ԲՀԿ-ն Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քննարկման ժամանակ քարը քարին չի թողնի
16.06.2020 | 01:04
Այսօր Ազգային ժողովը կքննարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանում համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Գործընթաց սկսելու համար ՀՀ գլխավոր դատախազը կդիմի Ազգային Ժողովին` Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։
«Իրատեսի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չցանկացան կարծիք կամ վերաբերմունք արտահայտել այդ հարցի առնչությամբ: «Թող բերեն, քննարկենք ու ըստ այդմ հասկանանք, թե ինչ ենք որոշում: Այնպես չէ, թե հարցը քաղաքական է, ու մենք էլ քաղաքական պատասխան ենք տալու: Ոչ, այն իրավական հարթությունում է, ու եթե մեր խմբակցության իրավաբանները գան այն եզրահանգման, որ պետք է ընդառաջել դատախազի միջնորդությանը, ապա բոլորս կողմ կքվեարկենք»,- ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս մասին ընդհանրապես խոսել չեն ուզում: Այո, շեշտում են, իրավական գործընթացներն ու քաղաքականությունը պետք է անջատ լինեն, «բայց դա մեր կռիվը չէ, չենք ուզում խառնվել»: «Դեռևս 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ էինք ասում, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն: Եվ այդ առումով 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո ԲՀԿ-ի հետ ամենաառաջին բախվողը մենք ենք եղել, բայց այժմ այլ իրավիճակ է, ինչին խառնվել չենք ուզում»,- նշեց ԼՀԿ-ականը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մեծ թափով է պատրաստվել այսօր մեկնարկող քառօրյային: «Իրատեսի» զրուցակիցը նշեց, որ ԲՀԿ-ականները երկու օր անընդմեջ քննարկել են, թե ով ինչ ելույթ է ունենալու, ինչ հակափաստարկ է բերելու: «Դե պարզ է, հիմնական բեռը ծանր հրետանու ուսերին է լինելու՝ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Արման Աբովյանի, Գևորգ Պետրոսյանի ու Շաքե Իսայանի: Գրեթե բոլոր պատգամավորները պետք է ելույթ ունենան ու խոսեն կառավարական կաբինետի անճարության ու տապալումների մասին: Որոշել են, քարը քարին չթողնելով, անխնա քննադատել թե՛ Փաշինյանին, թե՛ նրա թիմին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ