ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱՆՔ ՆԱև ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ

ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱՆՔ ՆԱև ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ
10.12.2010 | 00:00

Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսումնական մասի վարիչ, պրոֆեսոր ՅՈՒՐԻ ԿՈՒՊԱԼՅԱՆՆ օլիմպիական 5 խաղերի մասնակից է: Խաղերի օրերին կազմակերպված մրցույթ-ցուցահանդեսներում նա ներկայացրել է մարզական թեմաներով նամականիշերով իր հավաքածուները և ունի 15 մեդալ` 1 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե: Ընդ որում, օլիմպիական խաղեր են եղել, որ Հայաստանի մարզիկները ձեռնունայն են մնացել պարգևներից, սակայն փորձառու ֆիլատելիստը դատարկաձեռն չի վերադարձել` մեդալի է արժանացել: Ի դեպ, 78-ամյա Կուպալյանը 6 տարեկանից նամականիշերով հավաքածուներ է կազմում: Նա այդ նախասիրությունը ժառանգել է մորից:
Կուպալյանը երկար տարիներ Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարության նամականիշերի թողարկման հանձնաժողովի անդամ է: Նա տեղեկացրեց, որ այս տարի պետք է պատրաստվեր հայկական 61 նամականիշ, սակայն միայն մի փոքր մասն է տպագրվել: Այդ թվում նախատեսված էին նաև մարզական թեմաներով նամականիշեր: Փաստենք, որ մարզական թեմաներով նամականիշերն ուշացումով են տպագրվում և անհարմար իրավիճակներ են առաջանում: Բանն այն է, որ դրանք հիմնականում նվիրված են լինում խոշորամասշտաբ իրադարձություններին և, ըստ կարգի, պետք է տպագրվեն դրանց շեմին: Այդպես էլ նախատեսված է: Սակայն մի բան է պլանավորելը, մեկ այլ բան` իրականացնելը: Մասնավորապես, այս տարի Կանադայի Վանկուվեր քաղաքում կազմակերպված ձմեռային օլիմպիական խաղերը վաղուց պատմություն էին դարձել, երբ այդ ստուգատեսին նվիրված նամականիշը հրապարակ եկավ: Ընդ որում, այն պետք է լիներ դեռ առաջին եռամսյակում: Նախատեսված էր նաև, որ երկրորդ եռամսյակում կտպագրվի Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերին նվիրված նամականիշը, դրան հաջորդելու էր բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանին, աթլետ Ֆաինա Մելնիկին, ծանրորդ Յուրի Վարդանյանին նվիրված նամականիշերով գեղաթերթիկը: Ի դեպ, օլիմպիական խաղերին նվիրված շարքի նամականիշերով թողարկումն սկսվել է դեռ նախորդ տարի, և առաջինը դարձյալ ուշացումով լույս էր ընծայվել մարմնամարզիկներ Հրանտ Շահինյանին, Ալբերտ Ազարյանին, ժամանակակից հնգամարտիկ Իգոր Նովիկովին նվիրված նամականիշերով գեղաթերթիկը: Արդեն 2010-ի երրորդ եռամսյակում նախատեսված էր ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված նամականիշի թողարկումը, և ահա, պատանեկան օլիմպիական խաղերին, օլիմպիական խաղերի չեմպիոններին, ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված նամականիշերը միայն օրերս վաճառքի հանվեցին: Ինչպես ասում են, դա արդեն ուշացած ծուղրուղու է: Կուպալյանը նշեց, որ բացարձակ անհասկանալի է, թե ինչու է այսպես լինում: Հետաքրքրվեցինք` գուցե պատճառը նախարարության և «Հայփոստի» միջև եղած հակասություննե՞րն են: Պարզաբանվեց, որ նախարարությունում այդ առումով որևէ խնդիր չկա, իսկ ամբողջ աշխատանքը «Հայփոստի» ներկայացուցիչների ձեռքին է. «Ի դեպ, այս ընթացքում «Հայփոստի» ղեկավարներին քանիցս հարցրել եմ, թե երբ են թողարկվելու մարզական թեմաներով նամականիշերը, նրանք պատասխանում էին, որ իրենց վրա ճնշում գործադրելու անհրաժեշտություն չկա, ոչ էլ անհանգստանալու, ամեն ինչ կարվի, և նամականիշերը վաճառքի կհանվեն»:
Այսպիսի անտարբերությունը կարող է միայն զարմանք առաջացնել: Բանն այն է, որ նամականիշերի թողարկումը եկամտաբեր գործ է, դրանք դրամական արժեք ունեն: Ընդ որում, նամականիշները դրամանիշերից տարբերվում են միայն նրանով, որ դրամի վրա համարակալում կա, իսկ նամականիշի վրա` ոչ: Այսինքն, դրամանիշերը հաշվառվում են, իսկ նամականիշերն այդպիսի կանոնի չեն ենթարկվում: Ի դեպ, որոշ երկրներում շատ խիստ է թողարկված նամականիշերով հսկողությունը: Մասնավորապես, Գերմանիայում այդ հարցով զբաղվում է երկրի ոստիկանությունը, իսկ Հայաստանում նման բան չկա: Դա այն դեպքում, երբ նախկինում խոշոր չարաշահումներ են եղել, ապօրինություններ կատարվել: Ի դեպ, այլ երկրներում հսկողություն սահմանելն ավելի բարդ է, քանի որ տարբեր կազմակերպություններ են զբաղվում նամականիշերի թողարկմամբ և իրացմամբ: Իսկ Հայաստանում մեխանիզմը պարզ է. «Հայփոստը» նամականիշերը պատրաստել է տալիս և վաճառքի հանում: Կուպալյանն այդ մասին չցանկացավ խոսել, սակայն չբացառեց, որ հնարավոր է նաև նախատեսվածից ավելի նամականիշերի թողարկում, քանի որ հսկողություն գործնականում չկա. այդ պարագայում ամեն բան հնարավոր է:
Ինչևէ, մտահոգության հիմնական պատճառը նամականիշերի ուշացումով տպագրությունն է, բայց դա հնարավոր է կանխել: Մասնավորապես, այս տարի արտապլանային տպագրվել է շախմատային կոմպոզիտոր Հենրիկ Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ: Այդ հարցում խնդիր չի առաջացել, քանի որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է:
Հետաքրքիր է, մարզական թեմաներով նամականիշերի թողարկումը մնացորդային սկզբունքո՞վ չի կատարվում, ուշացումով են պատրաստվում նաև ա՞յլ թեմաներով նամականիշերը: Պարզաբանվեց, որ այս հարցում որևէ տարբերակում չկա, նույն պատկերն է նաև մյուս բոլոր թեմաներին վերաբերող նամականիշերի պատրաստման հարցում: «Այս տարի տասը նամականիշ է թողարկվել երկու տարբերակով` սովորական և ինքնատիպ սոսնձով: Վերջինս ավելի թանկ արժե, քանի որ թղթի վրա է փակցված և օգտագործման ժամանակ հանվում է և ամրացվում ծրարին կամ բացիկին: Փաստորեն, այդպիսի պահանջ է դրվում, և այդպիսով ամեն մի նամականիշ կարող է համապատասխանել միջազգային չափանիշներին»: Ցավոք, հնարավորություն չկա մեր երկրում նամականիշեր թողարկելու, և դրանք տարիներ ի վեր պատրաստվում են արտասահմանյան տարբեր երկրներում: Մասնավորապես, նախկինում հայկական նամականիշեր են թողարկվել Հոլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում, այժմ էլ, որքան հայտնի է, կրկին այդ աշխատանքը կատարվում է Հոլանդիայում: Նման փոփոխականությունն էլ անհասկանալի է: Ինչ վերաբերում է տպագրության որակին, ապա փորձառու մասնագետը հավաստիացրեց, որ այդ առումով վիճակն այնքան էլ վատ չէ, սակայն դեռ շատ անելիքներ կան, որ բարձր մակարդակի նամականիշեր ունենանք: Ինչ վերաբերում է մարզական թեմայով վերջին նամականիշերին, ապա դրանք բոլորն էլ լավն են: Այդուհանդերձ, կարծիքները կարող են տարբերվել: Մասնավորապես, Վանկուվերում կայացած օլիմպիական խաղերին նվիրված նամականիշի մասին կարծիք կա, որ այն ոչ մի հետաքրքիր բան չի արտահայտում, սակայն կարելի է նաև այդ հարցում առարկել:
Այդուհանդերձ, գլխավոր հիմնախնդիրն այն է, որ նամականիշերը ժամանակին չեն տպագրվում: Մասնավորապես, արտասահմանյան երկրների ֆիլատելիստները սպասում են այս կամ այն նամականիշի թողարկմանը, որ հարստացնեն իրենց հավաքածուները: Կուպալյանն այդ առիթով սրտնեղած ասաց. «Այդ իմաստով ինքս շատ անհարմար վիճակում եմ, քանի որ նամականիշերի հավաքածուներ կազմող արտասահմանում բնակվողներից շատերն ինձ են դիմում, որ ուղարկեմ, և ստիպված նրանցից մի քանիսի հետ դադարեցրել եմ նամականիշերի փոխանակումը: Ի դեպ, Վանկուվերում բնակվող իմ մտերիմներից Էդվարդ Սարգսյանին միայն երկու օր առաջ եմ ուղարկել Վանկուվերի օլիմպիական խաղերին նվիրված նամականիշը: Նա շատ հայրենասեր է և ինձ ուղղակի նեղում է, որ հայկական ամեն նամականիշ իրեն ուղարկեմ: Ստիպված ես նրան ուղարկել եմ նաև հայկական նամականիշերի պատրաստման պլանը, որ համոզվի, որ այդպիսի բան կա, սակայն աշխատանքը ժամանակին չի կատարվում: Այս տարի այլևս մարզական թեմաներով նամականիշեր չեն պատրաստելու»: Ինչ վերաբերում է 2011-ին, ապա թողարկվելու է օլիմպիական խաղերին նվիրված երրորդ գեղաթերթիկը, որի վրա լինելու են ծանրորդ Հոկսեն Միրզոյանի, մարմնամարզիկ Էդվարդ Ազարյանի, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի դիմանկարներով նամականիշեր: Նախկինում համահայկական յուրաքանչյուր խաղերին նվիրված գեղաթերթիկ է տպագրվել: Քանի որ 2011-ին կայանալու են Համահայկական 5-րդ խաղերը, ապա, ավանդույթը չխախտելու համար, կթողարկվի այդ ստուգատեսին նվիրված գեղաթերթիկ: Սպասվում է, որ գեղաթերթիկ կտպագրվի` նվիրված Թուրքիայում անցկացված օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկներին: 2011-ին կայացած այդ ստուգատեսից հետո երկու հայ աթլետ Թուրքիայի հավաքականի կազմում 2012-ին մասնակցել է Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում կազմակերպված օլիմպիական խաղերին: Ի դեպ, հնարավոր է` Թուրքիայում հրատարակված «Մարմնամարզ» հանդեսի 100-ամյակին նվիրված ևս մեկ գեղաթերթիկ տպագրվի: Այս ամենը, թերևս, նաև քաղաքական նշանակություն ունի և բացահայտում է, թե Թուրքիայում հայերն ինչ դեր են ունեցել, ինչ դիրք զբաղեցրել: Օլիմպիական խաղերի կազմակերպումը, մարզական առանձին ամսագրի հրատարակությունն ինքնին շատ բանի մասին են վկայում: ՈՒշագրավն այն է, որ Հայաստանի ներկայիս տարածքում այդ տարիներին նմանատիպ մակարդակի աշխատանքներ չեն կատարվել: Սակայն գլխավորը` դա վկայում է այն մասին, որ հայերը Թուրքիայում բարձրակարգ մշակույթ, նաև սպորտ են ունեցել, որը սահմանակից երկրի ներկայացուցիչների համար այնքան էլ ձեռնտու չէ: Ընդ որում, մինչև Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցն ամեն տարի խորհրդանշական ձևով այդ թեմային վերաբերող որևէ նամականիշ է նախատեսվում տպագրել:
Իսկ 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի նամականիշերի ցուցահանդես-մրցույթին Կուպալյանը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Ցանկություն կա, սակայն դրա իրականացումը լուրջ դժվարությունների հետ է կապված: Պեկինում 2008-ին կայացած օլիմպիական խաղերում իմ և թոռնիկիս կազմած մարզական թեմաներով նամականիշերի հավաքածուները ոսկե և արծաթե մեդալների էին արժանացել, սակայն ես օլիմպիական խաղերի մայրաքաղաք էի ուղևորվել իմ միջոցներով: Միայն հետո, բավականին ուշ ՀԱՕԿ-ը վերադարձրեց ճանապարհածախսը, ինչի համար շնորհակալ եմ: Առայժմ կոնկրետ խոսակցություն չի եղել, որ ՀԱՕԿ-ը ֆինանսներ կնախատեսի, որ Հայաստանից մասնակից լինի առաջիկա օլիմպիական խաղերի նամականիշերը ցուցահանդես-մրցույթին: Մինչդեռ Միջազգային օլիմպիական կոմիտեն ունի մարզական թեմաներով նամականիշերի հանձնաժողով: Ժամանակակից օլիմպիական առաջին խաղերից սկսած, ՄՕԿ-ն անցկացրել է մշակութային այդպիսի միջոցառումներ և խաղարկվել են օլիմպիական մեդալներ` տարբեր ոլորտներում: Այդպես է եղել մինչև 1948-ը, իսկ 1952-ից սկսած պարբերաբար միայն մարզական նամականիշերի ցուցահանդես-մրցույթներ են անցկացվում»:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ