Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները համատեղ քննիչ հանձնաժողով են ստեղծում: Այն քննելու է իշխանության՝ համավարակի դեմ տարվող աշխատանքները: Ժամանակավոր քննիչ հանձնաժողովի աշխատանքը համակարգելու է «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
«Կասկածից վեր է, որ իշխանությունը՝ ի դեմս առողջապահության նախարարության, պարետատան ու ոլորտի այլ պատասխանատուների, տապալել է համավարակի դեմ պայքարը, հետևաբար անհրաժեշտություն կա հավուր պատշաճի քննելու, թե ով որտեղ է թերացել: Պետք է պարզել բոլոր հանգամանքները, պատասխանատվության կանչել արդեն 600-ի հասած մահերի մեղավորներին,- «Իրատեսի» հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը՝ հավելելով,- Մենք, իհարկե գիտակցում ենք, որ իշխանություններն ասելու են, թե պատերազմական իրավիճակում ինչու՞ եք նման բան նախաձեռնում, բայց այդ սադրանքներին չենք տրվելու: Այո, թող գան ու պատասխանեն մեր հարցերին: Ինչպես է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան դատարանի առաջ բացատրություններ տալիս, թե ինչու է կառավարական իր կաբինետն ի սկզբանե անլուրջ վերաբերվել վիրուսին, այնպես էլ կառավարության մեր պատասխանատուները պետք է որոշ հարցերի շատ հստակ պատասխաններ տան»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ