«Իրատեսի» զրուցակիցը «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հումանիտար ամբիոնի վարիչ, պահեստազորի մայոր ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է:
ՀԱՄԱՌՈՏ ԼԻԿԲԵԶ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ «ԱՊԱԶԳԱՅԻՆ ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասիրությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություն: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարերի ընթացքում Հայոց աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքի շենացման, բարգավաճման ու արտաքին թշնամուց այն պաշտպանելու համար: Այդպիսի հայրենասերների շարքին է դասվում սիրված մտավորական Մհեր Հարությունյանը:
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՓՈՔՐԻԿ ՏԵՂԵԿԱՆՔ
Ծնվել է 1972 թվականի հուլիսի 9-ին, Շուշիում։ 1989 թ. գերազանցությամբ (ոսկե մեդալով) ավարտել է Շուշիի Խ. Աբովյանի անվան համար 3 միջնակարգ դպրոցը։ 1994 թ. ավարտել է Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի (այժմ՝ ԱրՊՀ) պատմաբանասիրական ֆակուլտետի «պատմություն և օտար լեզու» բաժինը։ 1988 թվականի մայիսին և սեպտեմբերին նախաձեռնել է մի խումբ բարձր դասարանցիների ուժերով Շուշիի բնակչության ինքնապաշտպանության կազմակերպման փորձերը։
1989-1992 թթ. ուսանողական-երիտասարդական կազմակերպությունների կազմում մասնակցել է Արցախյան շարժման քաղաքական փուլին և ԼՂՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը։
1990-1992 թթ. կարճատև ընդմիջումով եղել է «Հայ ազգայնականության ճակատ» կազմակերպության «Ցեղակրոններ» ջոկատի գաղափարական պատրաստության պատասխանատուն։ Այդ ընթացքում մասնակցել է մի շարք գաղտնի առաջադրանքների կատարմանը։ 1991 թվականի դեկտեմբերին կամավոր ներկայացել է Ինքնապաշտպանության ուժերի շտաբ և որպես շտաբի պետի օգնական մասնակցել դեկտեմբերի 15-ի Ջամիլլուի ազատագրման ու դեկտեմբերի 16-ի Բերքաձորի (Հասանաբադի) մոտ հայ մարտիկների ու ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանման միջև ծավալված մարտերին։
1992 թ. սեպտեմբերին ծառայության է անցել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հրետանու պետի ղեկավարման մարտկոցում որպես՝ տոպոգեոդեզիական դասակի 1-ին ջոկի հրամանատար, իսկ հրետանու պետի ղեկավարման մարտկոցի կազմալուծումից հետո 1993 թ. սեպտեմբերի 1-ից նշանակվել է ՊԲ հրետանային բրիգադի տոպոգեոդեզիական հետախուզության ջոկի հրամանատար:
Այդ ընթացքում մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ 1993 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թ. հունիս ծառայել է ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի խմբագրությունում։ Որպես զինվորական թղթակից մասնակցել է Մարտակերտի, Ֆիզուլու, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Ջաբրայիլի շրջաններում մղված պաշտպանական ու ազատագրական ռազմագործողություններին, ռազմաճակատային բազմաթիվ ռեպորտաժների, մարտական գործողությունները լուսաբանող բազմաթիվ հոդվածների ու այլ թղթակցությունների միջոցով ոգևորել մարտնչող զինվորներին ու հրամանատարներին։ Պատերազմի ամբողջ ընթացքում և հրադադարին հաջորդած տարիներին նյութեր է հավաքել Արցախյան պատերազմի վերաբերյալ՝ մտադրություն ունենալով դրանք գիտական շրջանառության մեջ մտցնելու և վերաիմաստավորելու մեր ժողովրդի քաջագործությունները։
Հավելենք` մասնակցել է «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարանի ստեղծման աշխատանքներին և ներկայացրել շուրջ 140 հոդված բանակի կազմավորման, խոշոր ռազմագործողությունների ու ստորաբաժանումների, կարևոր դեմքերի ու գործիչների վերաբերյալ։
- Մեր զրույցը սկսենք կարևոր մի հարցով` մեր սերունդը լա՞վ է ճանաչում ազգի հերոսներին:
-Օբյեկտիվ լինելու համար անհրաժեշտ է համապատասխան ուսումնասիրություն և հարցումներ կատարել, ապա դրանց արդյունքների հիման վրա կարծիք հայտնել: Գործնականում, մասնավորապես ուսանողների շրջանում, կան և՛ քաջատեղյակ և՛ մակերեսային պատկերացում ունեցողներ: Երբեմն այն թյուր կարծիքն է հնչում, թե մի անհատի կամ իրադարձության մասին մեկ-երկու անգամ խոսելը կարող է հանրահռչակել դրանք, մինչդեռ իրականում հանրահռչակման գործընթացը պետք է լինի մշտական, անընդհատ, հետևողական և նպատակասլաց: Ռազմահայրենասիրական դաստիարակությանը կարևոր դեր հատկացնելու նորընտիր իշխանությունների հայտարարած ուղեգիծը և կոնկրետ քայլերը, հուսով ենք, ավելի համապարփակ լուծում կտան այդ ոլորտին, որում առանցքային դեր ունի հերոսների օրինակով երիտասարդ սերնդին դաստիարակելը: Մի առիթով արտահայտվել ենք, տեղին ենք համարում հիշեցնել, որ այսօր հրատապ են ռազմահայրենասիրական դաստիարակության պետական երկարաժամկետ, համալիր ծրագրի մշակումն ու ընդունումը: Դա պահանջված է նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային տագնապահարույց զարգացումների և մեր պետականությանը նետված մարտահրավերների բնույթով:
-Որպես պատմաբան ու ռազմական լրագրող` ձեր կարծիքով ինչպիսի՞ աշխատանքներ պետք է կատարվեն մեր զորամասերում զինվորականի ոգին առավել մարտունակ ու հայրենասեր դարձնելու նպատակով:
-Բանակում հասարակական-պետական պատրաստության և բարոյահոգեբանական դաստիարակության հստակ մեխանիզմ է գործում, տարիներ ի վեր զգալիորեն կատարելագործվել է այդ ոլորտի խնդիրները լուծելու գործիքակազմը, պատասխանատուներն ու սպաները անընդհատ բարձրացնում են իրենց կարողություններն ու հմտությունները: Ամենաարդյունավետ միջոցը մարտական ուղի անցած սպաների և ակադեմիական (մասնագիտական) կրթություն ստացած հրամանատարների անձնական օրինակն է: Ավելի ու ավելի մեծ տեղ պետք է հատկացվի հայ ռազմարվեստի պատմության, հատկապես Արցախյան պատերազմի, 2016 թ. ապրիլյան հերոսապատումի ուսանելի դրվագների վերաիմաստավորման և զորքերին հասցնելու գործընթացին: Ռազմական լավագույն ավանդույթների և հաղթելու բանաձևը բացահայտող ստեղծագործությունների տարածումը ԶՈՒ-ում, գրագետ ու նպատակասլաց քարոզչությունը մշտական կատարելագործման և ընդլայնման կարիք ունեն:
-Հավատու՞մ եք, որ կգան համախմբման ժամանակները:
-Հավատում եմ… Մենք այլընտրանք չունենք, մենք դատապարտված ենք միասնական ու համախմբված լինելու, որովհետև միայն այդ դեպքում ենք ի զորու պաշտպանելու մեր հայրենիքը, մեր պետականությունը և հասնելու մեր ազգային իղձերի իրականացմանը:
-Որպես ռազմական լրագրող` ինչ հետաքրքիր դեպք կպատմեք զինծառայողների հետ հանդիպումից:
-Շա՜տ-շատ են հիշատակության արժանի դեպքերը: Մտադիր եմ այդ հուշերն ամբողջացնել տասնյակ նոթատետրերի գրառումներով և առանձին գրքով հրատարակել: Պատերազմական տարիների դեպքերն ավելի ուշագրավ են: 1993 թ. գարնանն էր: Մարտակերտի շրջանի Պուշկեն յալ բարձունքը ձեռքից ձեռք էր անցնում… Լրագրողներիս ուղեկցեցին այնտեղ՝ Խաչենի գումարտակի ղազանչեցիներից կազմված ստորաբաժանման պաշտպանական բնագծերը: Անմիջական հաղորդակցությունից հետո դիրքապահները խոստովանեցին, որ մեզ տեսնելով «մահվան գոտում»՝ ավելի ոգևորվեցին ու գոտեպնդվեցին:
-Այցելու՞մ եք զորամասեր: Ինչպիսի՞ բնույթ են կրում դրանք:
-Հայտնի պատճառներով այս տարի չենք այցելել, ուստի շատ կարոտել ենք մեր փառապանծ բանակի զինծառայողներին: Նախորդ այցելությունները եղել են բանակ-հասարակություն կապի շրջանակներում, հանդես ենք եկել դասախոսություններով ու ելույթներով, կազմակերպել ենք մարզամշակութային միջոցառումներ, ծառատունկ և այլն:
-Ի՞նչ տպավորություններով եք վերադառնում զինվորների հետ հանդիպումներից:
-Տպավորություններն անմոռանալի են: Ամեն անգամ հնարավորություն է ստեղծվում մտովի համեմատելու մեր բանակի որակական աճը զարգացման նախորդ փուլերի հետ, որոնց ականատեսը և լուսաբանողն եմ եղել տարիներ շարունակ: Մերօրյա զինվորները, որոնք մեր որդիների հասակակիցներն ու զինակիցներն են, ժառանգական հայրենասիրությանը, արիակամությանը, մարտունակությանը հավելում են մեր բանակում տրվող փայլուն ուսուցումը, գաղափարական դաստիարակությունը, մասնագիտական ու մարտավարական ունակությունները, զենքին ու տեխնիկային տիրապետելու կարողությունը, գործողությունների ներդաշնակումը և զինվորական հմտավարժությունը, և այդ համալիր ամբողջությամբ կատարում իրենց հայրենասիրական ու քաղաքացիական պարտքը՝ մեր հայրենիքի սահմանների հուսալի պաշտպանությունը՝ քաջ գիտակցելով, որ իրենց բազկի ու ոգու շնորհիվ է պահպանվում, թեկուզ և փխրուն, խաղաղությունը…
-Հաճախակի՞ եք լինում սահմանամերձ գոտիներում: Ձեր զգացումները սահման այցից առաջ և հետո:
-Այն կարծիքին եմ, որ հայրենիքն սկսվում է սահմանից: Ահա այդ գիտակցությամբ եմ լինում սահմանում: Եվ առաջին միտքն է` ինչքանով է պաշտպանված ու անառիկ մեր սահմանը: Տեսնելով դիրքապահ զինվորների հրացայտ աչքերը, զգոն և վճռական հերթապահությունը, նվիրվածությունը, սպաների ու այլ պատասխանատուների արհեստավարժությունը, ինչպես նաև արդիական սպառազինությամբ ու անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցվածությունը, ոչ միայն համոզվում եմ, որ մեր սահմաններն անառիկ են, այլ նաև վերադառնում եմ ավելի ինքնավստահ, հանգիստ սրտով և այդ զգացումները փորձում եմ փոխանցել նաև մեր շրջապատին:
-Ինչպիսի՞ն եք տեսնում մեր երկրի ապագան:
-Առավել, քան վստահ եմ` երկրի ապագան երաշխավորված ու կանխատեսելի կլինի, եթե հասնենք մեր բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի բնական կենսատարածքում հայկական միասնական պետության ինքնիշխանության վերականգնմանը, համատարած հայրենադարձության կազմակերպմանը և գիտելիքահենք հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային հարաբերությունների զարգացմանը: Մեր ապագան մեր իսկ ձեռքերում է…
-Խոսք՝ ուղղված մեր զինվորականներին ու երիտասարդներին։
-Սիրելի զինվորականներին ու երիտասարդներին մաղթում եմ հաջողություններ, նպատակների ու իղձերի իրականացում, նպատակասլացություն ու կամք կյանքի փորձությունները հաղթահարելու համար: Կուզեի, որ նրանք հիշեին Գարեգին Նժդեհի խոսքերը. «Յուրաքանչյուր ամրոց կառուցված է գրավելու համար»: Այդ խոսքերի հանգույն՝ «Յուրաքանչյուր դժվարություն և խոչընդոտ առաջանում են հաղթահարելու համար»: Ձեր բոլոր ձեռնարկումներում ու նախաձեռնություններում հետամուտ եղեք մեր պետականության ամրապնդման, հզորացման և աննկուն պաշտպանության նպատակներին, այսօրվանից ձեր սեփական բազուկներով կերտեք ապագան: Հիրավի եկել է գործելու ժամանակը…
Զրույցը` Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ