...Ինչու՞ պետք է Հայաստանը պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ։ Եթե Ադրբեջանը դարձել է Թուրքիայի հերթական վիլայեթը (իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ հենց այդպես էլ կա՝ Ադրբեջանն այլևս անկախ ռազմաքաղաքական միավոր չէ), ժամանակը չէ՞ արդյոք, որ այդ վիլայեթն ընդհանրապես դուրս մղվի բանակցային գործընթացից, իսկ մենք ուղիղ բանակցություններ վարենք նրա «տիրոջ» հետ... Հիմա այլևս որևէ կասկած չկա, որ սա պատերազմ է Հայաստանի ու Թուրքիայի միջև, հետևաբար՝ բանակցություններն էլ պիտի այդ պետությունների միջև ընթանան»,- ասում է հոդվածագիրը։ Քաղաքական գործիչները, քաղաքագետները, հաշվի առնելով պատերազմի առկայությունը, իրենց զայրույթը փորձում են զուսպ արտահայտել, սպասելով պատեհ առիթի՝ այս մասին խոսելու համար։
Մինչ հայտնի խմբագրականին անդրադառնալը միջազգայնագետ Աննա Աբրահամյանին խնդրեցինք այսօրվա իրողությունները մեկնաբանել։ Ըստ նրա, Թուրքիայի ողջ ծրագիրն ու մեր դեմ հարձակումը Ադրբեջանի ձեռքով ունեցել է մեկ կարևորագույն նպատակ. այն է` արցախյան հակամարտության շուրջ բանակցություններում կողմ դառնալը: «Սա բխում է Էրդողանի նեոօսմանյան քաղաքական նկրտումներից, որն իր կուսակցության առանցքային նշաձողն է՝ նոր Թուրքիա, տարածաշրջանային գերտերություն, որ ձգվում է Լիբիայից մինչև Պակիստան: Սա ընդհանուր փաթեթն է։ Իսկ այն, ինչ փաթեթում է, ընգրկում է ներքաղաքական և արտքաղաքական գերխնդիրների մի ողջ տրցակ, որոնք չլուծելու դեպքում Թուրքիան կհայտնվի պառակտման շեմին: Ընդգրկվելով Սիրիայի պատերազմում` Թուրքիան նպատակ էր հետապնդում կարճ ժամանակում մաքսիմալ կերպով օգտագործել պատերազմը` իր այդ օսմանյան բրենդի, սուննիզմի եզակի կենտրոն դառնալու ելքով, ինչից հետո Էրդողանը կկարողանար ինքն իրեն արձանագրել թուրքական պատմության էջերում, որպես օսմանյան փառքը նորովի վերահաստատած առաջնորդ», -նախ փաստեց տիկին Աբրահամյանը։
Միջազգայնագետի դիտարկմամբ, Սիրիան չհանձնվեց, այլ վերածվեց բազմակենտրոն աշխարհի բանակցային ներկապանակում ևս մի հավակնորդի, ընդ որում` կրտսեր հավակնորդի դերում, ինչը խոր հիասթափություն առաջացրեց հանուն պատերազմի տնտեսական քաղաքականություն փոխած թուրք հասարակության շարքերում, որի կուլմինացիան 2016-ի գյուլենիստական հեղաշրջման փորձն էր: «Բռնապետական տարերքները միակ փրփուրն էին այդ պահից ի վեր, որ Էրդողանն ընդունակ էր համադրելու ներքաղաքական կյանքում` դրսում ավելի ագրեսիվ, տարածքային և ֆինանանսական հոսքերի առումով ավելի ընչաքաղց պատերազմներ: Այս գործընթացը նա իրականացնում է 2016-ից ի վեր` դիվանագիտական գերշրջադարձեր կատարելով, փորձելով բախման բերել տարածաշրջանում ներկա գերտերություններին։ Իսկ ինքը բախումնային այդ էպիզոդներից դուրս գա ինչ-ինչ շահույթով` աստիճանաբար սնանկացող էլեկտորատի հույսերը բարձր պահելու և առաջիկա 2023-ին նրանց ձայնին ապավինելու հնարավորությամբ»։
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ՌԴ, Իրանի և Չինաստանի ավելի ընդլայնվող ներկայությունը տարածաշրջանում բարդացրեց եվրո-ատլանտյան ուժերի խաղը, որը գնալով ավելի ու ավելի սկսեց իրականացվել` հենվելով թուրքական զինուժի, թուրքական ղեկավարության կողմից կառավարվող ահաբեկչական խմբերի գործոնի վրա:
«Որքան ձգձգվեց այս գործընթացը, այնքան հավելվեցին նորանոր խրթին շերտեր, որքան բարդացան այդ շերտերը, այնքան ավելի կարևորվեց Թուրքիայի համար բանակցային, ռազմական կամ տնտեսական շահ պոկելու նպատակը, որովհետև եթե Էրդողանի իշխանությունն այս բոլոր կռվաբեմերից վերադառնա դատարկաձեռն, Էրդողանը ոչ միայն կկորցնի իշխանությունը, այլ նախքան իր բռնապետական տարերքներին գերի դարձած հասրակության կողմից նոր առաջնորդ գտնելը` երկիրը կմատնի խոր ներքաղաքական, տնտեսական-սոցիալական քաոսի»,- շեշտեց Աբրահամյանը:
Մեր զրուցակցի պնդմամբ, աստիճանաբար հատվող ու ավելի հուժկու ձևով Էրդողանի քթին փակվող դռները Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում պատճառ հանդիսացան Թուրքիայի համար` փնտրելու նոր դռներ, փորձելու դրանք բացել իր գիտցած միակ բանալիով՝ նեոօսմանյան տեռորով: «Այս բանալին ձեռքին` ինքնակոչ սուլթանը հայտնվեց նախ Նախիջևանում և Բաքվում, ապա ռմբակոծությամբ թակեց Արցախի հինավուրց դուռը և անգրագետ ու արյունարբու վարձկանների պիղծ ոտքը փորձեց մտնել Հայոց մատուռը»,- նշեց միջազգայնագետն ու անդրադարձավ երեկ Փաշինյանին պատկանող թերթի հոդվածին։
«Եվ երեկ, կարդալ երկրի գերագույն գլխավոր օրաթերթում մեր դուխով աննախադեպ շռայլ վարչապետի ակնարկն առ այն, որ այդքան էլ վատ գաղափար չէ այդ մատուռից փայաբաժին պատրաստել «սուլթանի» համար, ուղղակի դավաճանություն է: Սոսկ այն հանգամանքը, որ նրա միտքը կարող է ինքն իրեն նման ենթադրությունների գիրկն ընկել, կարծում եմ հա՛տկապես այս օրերին, դավաճանություն է... Զի նախ դավաճանում են մտքով և ապա` սրտով...»,- ասաց միջազգայնագետը, ապա հավելեց, որ Թուրքիան չի կարող այդ մատուռը մտնել ու ապականել ու իր երազի երկիր Կենտրոնական Ասիայի տափաստաններին միանալ այնքանով, որքանով իրար 1,5 տասնամյակ է բզկտող ԵԱՀԿ համանախագահողների Մինսկի խմբի եռյակը։
«Թուրքիան, այսպիսով, նավթա-խավիարային անելանելի հեղձուկից խեղդվող Ադրբեջանի բռնապետի ու բռնապետուհու խռխռացող ձայնով նախ որոշեց հայտարարել, որ մատուռի բակում ոչ ոք էլ չկա, ով էլ որ կա, ոչ բանալի ունի, ոչ էլ նոր տեր է փնտրում, իսկ հետո սկսեց հարձակումը` հերթական անգամ իր այլևս ավանդական դարձած զոհի դեմ: Ամեն օր թուրքն իր հուրն է թափում Արցախի գլխին, այդ ամեն օրը նա մատուռ մտնելու հայտ է ներկայացնում: Այսօր մատուռի բակում տարիներ շարունակ խելք խելքի տվողները հայտարարեցին, որ իրենք տեղում են, սակայն նրանցից առաջ ընկավ դեղին մամլո խմբագիր մը ու առաջարկեց. իսկ ինչու՞ ոչ, թող Թուրքիան էլ բակ մտնի... Մտնելը կմտնի, առանց քո ասելու էլ կմտնի, ոմն խմբագիր ջան, ու ոչ միայն բակը կմտնի, մատուռն էլ հետը կմտնի... Ինչից հետո կսկսվի հերթական «Այստեղով անցել է թուրքը» ողբագին էպոպեան... Հերթական կոտորած, հերթական տեղահանություն, հերթական «Հայը շենացնում է ամեն երկիր, ուր ապրում է», հերթական խաչքարերը, հերթական Ապրիլ 24-յան ոգեկոչման ավանդույթը»,- հավարտ վրդովված արձանագրեց Աննա Աբրահամյանը։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով հոդվածում հնչած թեզին, ասաց, որ Թուրքիան ինչքան հնարավոր է, պետք է հեռու մնա այս հակամարտությունից, բանակցային գործընթացից։ «Հոդվածագիրը պատմությունից ու քաղաքականությունից բացարձակ հեռու է, դա է փաստում նման անտրամաբանական առաջարկի հրապարակումը։ Իհարկե, հասկանում եմ, որ դիլետանտիզմի մակարդակով, ժողովրդի նյարդերի վրա ազդելով փորձ է արվում ներկայացնել, թե տեսեք-տեսեք Հայաստանը ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ է բանակցում, բայց ինչպես ասում են աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում»,- փաստեց քաղաքագետը՝ հորդորելով նման մտքեր արտահայտողին շատ զգույշ լինել։ Ըստ մեր զրուցակցի՝ բանակցությունների լավագույն ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, իսկ դրանից ցանկացած շեղում միայն հօգուտ Ադրբեջանի է լինելու, Թուրքիան չպետք է որևէ ձևաչափով, որևէ հարցով ներկա լինի այդ գործընթացում։ «Հիմա Երևանը պետք է պահանջի, որ Անկարան, որպես հակամարտող կողմերից մեկի դաշնակից, դուրս շպրտվի Մինսկի խմբից, այլ ոչ թե մեր հրավերով դառնա բանակցային գործընթացի ակտիվ մասնակից, որի մասին թուրքերը վաղուց են երազում»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։
Հավելենք` Ֆեյսբուքյան հարթակում էլ առայժմ առանց խիստ շեշտադրումների, բայց անդրադառնում են այս հոդվածին։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս Ֆեյսբուքում գրել է. «Նիկոլ Փաշինյանին հիշեցրեք, որ Հանրապետականը և ամբողջ ընդդիմադիր դաշտը պետության ու բանակի կողքին են, ոչ թե իր անհեթեթ խմբագրականների ու ցնդաբանական գաղափարների: Մենք ասում ենք՝ Թուրքիան հեռացրեք ԵԱՀԿ Մինսկի խմբից, դուք ասում եք` բանակցե՞նք Թուրքիայի հետ: Ընթացող պատերազմի ժամանակ վարչապետի մակարդակով բանակցային ֆորմատ քննարկելու ժամանակը չէ, այն էլ՝ նման կործանարար շեշտադրումներով: Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում լեգիտիմացնել չի կարելի: Եթե այդ հոդվածով ուրիշ պետությանը ինչ-որ բան էիր ուզում լսեցնել, դրա համար ունես ԱԳ նախարար և այդ երկրում դեսպան: Կամ հատուկ կապ, ի վերջո»։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանն էլ «Տգիտության հեղափոխական չարաշահում» խորագրի ներքո գրում է. «Հայկական ժամանակի» այսօրվա խմբագրականի ոչ անհայտ հեղինակը, ըստ էության, փոխել է իր տխրահռչակ բանաձևը և խմբագրել այն։ Ըստ այդ նոր բանաձևի՝ Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է բավարարի ոչ միայն Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին, այլ նաև Թուրքիայի ժողովրդին։ Ճիշտ էր փիլիսոփա Ռասելը, երբ պնդում էր, որ բոլոր չարիքների հիմքում տգիտությունն է։ Ճիշտ էր նաև մեծն Օտյանը, երբ նկարագրում էր հեղափոխական Փանջունուն»։
Պատրաստեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ