Ֆրանսիայի հավաքականի ու «Պարի Սեն Ժերմենի» առաջատար ֆուտբոլիստներից Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով՝ դառնալով վերջին շաբաթում ֆրանսիական ակումբի յոթերորդ հիվանդացած ֆուտբոլիստը։ Աշխարհի չեմպիոնն իսկույն ևեթ մեկուսացվել է հավաքականից։ Պատահական չէ, որ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում նա չկար Խորվաթիայի ընտրանու հետ հանդիպմանը։ Առջևում, բնականաբար, սպասվում է մեկուսացման 14 օր ու պարտադիր բուժում համավարակից։
Այն, որ տաղանդավոր այս ֆուտբոլիստը վարակվել է, ինքնին վատ է, սակայն վատ լինելու կողքին նաև չափազանց խնդրահարույց է դառնում «Պարի Սեն Ժերմեն» ակումբում առկա վիճակը. հուսով եմ`չեք հասցրել մոռանալ վերջին շաբաթում հիվանդացած ևս վեց ֆուտբոլիստի պարագան։ Հիվանդացածներից են արգենտինացի կիսապաշտպաններ Անխել դի Մարիան ու Լեանդրո Պարեդեսան, ովքեր լարված մրցաշրջանից հետո իրենց հանգիստն էին անցկացնում Իբիցայում, որտեղ էլ շփումներ են ունեցել վարակված անձանց հետ։ Այս երկուսին հետո եկել են գումարվելու Մաուրո Իկարդին, Ադեր Էռերան, Կեյլոր Նավասն ու Նեյմարը։ Իբիցայում նրանք եղել են վերը հիշատակված արգենտինացիների հետ։
Դառնալով երկրի առաջնությանը, նշենք` ինչպես որ այն եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների մեջ առաջին ընդհատվածը եղավ (ի դեպ՝ այդպես էլ չվերսկսված), այնպես էլ առաջին մեկնարկածը։ Նկատենք, որ դիվիզիոնում արդեն երկու տուր կայացել է։ Ճիշտ է, մայրաքաղաքային ակումբի անվան դիմաց առայժմ զրոներ են գրանցված, սակայն դա այդպես է այն պատճառով, որ Չեմպիոնների լիգայի խաղարկությունն ակումբի համար հաճելիորեն երկարեց, ինչի համար թիմը հանգստանալու գրեթե ժամանակ չունեցավ։ Սույն հարցում երկրի ֆուտբոլի ֆեդերացիան միանգամայն տրամաբանված ընդառաջ գնաց թիմին, սակայն հիմա էլ վարակի այս «հրավառությունն» է։ Արդեն իսկ պարզ է, որ «Լանսի» հետ սեպտեմբի 9-ին նշանակված հանդիպումը չի կայացել, ոչ պակաս մեծ հարցականի տակ է սեպտեմբերի 13-ի տնային հանդիպումը «Մարսելի» հետ։
Հարկավ լուծումներ կգտնվեն, սակայն տագնապահարույց է մնում այն, որ կորոնավիրուսը նահանջի միտում չի էլ դրսևորում, իսկ դրա դեմ առնվելիք քայլերն ուշանում են։ Համաճարակի հերթական նոր բռնկումը մարդկությանը կարող է լրջորեն ու տևական ժամանակով պարտադրել քաշվել «պատյանի» մեջ, սակայն այսպես անվերջ մեկուսացումով մինչև ե՞րբ, մինչև ու՞ր։
Իսկ գուցե սա՞ է դառնում մեզ պարտադրված կյանքը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ