Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ահա այսպիսի ավագանի, ահա այսպիսի սկզբունքայնություն

Ահա այսպիսի ավագանի, ահա այսպիսի սկզբունքայնություն
10.06.2013 | 00:34

Քաղաքական ճահճի մեջ սպրդացող տեղեկատվությունը վերաբերում է Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին, որից էլ իմանում ենք, որ Տարոն Մարգարյանն ընտրված քաղաքապետ է, և որի երդմնակալության արարողությունը նշանակված է հունիսի 11-ին: Ավագանին ընտրել է նաև չորս մշտական հանձնաժողովների ղեկավարներին ու տեղակալներին: Հանձնաժողովների ղեկավարների ընտրության ժամանակ «Բարև Երևան» խմբակցությունը բոյկոտել է քվեարկությունը: «Բարև Երևան»-ի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ խրոխտաբար հայտարարել է. «Կեղծված ընտրությունների արդյունքով, կեղծված օրենքով այսպիսի ձևավորված ավագանին չի համապատասխանում հասարակական տրամադրություններին, ուստիև մենք այս քվեարկությանը չենք մասնակցում»:

Երևանի ավագանիում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է. «Մենք շարունակում ենք մեր կառուցողական մոտեցումը այլընտրանքային մեր սկզբունքների դաշտում»:
Տեղեկանում ենք նաև, որ «Բարև Երևան»-ը քննարկում է քաղաքապետի երդմնակալությանը մասնակցել-չմասնակցելու հարցը, իսկ որոշումը խոստացել են հրապարակել երկուշաբթի օրը:
Քանի որ մեր կուսակցություններն աչքի չեն ընկել երբևէ ընտրողների առջև պատասխանատվության զգացումով և իրենց նախկին հայտարարություններին տեր կանգնելով, արժե մի քիչ հետ գնալ ու հիշեցնել: ԲՀԿ-ն խոստանում էր չվերցնել մանդատները, եթե ընտրությունները կեղծվեն, «Բարև Երևան»-ն ընտրություններից հետո հայտարարեց, որ դրանք կեղծվել են, բայց մանդատները վերցնելու հարցում հայտնվել էր կամ ու կացի արանքում: Ի վերջո, հաղթեց մանդատները վերցնելու որոշումը:
Հիմա ինչ-որ կիսաբոյկոտներով, հերթական անպտուղ քննարկումներով ի՞նչ ուղերձներ են ուզում հղել հանրությանը: Ուզում են ցույց տալ, որ ընդդիմադի՞ր են: Ու՞մ կամ ինչի՞ն:
Հիշեցնենք նաև, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես՝ ՀԱԿ-ը իրենց կոտորում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը հանրության աչքը խոթելով, իրավապահ մարմիններին դիմելով: Հիմա Տարոն Մարգարյանը նորից Երևանի քաղաքապետն է, և համոզված ենք, որ նրա ունեցվածքն այս ընթացքում դույզն-ինչ չի նվազել: Պարզապես երբեմնի սկզբունքային ընդդիմադիրներն են այդ մասին մոռացել: Երևի Սյունիքի մարզպետի հետ կապված հայտնի սկանդալն ամեն ինչ ստվերեց թարսի պես:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ