Սկսեցի՜նք, թեպետ առանց սկսելու էինք սկսել
08.09.2020 | 00:35
Մեկնարկել է հավաքականների մակարդակով այս տարվա ամենախոշոր ֆուտբոլային հանդիսությունը՝ Ազգերի լիգան։ Արդեն իսկ առիթ ենք ունեցել գրելու, որ C խմբում հանդես եկող մեր ընտրանու համար այն համատեղվեց բոլոր ժամանակների հայ լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Հենրիխ Մխիթարյանի վրա կազմակերպված գրոհով։
Հարկավ գիտեք՝ պատճառաբանելով մարզական ոչ բավարար մակարդակը, ֆուտբոլիստը մերժել էր ընտրանու հավաքին մասնակցելու հրավերը, ինչը վիրավորել էր ոմանց «հայրենասիրական» զգացմունքները, ու մոնղոլ-թաթարական արշավանքի հանգույն փորձել էին անցնել նրա վրայով՝ մերժման մեջ տեսնելով ոչ այնքան օբյեկտիվ իրողություններ, որքան անձնական հողի վրա վիրավորվածության տարրեր։
Օբյեկտիվ լինենք. եթե նման բան էլ կա, Մխիթարյանն ընդամենն իր արժանապատվությունն է հերթական անգամ հավաստել՝ թերմացքին առարկայնորեն ցույց տալով, որ բարոյական մարդու համար բարոյականություն ունենալը պարտադիր է։ Այո, նա մերձավորին պաշտպանության տակ վերցնելու բոլոր իրավունքներն ուներ՝ այն էլ մոր նման սրբազնագույն անձի պարագայում, ու ոչ մեկի գործը չէ դատավորի դերի մեջ մտնելը։ Բավարարվենք այսքանով, դառնանք Հյուսիսային Մակեդոնիայի հետ ունեցած խաղին։
Պարտվել ենք։
Ասել թե հանդիպման ելքն անակնկալ էր, նշանակում է բացարձակապես գաղափար չունենալ հայկական ֆուտբոլում առկա վիճակից։ Հնարավոր դիմադարձության փորձ-արդարացումը, թե մեր դարպասի երկու գրավումն էլ տանտերերը հաջողեցրել են 11-մետրանոցից իրականացված տուգանայիններով, մանկամիտ կհնչի, որովհետև այդ 11-մետրանոցներն էլ խաղի բաղկացուցիչ են, և հետո այնպես չէ, թե մենք մեր խփած գոլը խաղային այլ իրավիճակից ենք իրացրել։
Եթե բանը հասավ մեր խփածը որպես փաստարկ բերելուն, ստիպված պետք է հիշեցնենք, որ տանտերերը վայրկյան-վայրկյան սպասում էին խաղավարտի մասին ազդարարող սուլիչի ձայնին, ու այդ գոլը բաց թողնելը նրանց կողմից ընդամենը զգոնությունը կորցնելու հետևանք էր, որն արդեն ոչնչով չէր կարող ազդել հանդիպման ելքի վրա։ Այնպես որ, ինչ էլ ասեն ու գրեն, խաղի մասին ամենառեալ ու սթափ գնահատականն արդեն իսկ տրվել է, ու այդ տվողը մեր ընտրանու գլխավոր մարզիչ Կապարոսն է իր այն հավաստմամբ, թե հանդիպումը կարող էր միանգամայն այլ ելք ունենալ։
Ճշմարիտ խոսքեր, ճշմարիտ գնահատական։
Իհարկե հանդիպումը կարող էր միանգամայն այլ ելք ունենալ, եթե հյուսիսմակեդոնացիներն այդ երկու գոլը խփած չլինեին, ու միայն մենք գոլ հեղինակած լինեինք։ Հանդիպման հնարավոր ելքի վերաբերյալ այլ տարբերակներ էլ կարելի է վկայակոչել, սակայն այդ ամենը կլինի իրականությունը թողնել մի կողմ ու տրվել եթե-ներով խաղին։ Մինչդեռ իրականությունն այն է, ինչ եղել է, կա։
Անցած ժամանակը թողած մի կողմ՝ հարց՝ այս կազմով կարո՞ղ ենք հասնել հաջողության, անգամ եթե Հենրիխ Մխիթարյանի նման հավաքականաստեղծ ֆուտբոլիստին էլ ներառենք թիմի հենք։
Պատասխան՝ մեկ երկու լոկալ հանդիպման մակարդակով` գուցե, ամբողջության մեջ՝ ոչ։
Նայեք երկրի առաջնության մասնակից թիմերի կազմը։
Այնտեղ ովքե՞ր են չեղած որակի մեջ որակի պատրանք ստեղծողները։
Կեցցեք, հրավիրված ֆուտբոլիստները։
Այս պարագայում՝ անկախ մաշկի ունեցած գույնից։
Իսկ մտածել, թե մեր պարագայում մաշկի գույնով է պայմանավորված ֆուտբոլիստի լավ կամ վատ խաղալը ու փորձել ազգային ընտրանու հնարավոր «գունափոխման» ճանապարհով հասնել նրա խաղային որակի բարձրացմանը, ոչ ավել-ոչ պակաս հավասարազոր է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյան լինելուն. ասել է թե` բուն խնդրի լուծումը թողած՝ տրվել անկապություններ բլթացնելուն։
Մեր ֆուտբոլին սթափ հայացք է պետք։
Նույն «Նեմեց Ռուբոյի» ժամանակներից ոտքի կանգնելու փորձ կատարող հայկական ֆուտբոլը այդ նույն «Նեմեց Ռուբոյի» տիրապետման իքս ծամանակահատվածից մենք տվեցինք փուռը, երբ ֆուտբոլի մասին սկսեցին դատել որպես քաղաքական կատեգորիայի, ու հորթի անսանձ հրճվանքով տրվեցինք «հաղթում է բարեկամությունը» դատարկախոսությանը՝ ֆուտբոլային մի ողջ սերնդի ողնաշար կոտրելով։ Եվ այս ոճրագործությունից հետո դեռ զարմանում ենք, որ մեր թխած հացը կամ անեկ է ստացվում, կամ էլ անվերջ կուտ գնացող է։
Մի հարց էլ իր հնարավոր պատասխանով, ու փակենք թեման։
Նոր գլխավոր մարզչով կարո՞ղ ենք հասնել հայկական ֆուտբոլի որակական ցուցանիշների բարելավման։ Իհարկե կարող ենք, եթե
-նրա մարզչական գիտելիքները բավարար են (հեյ գիտի, հա, Պորտերֆիլդ, լույս իջնի գերեզմանիդ), ու եկել է ոլորտում արմատական փոփոխություններ անելու, ոչ թե խոպանի զգացողությամբ,
-ֆուտբոլային ֆունկցիոներները չեն խանգարելու։
Ինչ ասեմ, տա Աստված, որ գոնե այս ոլորտում առաջընթաց լինի։
Սպասենք հուսալով։
Հպանցիկ մի երկու անդրադարձ Ա լիգայում եղած հանդիպումներից մի քանիսին։ Գերմանիայի ընտրանին 1։1 հաշվով է հանդիպումներն ավարտել թե իսպանացիների, թե շվեյցարացիների հետ։ Առաջինում միավոր կորցնելուց հետո իսպանացիները 4։0 հաշվով ջախջախել են ուկրաինացիներին, ովքեր առաջին խաղում երեք միավոր էին կորզել շվեյցարացիներից՝ հաղթելով 2։1 հաշվով։
Բոսնիա և Հերցեգովինայի հետ մեկական գոլ են փոխանակել իտալացիները, որոնց մրցակիցը երեկվա դիմակայությունում Հոլանդիայի ընտրանին էր ու որն առաջին խաղում նվազագույն հաշվով պարտության էր մատնել Լեհաստանի հավաքականին։
Ա լիգայում հանդես եկող հավաքականներից հաղթանակներ են տարել նաև ֆրանսիացիներն ու անգլիացիները, երկուսն էլ առավելության են հասել նվազագույն հաշվով, իսկ մրցակիցներն են եղել Շվեդիայի ու Իսլանդիայի ընտրանիները։
Փայլուն է մեկնարկել Պորտուգալիայի հավաքականը` սեփական հարկի տակ գերազանց հանդիպում անցկացնելով և 4։1 հաշվով պարտության մատնելով խորվաթներին (այստեղ էլ խաղը թողել է Քրիշտիանու Ռոնալդուն)։ Արտագնայում համոզիչ են եղել բելգիացները, նրանց մրցակիցն է եղել Դանիայի հավաքականը՝ 2։0։
Այսօր մերոնց երկրորդ հանդիպումն է։ Մրցակիցն առաջինում սեփական հարկի տակ վրացիներին զիջած Էստոնիայի ընտրանին է։ Մյուս հանդիպումներից առանձնացնենք Շվեդիա-Պորտուգալիա, Ֆրանսիա-Խորվաթիա, Դանիա-Անգլիա, Բելգիա-Իսլանդիա առճակատումները։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ