Ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ զրուցում ենք «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։
-Վերջին օրերին շատ արագ են զարգանում իրադարձությունները։ Ինչպե՞ս կգնահատեք իշխանությունների արկածախնդրությունը` կապված Սահմանադրական դատարանի հետ։
-ՀՀ-ում հաստատված անօրինականության չավարտվող շրջափուլը, առանց բացառության տարածվում է իշխանության բոլոր ճյուղերի, պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտների վրա: Էական է ընդգծել, որ 2018 թ. իշխանազավթման փաստը Նիկոլ Փաշինյանի կողմից բավարար չդիտվեց‚ և բռնապետական կարգի կայուն հաստատման համար անհրաժեշտ է կոտրել հակակշիռների և զսպումների ողջ կառուցակարգը: Սահմանադրական դատարանը ևս բացառություն չեղավ: Արդյունքում ունենք իշխանության‚ մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի` հակասահմանադրական ճանապարհով և հակասահամանադրական նորմերին օրենքի ուժ տալու անթաքույց ցանկություն: Ազգային ժողովում հակասահմանադրական հանրաքվեի հակասահամանադրական չեղարկման լիազորության նախատեսումը, հետագայում հակասահմանադրական նախագծի ընդունումը միանշանակ որպես ապացույց են ծառայում այն բանի, որ ՀՀ-ում իշխանության յուրացումն իրողություն է: Հատկանշական է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի վերջերս տրամադրած խորհրդատվական կարծիքում սահմանադրական կարգի տապալման հնարավոր ձևերի պարզաբանման շրջանակներում նաև նկարագրված էին նույնատիպ արարքներ, որոնք, Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, թույլ են տվել խորհրդարանական մեծամասնության պատգամավորները: Օրինակ, իշխանության որևէ ճյուղի կողմից մեկ այլ ճյուղի լիազորություններին տիրանալը։ Այս դեպքում այն դրսևորվել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու Սահմանադրությամբ նախատեսված հրամայական նորմը չկատարելով։
-Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն այսքան շտապում իրականացնել իր ծրագրերը։
-Շտապողականություն իրականում կա: Կարծում եմ՝ այն առավելապես պայմանավորված է ձեռնարկվող գործողությունների անօրինական բնույթի գիտակցմամբ: Պայմանավորված է նաև գործընթացը շուտափույթ ավարտին հասցնելու կարևորությամբ և, ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային դատական ատյաններում իրավական երևույթների հետ կապ չունեցող իրավիճակը քննարկելուն ուղղված գործողությունները կանխելուն: Նիկոլ Փաշինյանը հստակ գիտակցում է, որ թույլ տրված‚ մեղմ ասած‚ խախտումները, որոնք առերևույթ քրեաիրավական որակման արժանի արարքներ են, պիտի քողարկվեն որպես «ժողովրդի» կամ նույն ԱԺ մեծամասնության ցանկություն:
-Տեղի ունեցող գործընթացների դեմ տեսնու՞մ եք ընդդիմության համախմբում։ Որքանո՞վ է ընդդիմությունը համարժեք գործում ստեղծված մարտահրավերներին։
-Կարծում եմ՝ գործընթացն առավել կապված է երկրում սահմանադրական կարգի գոյության, իրավական պետության և պետականության վերականգնման հետ: Գործընթացները չեն առանձնանում իրենց քաղաքական բնույթով, դրանք ավելի շատ հիշեցնում են խմբակային, նեղ անձնական շահի առաջմղմանն ուղղված քայլեր: Հետևաբար, անելիքը ոչ միայն և ոչ այնքան իշխանություն-ընդդիմություն դաշտում է, որքան հասարակության և գիտակից քաղաքացիների: Ցավոք, այսօրվա իրողությունները ժողովրդավարության նահանջի, օրենքի գերակայության սկզբունքի անգործության մասին են վկայում: Պետք է լինի միասնական գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանը եղել և մնում է անհամատեղելի հայկական երկու պետությունների, դրանց նպատակների և իղձերի հետ:
-Հայաստանյան իրադարձությունները‚ բնականաբար‚ պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Չե՞ք կարծում‚ որ Փաշինյանի բոլոր քայլերի հիմքում Արցախյան հարցն է։
-Միայն օբյեկտիվ փաստերի շարադրանքը‚ կարծում եմ‚ բավարար է տրամաբանական եզրահանգումներ անելու համար: Առնվազն վտանգավոր եմ համարում Նիկոլ Փաշինյանի ձևակերպումները Ալիևի «կիրթ» լինելու մասին, հակասական մտքերը բանակցությունների բացակայության կամ գոյության վերաբերյալ: Արցախի կարգավիճակի մասով մինչ օրս Նիկոլ Փաշինյանը խուսափում է հստակ ձևակերպումներ տալուց: Բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արձանագրած հետընթացն ու ձախողումներն ակնհայտ են: Դրանք արտահայտված են Միսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարություններում, ինչպես նաև վերջերս Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորների ելույթներում տեղ գտած ոչ հայանպաստ ձևակերպումներում: Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն ու մեր երկրի արտգործնախարարությունը հաճախ խուսափում են գնահատականներ տալուց, իսկ տրվածներն էլ պահին և իրականությանը ոչ համարժեք են, ունակ չեն իրավիճակը շրջելու հօգուտ Հայաստանի և Արցախի: Գուցե Նիկոլ Փաշինյանը մտածում էր, որ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային հիմքերը կայուն պահելու համար ոչինչ անել պետք չէ, բայց նա սխալվեց, քանի որ անգամ նախագահ Սերժ Սարգսյանի թողած հայանպաստ բանաձևերն ու պայմանավորվածությունները պահպանելու համար ամենօրյա քաղաքական, դիվանագիտական ծանր աշխատանք է պետք:
-Իշխանափոխության ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում։
-Ցանկությունը մեկն է` երկիրը զերծ պահել ցնցումներից, ներքին խժդժություններից: Իհարկե, կա նաև գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանը չի խորշի իշխանությունը պահելուց բռնի ուժով՝ չխուսափելով հնարավոր առճակատման ցանկացած սցենարից: Կարծում եմ՝ պետք է պատրաստ լինել զարգացումների բոլոր ուղղություններով:
Զրուցեց
Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ