-Ո՞րն է Ձեր գնահատականն այսօրվա ներքաղաքական իրավիճակին։
-Մի քանի շարժ է նշմարվում՝ համախմբում, դիրքավորում, վերադասավորում, սպասում։ Ասվածը վերաբերում է և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը։ Սակայն իշխանությունը փորձում է ընդդիմության նկատմամբ ցուցադրական քամահրանքով ստեղծել ինքնավստահության տպավորություն, համախմբել կազմալուծվող և բարոյալքվող իր շարքերը։ Մինչդեռ ընդդիմությունը լիովին գիտակցում է իր առջև կանգնած խմբավորման հնարավորության և՛ ներքին ու ստորին հիմքերը, և՛ անդրօվկիանոսյան թևատարած արմատները։
-Չնայած կառավարությունը փորձում է դիմակ բաժանելով ու տուգանելով համաճարակի տարածումը կանխել, սակայն իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Ինչու՞ իշխանությունը չի կարողանում շտկել իրավիճակը։
-Հակահամաճարակային պայքարը կառավարությունն ու խորհրդարանը պետք է կառուցեին ոչ թե ընդդեմ կամ ի հաշիվ հասարակության, այլ հանուն և ի աջակցություն հասարակության։ Նախնական շրջանում գործած մի քանի աններելի և անուղղելի սխալները՝ վտանգի թերագնահատումը, որոշումների ընդունման հապաղումը և կիրարկման անկատարությունը, իշխանավորների լկտի բառապաշարն ու հակահասարակական վարքը և այլն եղան բախտորոշ։ Հարյուրավոր մահերի պատճառն իշխանությունն է։
-Վիրուսի պատճառով տնտեսության վիճակն օր օրի վատանում է։ Ի՞նչ վիճակում կարող է հայտնվել տնտեսությունն առաջիկա ամիսներին, ի՞նչ քայլեր պիտի արվեն հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
-Հիմնովին անընդունելի է ընդդիմությունից կամ պարզ մարդկանցից սահմանադրական, տնտեսական, սոցիալական ծրագրեր, արտաքին քաղաքական խնդիրների լուծումներ ակնկալելը։ Մենք կարող ենք ընդհանրական, աշխարհայացքային սկզբունքներ մատնանշել։ Մի պահանջեք ընդդիմությունից կամ անհատ մարդուց բազմահատոր նախագծեր, հաշվարկներ, դրա համար կան պետական մարմիններ, նրանց սպասարկող գիտական, փորձագիտական կառույցներ։ Դա նրանց գործն է։ Մեր ենթակայության տակ չկան տասնյակ հիվանդանոցներ, հարյուրավոր բժիշկներ, հետազոտական լաբորատորիաներ, միջազգային կապեր, մենք չունենք ամենակարևորը՝ սպառիչ տեղեկություն։ Մենք արածով ու չարածով ենք տեսնում իշխանության ձախողումը և պահանջում բարելավել աշխատանքը կամ նպատակ դնում փոխելու իշխանությունը։ Որոշ խորքային տեղեկություններ արդեն ունենք, որ առողջապահական համակարգում, որն արտակարգ դրության ռեժիմով ենթարկվում է նախարարին, կատարվում են յուրացումներ ու չարաշահումներ, կասկածներ կան, որ կոռուպցիոն սխեմաների համավարակը տարածվել է առաջնային բուժսպասարկումից մինչև իշխանության ամենավերին օղակներ։ Իշխանության մեջ գոյություն ունեցող ազնիվներին հորդորում եմ չըմբոստանալ, անկեղծ հավատում եմ, որ իրենք այդ մասին չգիտեն։
-Կառավարությունը մտադիր է ևս մեկ անգամ երկարաձգել արտակարգ դրությունը, իսկ ընդդիմությունը հայտարարում է, թե Փաշինյանը պետք է հեռանա։ Ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքական գործընթացներն այս իրավիճակում և ինչու՞ ընդդիմության միավորումը չի ստացվում, եթե բոլորի նպատակը իշխանափոխությունն է։
-«Հայրենիք» կուսակցությունը, որի խորհրդի անդամ եմ նաև ես, ամեն ջանք գործադրում է հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող քայլերին աջակցելու համար։ Վարակը ոչ ոքի չի խնայում՝ ոչ աղքատ ու հարուստ, ոչ ծեր ու ջահել, ոչ մայր ու մանուկ, այն մտել է մեր քաղաքներ ու գյուղեր, թաղեր, տներ։ Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին պահպանել իրենց և չվտանգել այլոց կյանքը, վայրկյան անգամ չկասկածել, որ մարդկությանը պատուհասած այս վարակը մահաբեր է։ Ցավոք, հրապարակ են նետվում մարդկանց զգոնությունը, կամքը թուլացնող դավադրապաշտական նյութեր. մի՛ հավատացեք դրանց և մի՛ կարծեք, թե սրա հետևում անտեսանելի չար ուժեր են կանգնած։ Ամենամեծ վտանգը մեր անփութությունն է, անկազմակերպվածությունը, հիգիենիկ խնամքի կանոնների անտեսումը։
Իսկ ինչ վերաբերում է արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելուն, ապա դրա կարիքը ամենևին չկա, առկա օրենսդրությունը բոլոր հնարավորությունները տալիս է հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու, դրանք շարունակելու, խորացնելու համար։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունն այս վիճակը օգտագործում է, որպեսզի ընդդիմադիր քաղաքական ուժերը չկարողանան միավորվել, մարդկանց հետ կենդանի շփումներում ձևավորել և ուղղորդել նրանց քաղաքական կամքը։ Արտակարգ դրության ռեժիմը ձգձգում են «Իմ քայլի» ռեժիմը պահպանելու նպատակով։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ