Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հայտարարել է, որ ԱՄՆ-ին թույլ չի տալ օգտագործել Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները` Իրանին հարված հասցնելու համար: «Մենք չենք ցանկանում, որ մեր տարածքը թատերաբեմ լինի ցանկացած հարևան պետության նկատմամբ զինված հարձակում գործելու համար: Իրանը ևս բացառություն չէ: Դա, միանշանակ, Իրաքի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև կնքած համաձայնագրի մաս չէ»,- ասել է Սալեհը:
Իրաքի նախագահը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը երկրում են միայն մեկ նպատակով` կանխել ԻՊ ահաբեկչական խմբավորման գործողությունները և Իրաքի կառավարությունն է որոշում, թե նրանք ինչքան ժամանակ մնան երկրում:
«Մեզ իսկապես անհանգստացնում են ԱՄՆ-ի և Իրանի լարված հարաբերություններն ու դրանց հետևանքները: Իրաքը վերջին 40 տարիներին անցավ դժոխքի միջով: Մենք ուզում ենք առաջ շարժվել, վերականգնվել և ներքաշված չլինել կոնֆլիկտի մեջ»,- հավելել է Սալեհը: