ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ենթադրում է խորքային փոփոխություններ»

«Անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ենթադրում է խորքային փոփոխություններ»
11.12.2012 | 00:18

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ:

-Դուք ԱԺ նախորդ գումարման ժամանակ գործող մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի անդամ էիք, այս գումարման խորհրդարանում ՀԱԿ-ը բարձրացրեց նոր հանձնաժողով ստեղծելու հարցը, հետո համաձայնեց անորոշ ժամանակով հետաձգմանը: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
-Մենք կարծում ենք, որ նոր հանձնաժողովի անհրաժեշտություն կա` լրացուցիչ քննություն իրականացնելու և չորսուկես տարվա ընթացքում պետական մարմինների ձեռնարկած գործողությունների դիտարկման համար: Չորսուկես տարի է անցել, բայց թե՛ սպանությունների հետ կապված հարցեր կան, թե՛ այն աշխատանքների, որ պետք է կատարեին պետական տարբեր մարմիններ` ժողովրդավարական կարգերի հաստատման, պետական անվտանգության համակարգի զարգացման, մարդու իրավունքների ապահովման գործերում: Մենք մինչև այսօր չունենք նրանց վերջնական պատասխանը: Նախորդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունը հանդես եկավ առանձին մոնիթորինգ իրականացնող հանձնաժողովի ստեղծման առաջարկով, որը քաղաքական մեծամասնությունը մերժեց և հարցը տեղափոխեց պետական-իրավական հարցերի հանձնաժողովի գործառույթների դաշտ: Մենք ասում էինք, որ պետաիրավական հանձնաժողովն ի վիճակի չի լինելու իրականացնել այդ գործառնությունները: Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, և նախորդ գումարման խորհրդարանում այդ հարցին անդրադարձ չեղավ, հետևաբար նոր հանձնաժողովի ստեղծումը անհրաժեշտ է: Այս հանձնաժողովը չպետք է քաղաքականացվի` այս կամ այն քաղաքական ուժին դիվիդենդներ բերելու տեսակետից, այլ պետք է իսկապես նպաստի մարտի 1-ի էջը լիարժեք բացահայտելուն և ընդմիշտ փակելուն: Եթե հասարակական մի ստվար զանգված կասկածներ ունի, այդ կասկածները պետք է փարատել, չի կարելի անորոշության մեջ թողնել այն, ինչ հնարավոր է բացահայտել:
-Մինչև նախագահական ընտրությունները հնարավոր չէ՞ր քաղաքականացումից խուսափել:
-Հանձնաժողովի գործունեության ժամկետ նախատեսված էր մինչև փետրվարի 4-ը, իրատեսական չէր այդքան կարճ ժամկետում այդքան խնդիրներ պարզելը: Ճիշտ չեմ համարում նաև հանձնաժողովի աշխատանքը նախագահական ընտրություններով պայմանավորելը` դա հենց հարցի քաղաքականացման ուղիղ ճանապարհն է: Այդ պատճառով էլ տեղին էր հիմնական զեկուցողի և պետական-իրավական հանձնաժողովի նախագահի համաձայնությունը, որ հանձնաժողովը ստեղծվի նախագահական ընտրություններից հետո: Ես էլ եմ այդ ժամկետին կողմ, բայց ես դեմ եմ, որ հետաձգվեց այդ հարցի քննարկումը հանձնաժողովում: Եթե իշխանությունը հանձնաժողով ստեղծելու կամքն ունի, կարող էր օրինագիծը մտցնել մեծ օրակարգ, իսկ փոքր օրակարգում ներառեր և ԱԺ-ում քննարկեր ընտրություններից հետո: Քանի որ հիմնական զեկուցող, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է նաև իշխանության առաջարկը` փոփոխել որոշ դրույթներ: Սա կլիներ երկկողմանի հստակ կապ և երաշխիքներ կլինեին, որ այսօր չկան: Ես ընդհանրապես կասկածում եմ, որ իշխանությունն ընտրություններից հետո հանձնաժողով ստեղծելու կամք կդրսևորի:
-Հակառակ Լևոն Զուրաբյանի հորդորով` ԱԺ նախագահի երաշխավոր դառնալո՞ւ:
-Եղել են դեպքեր, որ երաշխիքների առկայությամբ խոստումը չի կատարվել: ԱԺ նախագահը գործին մասնակից և պայմանավորվածությունների մանրամասներին տեղյակ չէր:
-Ի՞նչ է կատարվում հիմա քաղաքական դաշտում:
-Անորոշություն է, որը դեռևս կպահպանվի մինչև թեկնածուների առաջադրումները: Այս ընտրությունները նախորդի նման չեն երկու պատճառով: Նախորդ ընտրությունների ժամանակ կար ժամկետն ավարտած նախագահ, այս ընտրություններում գործող նախագահի պաշտոնավարման շարունակականության խնդիր է դրված, և շատ քաղաքական ուժեր նաև մտածում են, թե որքանով է ճիշտ այս ընթացքում խաղի մեջ մտնելը, մյուս կողմից համապետական ընտրությունների որակը ակնհայտ է դարձնում, որ շատ քիչ է այլընտրանքային թեկնածուի հաղթելու հնարավորությունը, և ավելորդ կոտրվում են թե՛ ռեսուրսը, թե՛ քաղաքացիների վստահությունը այս կամ այն անձի նկատմամբ: Պրագմատիկ չէ ևս մեկ քայլ կատարել այդ ուղղությամբ: Երրորդ պատճառն էլ կա. ներքին քննարկումներում բոլորն էլ հասկացել են, որ մեկ քաղաքական միավորի խնդիր չէ համակարգային փոփոխություններ իրականացնելը: Հարկավոր է որոշակի համախմբում, այստեղ է, որ տարբեր ուժերի անորոշությունները սկսում են տարբերվել:
-ՀՅԴ-ն ի՞նչ անորոշություն ունի:
-ՀՅԴ-ն ասում է` մենք կարևորում ենք սկզբունքները, հետո նոր անձի խնդիր ենք տեսնում: Եթե սկզբունքներն ընդունելի են քաղաքական դաշտի ուժերի համար, կարելի է քննարկել անձը, որ կրում է այդ սկզբունքները: Նա չի գալիս որպես նախագահ, գալիս է որպես նախագահական համակարգից հրաժարվող անձ, այդ փոփոխություններն առաջ մղող առաջնորդ:
-Այդ փոփոխությունների հասարակական պահանջ կա՞:
-Հայաստանի Հանրապետության անկախության առաջին օրերից կա այդ պահանջը, որ տարբեր դրսևորումներ է ունեցել և ձևախեղումների է ենթարկվել այս կամ այն քաղաքական միավորների կամ իշխանություն ունեցող խմբերի կողմից: 1991-ից սկսած այդ պահանջը կա: Ինչո՞ւ 1991 թ. խորհրդային համակարգի հիման վրա կատարված ընտրություններին ժողովուրդն այդքան ակտիվ էր, 1991-ի նախագահական ընտրություններից հետո քաղաքական կյանքը սկսեց պասիվանալ և բևեռանալ, որն էլ բերեց 1996-ի խայտառակ նախագահական ընտրություններին, որից հետո մեր կյանքում վատը պահպանվեց, լավ արդյունքներ չունեցանք: Համակարգային փոփոխության պահանջը միշտ եղել է, և որևէ քաղաքական ուժի չի հաջողվել այդ պահանջը բավարարել:
-Լավ, եթե անցնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի, մեր երկրում ստեղծված պայմաններում ի՞նչ է փոխվելու:
-Անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ենթադրում է խորքային փոփոխություններ, նաև նոր վարչատարածքային բաժանում, ներկայացուցչական մակարդակի ձևավորում բոլոր հատվածներում: Մենք առաջարկում ենք մարզերի թիվը մեծացնել և մարզպետների ընտրության համակարգին անցնել, ընտրական օրենսգիրքը փոփոխել` Երևանի կառավարման համակարգը տեղափոխել մարզեր, մի տարբերությամբ, որ գյուղապետերը նշանակվեն, խոշոր գյուղերում ընտրվի ավագանին, այսինքն` ստեղծվի ներկայացուցչական ինստիտուտ, որի բարձրագույն ներկայացուցչական մարմինը կդառնա խորհրդարանը: Ժողովրդավարությունը սկսվում է ներքևից, ոչ թե վերևից է թելադրվում: Երկրորդ կարևոր խնդիրը` առայսօր Հայաստանի կառավարությունը խմբային պատասխանատվություն է կրում, անհատական պատասխանատվություն կաբինետի որևէ անդամ չի կրում: Խորհրդարանական կառավարման ժամանակ յուրաքանչյուր նախարար իր ծրագրով պետք է քվեարկվի խորհրդարանում, որը հավանություն է տալիս կամ մերժում թեկնածությունը: Կան խորհրդարանական հանրապետության մոդելով երկրներ, որտեղ գործուն է նաև նախագահի ինստիտուտը` կոնկրետ գործառույթներով: Խորհրդարանական հանրապետության մեր առաջարկած մոդելը կարևորում է դատական համակարգի նկատմամբ խորհրդարանի անմիջական պատասխանատվությունը: Ցանկացած երկրում եթե չկա անկախ դատական համակարգ, հնարավոր չէ լուրջ առաջընթաց, և մեր չարիքներից մեկը դատական համակարգի կազմավորման սկզբունքների մեջ է: Բերեմ բազում օրինակներից մեկը. երկրում անհրաժեշտ չէ երկու գերագույն դատարանի առկայություն` Վճռաբեկ դատարան և Սահմանադրական դատարան, որ նաև կրկնում են միմյանց գործառույթները: Փոքր երկրներում նման համակարգի գոյությունն անիմաստ է, որովհետև օրենքի տարբեր մեկնաբանության պատճառով արդարադատությունը չի կայանում: Կրկնում եմ` նախագահական համակարգից անցումը խորհրդարանական կառավարման` մեխանիկական փոփոխություն չի ենթադրում, այլ խորքային: Այսօր երբ շենքի վերելակը փչանում է, քաղաքացին երկրի նախագահին է դիմում:
-Որովհետև միայն նախագահի հրամանով է գործը տեղից շարժվում սովորաբար:
-Իսկ դա վկայում է ձևախեղված ինստիտուցիոնալ համակարգ:
-Մեր երկրում ձևավորված ընտրական ավանդույթը հնարավորություն կտա՞ խորհրդարանական այն ընտրություններն իրականացնելու, որ Ձեր նշած բարեփոխումները կատարվեն:
-Իհարկե ոչ, այդ պատճառով էլ մենք առաջարկում ենք Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, բացի 100 տոկոս համամասնականին անցումից` նաև ընտրությունների անցկացման որակական վերանայումներ, առանց որոնց անիմաստ է խոսել դրական փոփոխությունների մասին: Ես համամիտ չեմ նրանց տեսակետին, ովքեր ասում են, որ իդեալական օրենսգրքով էլ կարելի է վատ ընտրություն անցկացնել, վատ օրենսգրքով` լավ ընտրություն: Եթե չկա բավարար քաղաքական կամք, միշտ թողնվում է ինչ-որ սողանցք, որ լինեն արջի ծառայություն մատուցողներ իշխանություններին և այլ անձանց:
-Ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումը հավանակա՞ն է:
-Այս պահի դրությամբ` դեռևս հնարավորությունները սպառված չեն:
-Բայց ո՞րն է իմաստը:
-Տրամաբանությունը մեկը պետք է լինի` ստեղծել Հայաստանում իշխանություններին հակակշռող սկզբունքների վրա հիմնված համակարգ. աշխարհի ոչ մի երկրում իշխանությունն ու ընդդիմությունը առանձին չեն գործում, և հաջողված են այն երկրները, որտեղ կա փոխըմբռնում, փոխադարձ շահերի ընկալում, համակարգային կապերով միմյանց գործառույթների ճանաչում ու հակակշռում: Դա է պատճառը, որ մենք առաջարկում ենք ընդդիմությանը վերապահել վերահսկողական գործառույթներ, որոնք կարող են հակակշռել իշխանությանը: Եթե իշխանությունն առաջնորդվում է պետության ու ժողովրդի շահերով, պիտի գիտակցի, որ դա պետք է առաջին հերթին իրեն: Երկուսի գոյությունը մեկ համակարգի ներսում` իրար հակակշռող գործառույթներով, հնարավորություն կտա, որ համակարգը զարգանա:
-Ընդդիմության միասնական թեկնածուի ձևավորման հիմք ո՞ր գաղափարը պետք է դառնա:
-Մենք 7 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ ենք ներկայացրել, որ ոչ այնքան մեզ է պետք` որպես կուսակցության, որքան ժողովրդին և պետությանը: Մենք լավ գիտակցում ենք, որ միայնակ ի վիճակի չենք փոփոխություններ իրականացնելու, և ակնկալում ենք բոլորի մասնակցությունը: Մենք յոթ կետով չենք սահմանափակվում և պատրաստ ենք կարևոր հարցերը ավելացնելու: Այդ յոթը, մեր պատկերացմամբ, անհրաժեշտ և բավարար կետերն են, և մեկ դրույթը մյուսից թերագնահատել չի կարելի: Արատավոր համակարգի դեմ համակարգային պայքար է պետք, անձերի փոփոխությունը բավարար չէ: Մեր անցկացրած «Միասնական օրակարգ նախագահական ընտրություններում» խորհրդաժողովում խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվեցին մեր առաջարկները, ՀՅԴ առաջիկա ընդհանուր ժողովում կձևավորվի մեր վերջնական դիրքորոշումը 2013-ի նախագահական ընտրություններում մեր մասնակցության ձևաչափի մասին:

Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ