Ըստ քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ, այսօրվա իշխանության որակն ուղիղ համեմատական է հասարակության զարգացածությանը, քաղաքացիական գիտակցությանը, որովհետև հենց հասարակությունն է հանդուրժում, որ ամեն ինչ մեկ մարդու ձեռքում կենտրոնանա, նա էլ վարվի այնպես, ինչպես ուզում է։ Ռազմական գործողություններին հետևած զարգացումների, ներքաղաքական խնդիրների շուրջ զրուցել ենք քաղաքագետի հետ։
-Սահմանին հարաբերական անդորր է, այս ընթացքում իշխանությունները կարողացա՞ն ճիշտ վերլուծել կատարվածը և հետևություններ անել։
-Եթե հաշվի առնենք վերջերս կառավարության նիստում 7 սկզբունքների մասին Փաշինյանի հայտարարությունը, կարելի է ասել` մասամբ հետևություններ արել են։ Սակայն ինչպիսին կլինեն գործնական քայլերը, առայժմ դժվար է ասել։ Այս ամենով հանդերձ նա շարունակում է իր հին դիրքորոշումը պնդել, որից լուրջ հեռանկար սպասելն անիմաստ է։ Փաշինյանն արձանագրեց, որ այս կոնֆլիկտում լուրջ գործոն է դարձել Թուրքիան, և կարևորեց Ռուսաստանի հավասարակշռված դերակատարումն այս ամենում։ Եթե նախկինում Թուրքիայի գործոնին այդքան լուրջ չէին վերաբերվում, այսօր բոլորի աչքերը բացվեցին։ Այս իմաստով դրական ուղերձ կա։ Այն մարդիկ, որոնք հանդես էին գալիս հակառուսական հռետորաբանությամբ, առնվազն այս օրերին լռում են, որովհետև հասարակությունը հասկացավ, թե ինչ է իրենից ներկայացնում Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանի վրա և Ադրբեջանի հետ կապը։ Հիշեցնեմ, որ 2010-ին Թուրքիան Ադրբեջանի հետ կնքել է ռազմական փոխօգնության պայմանագիր, որի համաձայն Թուրքիան կարող է ուղղակի ռազմական միջամտություն ունենալ այս հարցում։ Տեսականորեն իշխանությունները գուցե արել են հետևությունները, բայց գործնական քայլերն առաջիկայում կերևան։
-Դիվանագիտական հարթակում ի՞նչ միտումներ եք նկատում։
-Այս հարթակում աշխատանքը շատ կարևոր է։ Ճիշտ է, ռազմական դաշտում դիրքային առավելություն ստացանք, բայց դա դեռ չի նշանակում, որ դիվանագիտական դաշտում կարող ենք հաջողություններ արձանագրել։ 2016-ի ապրիլին Ադրբեջանը դիրքային առավելություն ստացավ ռազմական դաշտում, բայց դիվանագիտական դաշտում խոշոր պարտություն կրեց. նկատի ունեմ Վինեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի համաձայնությունները, երբ միջնորդները պարտադրեցին ու պնդեցին, որպեսզի միջազգային մոնիտորինգի համակարգեր ներդրվեն։ Թեև Ադրբեջանը չընդունեց դա, սակայն բոլորին ակնհայտ էր, որ Ադրբեջանն էր վերսկսել ռազմական գործողություններ։ Ըստ էության, Ադրբեջանը զրկվեց բովանդակային բանակցություններ անցկացնելուց, այսինքն՝ գուցե ռազմի դաշտում որոշակի դիրքային առավելություն ստացավ, բայց դիվանագիտական ճակատում լուրջ կորուստներ կրեց։ Այսօր մենք ռազմի դաշտում փոքր հաջողություն ենք արձանագրել, թե ինչ կլինի դիվանագիտական դաշտում, դժվարանում եմ ասել։
-Երկու տարի մոռացության տալով այդ պայմանավորվածությունները և հայտարարելով, թե սեփական կետից է սկսում բանակցությունները, Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն խոսում է անվտանգության մեխանիզմների ներդրման մասին, այսինքն, վերադառնում է այն կետին, որին հանգել էին նախորդ իշխանությունները բանակցությունների ժամանակ։ Արժե՞ր 2 տարի կորցնել։
-Ինքն անձամբ համոզվեց, թե ինչ է նշանակում «սեփական կետից» սկսել՝ խոստովանելով, որ այս երկու տարում անհասկանալի բաներով է զբաղվել։ Այն համաձայնությունները, որոնք օրակարգում էին, որոնք նա փաստացի ջրեց, ակնհայտ է, որ Ադրբեջանը մերժելու է։ Եթե 2-3 տարի առաջ մենք դիվանագիտական հարթակում ունեինք ամուր դիրքեր, այսօր նույնը դժվար է ասել, որովհետև Ադրբեջանը համարում է, թե ինքն է զոհը և փորձելու է դիվիդենդներ շահել միջազգային հարթակներում։ Չեմ կարծում նաև, որ կցանկանա երբևէ վերադառնալ այդ համաձայնություններին։
-Ռազմական գործողություններին հետևեցին արտերկրում ծավալված բավական վտանգավոր զարգացումներ։ Հայերի և ադրբեջանցիների միջև բախումների այս ընթացքում Հայաստանը, որպես պետություն, կարողացա՞վ մեր հայրենակիցներին դրսում պաշտպանել, նեցուկ լինել։
-Ադրբեջանի ղեկավարությունը, ռազմական դաշտում պարտություն կրելով, զգաց, որ կարող է իշխանությունը կորցնել։ Ալիևը և նրա կինն իշխանությունը կորցնելու վտանգ զգացին, որովհետև նրանց հասարակությունը զայրացած է, 20 տարուց ավելի լսել էին, թե իրենց բանակը կայացած է, 2 օրում կարող է ոչնչացնել Հայաստանը, Երևանն իրենցն է լինելու։ Սրան զուգահեռ, ադրբեջանցիները տեսան, որ իրենց բանակը խոշոր կորուստներ է գրանցում, սպանվում են գեներալներ, բարձրաստիճան զինվորականներ։ Այս առումով Ալիևը ռազմի դաշտում կրած պարտությունը փորձում է փոխհատուցել այլ երկրներում հայերի հետ բախումներ հրահրելով։ Սա ստոր ու նենգ գործողություն է նրանց կողմից, որով փորձ է արվում իրենց երկրում լարվածությունը թուլացնել։ Այս նպատակով հրահրում ու լարում է իրավիճակն աշխարհով մեկ։ Իսկ Հայաստանը պիտի իր դեսպանատների միջոցով ակտիվ աշխատի տեղի իշխանությունների հետ, որովհետև բախումներն առաջին հերթին վտանգ են ներկայացնում այդ երկրների համար, որովհետև եթե այդ բախումները շարունակվեն, չի բացառվում, որ նման բաներ լինեն նաև այնտեղ ապրող այլ ազգությունների միջև։ Բոլորս ենք հիշում, որ ազգամիջյան բախումները հանգեցրին Խորհրդային Միության փլուզման։ Եթե Ռուսաստանը կտրուկ քայլերի չդիմի ու չկանխի հայ-ադրբեջանական բախումները, վաղը կարող է ինգուշների ու չեչենների կամ թաթարների ու բաշկիրների միջև բախում սկսվել։ Հայաստանը պիտի իր դիվանագիտական խողովակներով շատ սերտ, ակտիվ աշխատի այդ երկրների իշխանությունների հետ։
-Այսօր հանրային քննարկումների կենտրոնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Բարձր միավորներով դիմորդները բուհ չեն ընդունվել, կրթական չափորոշիչների դեմ էլ բողոքում են մասնագետները։ ՈՒշագրավ է նաև, որ Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել այս առումով, չի հանդիպել դժգոհող դիմորդներին։ Ձեր գնահատականն այս խնդիրներին։
-Սա բնորոշ է վոլյունտարիստական մտածողություն ունեցող իշխանությանը։ Կրթության նախարարությունը ընդունելության քննությունների կարգը փոխում է մայիսի 25-ին, պատկերացնու՞մ եք, թե սա ինչ է նշանակում։ Գաղտնիք չէ, որ դիմորդները առնվազն մեկ տարի պարապում են այն առարկաները, որոնցից պետք է քննություն հանձնեն և հանկարծ տարվա վերջում տեղեկանում են, որ խաղի կանոնները փոխված են, և նախկին սանդղակը չի աշխատելու։ Նախ այդ փոփոխությունը վիճելի է, որովհետև անհասկանալի է, թե ինչու 7,5 բալ ստացած դիմորդը պիտի ընդունվի, իսկ 17,5 միավոր ստացածը` ոչ։ Սա արդարության խնդիր է ու վիճելի հարց։ Իշխանությունը ներկայացնում է իր հակափաստարկները, որոնք պետք է հանրային քննարկման դրվեին առնվազն մեկ տարի առաջ, որպեսզի դիմորդները նախապես հասկանային, թե ինչ կանոններով են մասնակցում քննություններին։ Սա ցույց է տալիս, թե իշխանությունն ինչ աստիճանի արհամարհական վերաբերմունք ունի քաղաքացու հանդեպ, ու կապ չունի դիմացը ովքեր են՝ դիմորդները, մսավաճառները, վարկերի տակ կքած քաղաքացիները։ Եթե իշխանությունը մի շերտի հանդեպ նման վերաբերմունք ունի, բնականաբար, մյուսների հանդեպ էլ նույնն է։
Սա վերաբերում է նաև կրթության չափորոշիչներին։ Երբ ժողովուրդը պատրաստ է իր բոլորը լիազորությունները տալ մեկ մարդու՝ հուսով, որ այդ մարդն իր իղձերը կիրականացնի, ապա ճիշտ հակառակն է լինում։ Պատմության փորձը դա է միշտ ապացուցում։ Պարզապես մեր հասարակությունը, կներեք, տգետ է, չի հասկանում, որ մեկ մարդուն այդքան լիազորություններով օժտելը նշանակում է դառնալ նրա ստրուկը, հատկապես, եթե այդ մարդը փորձում է իր ճանապարհին հանդիպած բոլոր խոչընդոտները, այդ թվում ՍԴ-ի խնդիրը, վերացնել ու մենիշխանություն ձևավորել։ Այս ամենից հետո, բնականաբար, նա ոչ մի շերտից էլ վախ չունի և իր պատկերացումների շրջանակում էլ ողջ երկիրը կառավարում է։
-Ի դեպ, բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՍԴ-ի թեկնածուի հարցում։ Նիկոլ Փաշինյանի առաջարկած թեկնածուին քննադատում են անգամ նրա համախոհները, մի՞թե Փաշինյանի շրջապատին էլ սկսել են չգոհացնել նրա քայլերը։
-Իր շրջապատի խոհանոց չեմ ուզում մտնել, կարծում եմ, հանրությանը դա բացարձակ հետաքրքիր էլ չէ։ ՈՒմ էլ նա ներկայացնի, բոլորն էլ, ի դեմս այդ թեկնածուի, ընկալվելու են որպես Փաշինյանի գրպանում գտնվող դատավորներ, անկախ այն հանգամանքից, թե այդ անձը լա՞վ մասնագետ է, հաջո՞ղ մարդ է, թե՞ ոչ։ Երբ գործադիր իշխանությունը ՍԴ դատավոր նշանակելու լիազորություն է ստանում, բոլորն էլ հասկանում են, որ նա լինելու է «Փաշինյանի մարդը»։ Սա նշանակում է, որ նա ստանում է ամբողջատիրական իշխանություն երկրով մեկ, և եթե այս ամենը տեսնելով, հասարակությունը լռում է, իրավունք չունի որևէ ոլորտում պահանջներ ներկայացնելու, լինի դիմորդ, թե ոլորտ ներկայացնող։ Երբ մարդիկ լռությամբ իրենց լիազորությունները հանձնում են մեկ մարդու (կապ չունի` նրա ազգանունը Փաշինյա՞ն է, Սարգսյա՞ն, թե այլ բան), պիտի հասկանան, որ վաղը զրկվելու են բողոքելու իրենց իրավունքից, որովհետև, երբ իշխանությունը ստանում է բացարձակ իշխանություն, դա նշանակում է, որ այդ իշխանությունը սկսում բացարձակ այլասերվել։
-Այդ լռությա՞մբ է պայմանավորված, որ ոլորտներ ձախողած նախարարները շարունակում են պաշտոնավարել։
-Այո, նույն տրամաբանությունն է։ Այդ նախարարները, հասկանալով, որ ամեն ինչ կախված է մեկ մարդուց, ոչ թե հասարակությունից, աշխատում են ծառայել այդ մեկ մարդուն։ Այդ պաշտոնյաները հասկանում են, որ հասարակության որոշ հատված անվերապահորեն հավատում է այդ մեկ մարդուն, այսինքն՝ հասարակությունն ինքն իրեն զրո է դարձրել, ինչու՞ պիտի հաշվի նստեն այդ հասարակության կարծիքի հետ։ Եթե հասարակության զգալի հատվածն իր լիազորությունները հանձնում է մեկ մարդու, ապա այդ հասարակությունը դառնում է հոտ։ Ինչու՞ պիտի նախարարն այդ հոտին սպասարկի։ Դրա համար խիստ հասկանալի է, որ այդ նախարարը պիտի սպասարկի մեկ մարդու, ոչ թե հոտի անդամներին։
-Ինչպե՞ս իրեն պիտի դրսևորի հասարակությունը, որ «հոտի անդամից» քաղաքացի դառնա։
-Որպեսզի հոտի անդամ չդառնա, պիտի հասկանա, որ չպետք է մեկ մարդու վստահել։ Եթե հասարակության զգալի հատված մեկ մարդու է վստահում, նշանակում է կառավարման բոլոր լիազորությունները տալիս է նրան, իսկ վերջինս էլ դա գիտակցելով, սկսում է արհամարհական վերաբերմունք ունենալ այդ հասարակության հանդեպ։ Այսպես է եղել բոլոր երկրներում։ Պատմությունն էլ է հուշում, որ նման դեպքերում միշտ հասարակությունը տուժել է։ Պատմություն առարկան մեր ժողովրդին վատ են սովորեցնում, դրա համար էլ ժողովուրդն անգետ է մնում, այսինքն, պարզապես ձևական սերտում է այլ երկրների դասերը, հետևություններ չի անում, ահա թե ինչու հայտնվել է այս ծուղակում։ Տեսեք, թե ինչ են ասում բողոքող դիմորդները. իրենք ժամանակին մասնակցում էին հեղափոխությանը, հիմա իրենց մերժում են։ Ճիշտ են անում, որ մերժում են, եթե դուք անմիտ ձևով մասնակցում եք մի բանի, որը հանգեցնելու է մեկ մարդու բացարձակ իշխանության, այդ մարդը պետք է ձեզ արհամարհի, իսկ ինչու՞ պիտի չարհամարհի։ Դուք քաղաքացի չեք, դուք հոտի անդամներ եք, չեք մտածում, որ պետությունը պիտի բալանսավորված իշխանություն ունենա, քաղաքական համակարգը պիտի հակակշիռներ ունենա։ Այդ մարդիկ սկսում են մտածել, երբ իրենց շահերին հակասող որոշումներ են լինում։ «Բնիկ» երևանցիների ձայն-ծպտունը չկար այնքան ժամանակ, քան դեռ գույքահարկի հարցը մեջտեղ չեկավ։ Մեր հասարակությունը պրիմիտիվ, տգետ հասարակություն է, բաղկացած է պարզունակ մարդկանցից, որոնք անձնական, կենցաղային շահերից բացի, քաղաքացիական արժեքներ չունեն։ Սա է պատճառը, որ Հայաստանն այսպիսի վիճակում է։ Մնացած ամեն ինչը սրա ածանցյալն է՝ վատ նախարարները, վատ պաշտոնյաները, վատ որոշումները: Հնարավոր չէ, որ անգետ հասարակության մեջ լինի գրագետ իշխանություն և հակառակը։
-Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ նախ և առաջ հասարակության մտածողությունը պիտի փոխել։ Ինչպե՞ս պիտի անցնել այդ ճանապարհը, որտեղի՞ց սկսել։
-Հասարակությանը կրթում են հանրային տրամադրություններ ստեղծող լիդերները, այսինքն՝ ԶԼՄ-ները, ինտելեկտուալ շրջանակները, քաղաքագետները, քաղաքական գործիչները։ Այս ամենի հանրագումարում մարդկանց մտածելակերպը կամաց-կամաց սկսում է փոխվել։ Մինչև հասարակությունն իր տեսակետները չփոխի, երկրում լուրջ փոփոխություններ չեն կատարվի։
-Բայց հակընդդեմ կարծիք արտահայտող լրատվամիջոցներին իշխանությունը մշտապես թիրախավորում ու համարում է հակահեղափոխականներ։
-Չարենցին էլ էին հակահեղափոխական անվանում, երբ տանում էին գնդակահարելու։ Դաշնակցական գործիչներին էլ։ Ինչքան կարգին, նորմալ, մտավորական մարդ կար խորհրդային տարիներին, բոլորին էլ հակահեղափոխական էին անվանում ու գնդակահարում։ Տրամաբանական է սա։ Եթե իշխանության են գալիս պարզունակ մարդիկ, նրանց համար խիստ վտանգավոր են դառնում մտածող անհատները, որոնք էլ հակահեղափոխականներ են ճանաչվում։ 1937-ին, սեփական դիրքերն ամրացնելու համար, խելացի, մտածող մարդկանց իշխանությունը ոչնչացրեց։ Հիմա քանի որ 37-ի ոչնչացման ձևերն այլևս չկան, մնացել է քարոզչությունը, ու խիստ կանխատեսելի է, որ մտածող մարդկանց պիտի հակահեղափոխական հռչակեն։ Բայց 21-րդ դարում հասարակությունը տեղեկություններ ստանում է նաև ողջ աշխարհից, որոնք համադրելով, կկարողանա փոխվել ու ճիշտ դատել։ Ինչքան շուտ փոխվի, այնքան կշահի հասարակությունը։
Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ