«Բարսելոնից» Մեսիի հեռանալու սկանդալային պատմությունը կարծես թե ավարտվեց։ Համենայն դեպս, առաջիկա մեկ տարվա համար այն քննարկումից դուրս թեմա է։ Ֆուտբոլիստի նման որոշման դրդապատճառ եղան ակումբի հետ ունեցած պայմանագրի մեջ ներառած մանր ու մեծ խորամանկությունները, որոնք ֆուտբոլային գերաստղին հարկադրեցին մնալ «ոսկե» թակարդում։ Սակայն մնալու այս հարկադրանքի մեջ լուրջ փաստարկ կա, որը բնութագրում է Մեսիի կերպարի բարոյական ու ակումբի նախագահի անբարոյական լինելը։ Նկատի ունենք, որ արգենտինացին գերադասեց դատական վիճարկումների մեջ չմտնել ակումբի հետ, իսկ Բարտոմեուն հավատարիմ չմնաց տղամարդու իր տված խոսքին։
Ո՞րն էր «ոսկե» թակարդում Մեսիին պահելու խորամանկությունը։
Հենց այն ինչը, որ դրված էր նրան ձեռք բերելու համար պահանջվող գնի մեջ։ Որքան էլ նավթի հետ եկած փող, այնուամենայնիվ, 700 միլիոն եվրոն շոշափելի գումար եղավ ֆուտբոլային շեյխերի համար։
Մեսիի հայտնվելը մարզաբազայում սպասվում էր շաբաթ. այդ օրը նա գալու էր կորոնավիրուսի թեստ հանձնելու։ Բացասական արդյունքի դեպքում ֆուտբոլիստը մոտակա ժամանակներում ստանալու էր թիմի մարզումներին մասնակցելու հնարավորություն, իսկ առջևում արդեն պլանավորված հանդիպումներ կան (12-ին՝ երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Խիմնաստիկի», 16-ին՝ սեկունդայում հանդես եկող «Ժիրոնայի» հետ, իսկ արդեն սեպտեմբերի 27-ին Ռոնալդ Կումանի սաների 2020-2021 մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումն է «Վիլիառեալի» հետ), որոնք ցույց են տալու թիմի պատրաստվածության աստիճանը։
Լավ, Մեսին է, չեկավ շաբաթ, կգա երկուշաբթի, ու դրանից հեղափոխությունը չի տուժի. իրեն էլ հասկանանք. ակումբի ղեկավարության հետ եղածը հոգեբանորեն մարսել է պետք; Իսկ այս ընթացքում Կումանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել թիմի պարապմունքների անցկացմանը, որը բավականին «թրատված» կազմ ունի։ Այսպես, ֆուտբոլիստների մի մասը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում մեկնել է ազգային հավաքականներ, իսկ Լուիս Սուարեսին ու Արթուրո Վիդալին նոր գլխավոր մարզիչը զրկել է պարապմունքներին մասնակցելուց, քանի որ դրա համար ունի ավելի քան ծանրակշիտ պատճառ. առաջինը գնում է «Յուվենտուս», երկրորդը՝ «Ինտեր»։
Բնականաբար, Կումանը ձեռքերը ծալած նստած չէ, փնտրում է Մեսիի համար նոր խաղընկերներ։ Սուարեսի տեղի համար նա նկատի ունի Մեմֆիս Դեպային, ով անցած մրցաշրջանում փայլուն մրցելույթներ ունեցավ ֆրանսիական «Լիոնում», իսկ Վիդալին հավանաբար կգա փոխարինելու Ժորժինիո Վեյնալդումը «Լիվերպուլից»։ Այստեղ մի նուրբ դիտարկման վրա մարզասերի ուշադրությունը սևեռենք. Մեսիին հարկ կլինի իրեն քաջ հայտնի լատինաամերիկյան զույգի փոխարեն լեզու «թրջել» Նիդերլանդների ներկայացուցիչների հետ։ Չմոռանանք, որ Կումանն էլ է այդ երկրի ներկայացուցիչ։
Նոր հրամայականներով նոր ժամանակնե՞ր են Մեսիի համար։
Նրա ֆուտբոլային քաշն ու կշիռը նկատի ունենալով՝ թերևս ոչ, թեպետ, կամենաս, թե ոչ, մի չափից դուրս ռեալ իրողություն է դանդաղ ռումբի պես սկսում գործել; Ավելի շուտ՝ արդեն իսկ սկսել է գործել։ Ժամանակներն անցնում են, ֆուտբոլային տարիքն ավելի ու ավելի է մոտենում սահմանայինին։ Իհարկե, նրա հանճարը նկատի ունենալով՝ ոչ մեկն էլ չի համարձակվի ժամանակային այդ չափման հստակ սահմանները նշել, բայց դե...
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ