ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչքանով են հարազատ Հայաստանի և Ռուսաստանի կառավարող կուսակցությունները

Ինչքանով են հարազատ Հայաստանի և  Ռուսաստանի կառավարող կուսակցությունները
14.05.2013 | 01:23

Ճանաչված երգչուհի, Ազգային ժողովի նորաթուխ պատգամավոր Շուշան Պետրոսյանը «Իրատես de facto»-ում ունեցած իր ճեպազրույցում խոսում է ներքաղաքական իրողությունների մասին իր վճիտ պատկերացումներով: Նա ցավով է խոսում միջկուսակցական պայքարի ու առհասարակ հայ մարդկանց համակած փոխադարձ ատելության մթնոլորտի, կառավարող հանրապետական կուսակցությանը հանիրավի փնովելու (ըստ Շուշանի` ֆետիշացնելու) մասին: Ամեն ինչ օրինաչափ է. իր անփորձությամբ արվեստի մարդուն դժվար է թափանցել մարդկային գործունեության ամենաբարոյազուրկ ոլորտներից մեկի` քաղաքականության լաբիրինթոսը: Հանրապետական կուսակցությանը ներսից պաշտպանելու նրա ջանքերը ավելի շատ զգացմունքային են, քան ռացիոնալ: Իսկ ո՞ւմ մեղքն է, որ 10 հայաստանցուց չորսը պատրաստվում է արտագաղթել: (Բավական է, որ անշառ ու համակրելի Էդուարդ Շարմազանովը դառնար ՀՀԿ-ի խոսնակ, նրա շահերի արտահայտիչ և ջերմեռանդ պաշտպան, ու անմիջապես հետևեց ժողովրդական սև անեկդոտների շարքը, որի մի մասը հասավ նաև Մոսկվա):
Այդուհանդերձ, չխորանալով հայրենի առաջապահ կուսակցության նկատմամբ դրսևորվող հակակրանքի պատճառների մեջ, եթե նույնիսկ նա հաղթում է քաղաքային ընտրություններում, կուզենայինք մի զուգահեռ անցկացնել` հետևությունները թողնելով ընթերցողներին: Համենայն դեպս, ես չեմ լսել, որ ՀՀԿ-ն հրապարակայնորեն անվանեն… ժուլիկների ու գողերի կուսակցություն: Մինչդեռ այս պիտակը արդեն տևական ժամանակ կպել է Ռուսաստանի կառավարող կուսակցությանը` «Եդինայա Ռոսիային», ներկա իշխանությունների մոլեռանդ քննադատ Ալեքսեյ Նավալնու մատուցմամբ: Այսինքն, այստեղ էլ սեր չեն տածում իշխանությունը վայելող կուսակցականների նկատմամբ: Ավելին, բանը հասել է նրան, որ նշանավոր «Լևադա-ցենտրը» սոցիոլոգիական հարցում էր անցկացրել, քաղաքացիներին ուղղելով հետևյալ «ցինիկ» հարցը` «Դուք համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք այն կարծիքին, որ «Եդինայա Ռոսիան» ժուլիկների ու գողերի կուսակցություն է»: Երկրի 45 տարածաշրջանների 130 բնակավայրերի 18 տարեկան ու ավելի 1600 մարդկանց 40 տոկոսը հարցադրմանը պատասխանել է դրականորեն: Ընդ որում, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում. պետության ղեկավարի հարգանիշը շարունակում է մնալ բարձր, իսկ ահա կառավարող կուսակցության հեղինակությունը շեշտակիորեն ընկնում է: Ռուսաստանցիների մեջ մեծ հակակրանք է առաջացնում այն պարագան, որ առավել նշանակալի կարողություն ունեցող պատգամավորների գերակշիռ մասը հենց կառավարող կուսակցության անդամ է, որոնք էլ պաշտպանում են ունևորների` իշխողների շահերը: Ավելին, իշխանական այդ ռեսուրսը նրանց տալիս է արագ ու էլ ավելի հարստանալու հնարավորություն: Այլ խոսքով, «ԵՌ»-ն քաղաքացիների կողմից դիտվում է որպես իշխանության, կառավարության բաղկացուցիչ մաս և իբրև այդպիսին դրական զեղումներ չի առաջացնում նրանց մեջ:
Կանխատեսե՞լ էր նման անկում Վլադիմիր Պուտինը` թևակոխելով իր երրորդ գահակալությունը: Ամենայն հավանականությամբ` այո: Հակառակ պարագայում ինչո՞ւ պիտի հրաժարվեր իր իսկ ստեղծած կուսակցության առաջնորդի դերից, այն հանձնելով վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, որի դիրքերը հետևողականորեն թուլանում են, և կառավարության հրաժարականի հարցը դառնում է քննության առարկա:
Այդ դեպքում ի՞նչ անել «ԵՌ»-ի հետ, եթե այն չի վայելում ռուսաստանցիների վստահությունը: Վերլուծաբաններից մեկն այդ կուսակցությունը համեմատել էր բռնակ չունեցող ճամփորդական պայուսակի հետ. դժվար է քարշ տալ, բայց և ափսոս է դեն նետել: Մյուս կողմից, հո չի կարող Պուտինը ղեկավարել պետությունն առանց կուսակցական-խորհրդարանական հենարանի: Ահա և փորձագետները առաջին պլան են մղում 2011 թվականի մայիսին այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինի հիմնադրած հասարակական-քաղաքական կազմակերպությունների կոալիցիայի` համառուսաստանյան ժողովրդական ճակատի հարցը: Միավորելով գաղափարապես ու հոգեպես մոտ կանգնած, ժողովրդի աչքում չապականված քաղաքական ու հասարակական ուժերի, անկուսակցական համակիրների, Պուտինը նպատակ էր հետապնդում «ԵՌ»-ի ցուցակով Պետդումա մտցնել թարմ ուժեր, որոնց էներգիան ծառայեր երկրի կյանքի բարելավմանը` տնտեսության արագ արդիականացմանը, սոցիալական խնդիրների արդարացի լուծմանը և այլն:
Ահա և քաղաքագետները չեն բացառում, որ արժեզրկվող «ԵՌ»-ի փոխարեն Պուտինը նշված ժողովրդական ճակատը վերաձևի նոր կուսակցության` մաքուր կենսագրությամբ, թարմ գաղափարներով, հայրենասիրական հզոր լիցքով:
Ռուսաստանում էլ են մարդիկ փոփոխություններ պահանջում, նրանք էլ են իրենց խոր հոգնածությունն արտահայտում կոռուպցիոն սկանդալների մեջ հայտնված կառավարող վերնախավից, պատգամավորներից, չինովնիկներից: Սակայն երկրում կարգուկանոն հաստատելու Պուտինի ձեռնարկած հսկայածավալ միջոցները նրանց հույս են ներշնչում, որ կգա բաղձալի բեկումների ժամանակը:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2058

Մեկնաբանություններ