Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Արածն ու չարածը նժարին է

Արածն ու չարածը նժարին է
13.12.2012 | 17:35

Մի քանի շաբաթ հետո տարին կավարտվի։ Եվ ինչպես միշտ, յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր մարդ իր արածն ու չարածը նժարին է դնում։ Մեր ավանդույթի համաձայն, տարին ծանրութեթև արինք որոշ նախարարների և փոխնախարարի հետ։

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԵՑՎԱԾՔԸ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ԽԱՅՏԱՌԱԿ ԵՎ ՏԽՐԱՀՌՉԱԿ ՍԱՖԱՐՈՎԻ ԴԵՊՔԸ, ՄԻԱՅՆ ՎՆԱՍ ՀԱՍՑՐԵՑ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ (արտաքին գործերի փոխնախարար)
-Ընդհանուր դիվանագիտության առումով տարին շատ հագեցած էր լուրջ մարտահրավերներով։ Այս տարին նույնպես ապացուցեց, որ աշխարհը լուրջ փոփոխությունների մեջ է, ընդ որում` առաջանում են շատ լրջագույն վտանգներ։ Եվ մենք այդ առումով պետք է պատրաստ լինենք, քանի որ, մի կողմից, անհրաժեշտություն կա դիմակայելու այդ վտանգներին, մյուս կողմից` պետք է կարողանալ կանխատեսել աշխարհի արագ փոփոխվող իրադարձությունները և փորձել հետամուտ լինել, նաև օգտագործել այն հնարավորությունները, որոնք տալիս են այդ փոփոխությունները։
-Իսկ ղարաբաղյան խնդրում ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք։
-Բանակցային գործընթացի տեսանկյունից որևէ առաջընթաց չեղավ։ Ավելին, Ադրբեջանի կեցվածքը, մասնավորապես խայտառակ և տխրահռչակ Սաֆարովի դեպքը, միայն վնաս հասցրեց բանակցային գործընթացին։
-Եվ աշխարհը, ամեն դեպքում, չդատապարտեց Ադրբեջանին և սանկցիաներ չկիրառեց։
-Աշխարհը դատապարտեց։
-Այո, սակայն առանց սանկցիաների կիրառման, իսկ նման դեպքում հնչած դատապարտությունը բարոյական գործոն է և գործնականում որևէ ազդեցություն չթողեց։
-Չի կարելի ասել, որ այն գործնականում ոչինչ չտվեց։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, Մինսկի խմբի համանախագահող երկրները դատապարտեցին երևույթը, և դա դիրքորոշում է, և չի կարելի ասել, որ այն նշանակություն չունի։
-Հիշո՞ւմ եք 1918-ին թուրք ղեկավարների հայտնի արտահայտությունը` ուղղված հայերին. «Դուք նորից հավատացիք այս պոռնիկ Եվրոպային»։
-Ճիշտ հասկանանք իրավիճակը. առաջին հերթին մեր հույսը մեզ վրա է բոլոր հարցերում, լինի դա Ադրբեջանի հնարավոր ռազմական արկածախնդրության, թե այլ հարցերի դեպքում։ Այսինքն, խնդիրը հավատալը չէ, այլ աշխատելը։

«ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱՌԱՅԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՆՊԱՏԱԿԻՆ»
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (բնապահպանության նախարար)
-Ընդհանուր առմամբ տարին արդյունավետ էր իրականացված աշխատանքների, ծրագրերի առումով։ Այս տարի փորձել ենք լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք առկա էին անցած տարում։ Առանձնահատկություն, որպես այդպիսին, կընդգծեի ՀԿ-ների հետ աշխատանքների մակարդակի բարձրացումը։ 2012-ին հաստատված ծրագրերում չենք թերացել, համոզված եմ, որ մեր բոլոր հիմնական նախաձեռնությունները ծառայել են իրենց նպատակին։ Իհարկե, ասել, որ խնդիրներ կամ թերություններ ոլորտում չկան, ճիշտ չի լինի, սակայն կարևորը, որ այդ ուղղությամբ հստակ աշխատանք է տարվում և դրանք տարեցտարի նվազում են։

«ՏԱՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՆՈՐՄԱԼ ՀԱՄԱՐԵԼ, ՔԱՆԻ ՈՐ ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՃ ԿԱ»
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (գյուղատնտեսության նախարար)
-Տարին կարելի է նորմալ համարել, քանի որ անցած տարվա համեմատ բավականին աճ կա։ Մասնավորապես պտղաբուծության արտահանման ոլորտներում։ Այս տարի պտուղ-բանջարեղենի արտահանումն անցած տարվա համեմատ` աճել է երկու անգամ։ Բավականին լավ ցուցանիշներ են արձանագրվել նաև մթերումների գործընթացում` թե՛ կազմակերպման, թե՛ վճարումների տեսանկյունից։ Այս տարի մթերումների գործընթացն աննախադեպ էր նրանով, որ վճարումների պարտքեր չկուտակվեցին։ Առաջիկա շաբաթում կմարվի եղած մի փոքր պարտքը ևս։ Մեր նպատակն է ամեն տարի մեծացնել մշակվող հողերի ծավալները։ Օպերատիվ տվյալներով` այս տարի աշնանացանը 8,5 հազար հեկտարից ավելի է կատարվել։ Մեր նպատակն է այդ ծավալներն ավելացնել և բարձրացնել արդյունավետությունը գյուղատնտեսությունում։ Այդ ուղղությամբ արդեն իսկ լուրջ քննարկումներ են ընթանում։ Եթե անցած տարիներին գյուղատնտեսության քաղաքականությունն ունեցել է կայունացման միտում, ապա այսօր ցանկանում ենք, որ գյուղատնտեսությունը մտնի զարգացման փուլ։
-Ըստ Ձեզ, այս տարի ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության աճը որքա՞ն կկազմի։
-Կարծում եմ` 21 %-ից բարձր կլինի։

«ՏԱՐԻՆ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՅԱԻՆ ԷՐ»
ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)
-Չեմ կարող ոտքի վրա ամփոփել տարին։ Մի բառով միայն կասեմ, որ այն ծանր աշխատանքային էր։
-Այդ դեպքում մեկ այլ հարց. հիշո՞ւմ եք, երբ Դուք ներկայացրիք «Եկամտահարկի մասին» օրենքը, որով էլեկտրոնային ստորագրության համար պարտադրվում է նույնականացման քարտ։ Այդ ասուլիսի ժամանակ մենք Ձեզ զգուշացրինք, որ այն հակասում է «Նույնականացման քարտի մասին» օրենքին և Սահմանադրական դատարանի որոշմանը և ընդգծեցինք, որ այն դժգոհության ալիք է առաջացնելու...
-Ես հասկացա, այժմ խնդիրը մենք քննարկում ենք և կփորձենք իրավական ակտերի միջոցով խնդրին լուծում տալ։


Ճեպազրույցները` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ