Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԽԵԼԱՑԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԽԵԼԱՑԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
20.10.2009 | 00:00

Հոկտեմբերի 17-ին Բեռլինում և Նոթինգհեմում մեկնարկեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի` նախադեպը չունեցող մի մրցաշար, որը կոչվում է «Super Six World Boxing Classic»: Այն տևելու է մինչև 2011 թվականը: Մասնակցում են երկրորդ միջին քաշային կարգի վեց ուժեղագույն բռնցքամարտիկներ` Արթուր Աբրահամը, Ջերմեն Թեյլորը, Միքել Քեսլերը, Անդրե ՈՒորդը, Կառլ Ֆրոչը և Անդրե Դիրելը: Մրցակիցները մեկական անգամ հանդիպելու են միմյանց հետ, չորս լավագույնները դուրս են գալու կիսաեզրափակիչ, որի երկու հաղթողները վիճարկելու են բացարձակ չեմպիոնի կոչումը:
Արթուր Աբրահամն այս մրցաշարից առաջ հրաժարվել է իր չեմպիոնական գոտուց` փոխելով քաշային կարգը: Նա նշում է, որ այսպես ավելի հեշտ կլինի նախապատրաստվել մենամարտերին, քանի որ 8 կգ նիհարելու անհրաժեշտություն չի լինի:

Բեռլինի 12-հազարանոց լեփ-լեցուն «Օ2 World» դահլիճը «Սքորփիոնզ» հռչակավոր ռոք-խմբի կենդանի նվագի ուղեկցությամբ ողջունեց «Արքա» Արթուր Աբրահամին, որի հագին արքայական ինքնատիպ թիկնոց էր: Նրա մրցակիցն այդ քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Ջերմեն Թեյլորն էր: Մինչ այս մենամարտը Արթուրն անցկացրել էր 30 մարտ, տարել նույնքան հաղթանակ, որոնցից 24-ը` նոկաուտով: Մարտից առաջ ամերիկացին հայտարարել էր. «Ես անհամբերությամբ եմ սպասում առաջիկա մենամարտին: Արթուրը համառորեն է նախապատրաստվել մարտին, բայց ես նախապատրաստվում եմ ավելի համառորեն: Ես ավելի լավ բռնցքամարտիկ եմ, քան նա, հետևաբար ինձ չի մտահոգում, որ հանդես եմ գալու նրա հարկի տակ և նրա հանդիսականների առջև: Ես կթելադրեմ իմ պայմանները յուրաքանչյուր ռաունդում: Աբրահամը ֆիզիկապես ուժեղ բռնցքամարտիկ է, բայց նրա մեջ չկա ոչ մի առանձնահատուկ բան: Նա գործում է շատ կանխատեսելի և միանման, բայց ուժի և դիմացկունության շնորհիվ առավելության է հասնում: Ես նրան չէի դնի իմ նախկին մրցակիցների հետ նույն շարքում»:
Իր հերթին Աբրահամը նշել էր. «Թեյլորը կարող է ասել, ինչ ցանկանում է: Վստահ եմ, որ հենց սկսեմ ծեծել նրան, նա անմիջապես կփոխի իր կարծիքն իմ մասին»:
Մարտը սկսվեց հետախուզությամբ: Արթուրը չդավաճանեց իր մշտական մարտավարությանը: Ինչպես միշտ, առաջին ռաունդներում նա առանձնապես ակտիվ չէ, ուսումնասիրում է մրցակցի ոճը` ժամանակ առ ժամանակ ստուգելով նրա ամրությունը: Արթուրը զգալի առավելություն ուներ 3-րդ, 4-րդ, 5-րդ ռաունդներում: 6-րդում սևամորթ ամերիկացին հարվածեց գոտկատեղից ներքև, և քանի որ դա արդեն երրորդն էր այդ մարտում, մրցավարը զգուշացրեց նրան և մեկ միավոր հանեց: Սկսած 7-րդ ռաունդից` հայ մարզիկն անցավ վճռական գործողությունների` մեծացնելով իր առավելությունը: Նրա բազմաթիվ հարվածներ հասնում էին նպատակին: 9-րդ ռաունդի սկզբին Արթուրն ուժգին հարվածով կարող էր ավարտել մարտը, սակայն Թեյլորը դիմացավ, մի քանի անգամ բռնեց Արթուրի ձեռքերը` մարելով նրա գրոհների թափը: Այս ռաունդից հետո Արթուրն առաջին անգամ ժպտաց: Եվս մեկ ուժգին հարված ամերիկացին ստացավ 10-րդ ռաունդի վերջում, սակայն կրկին մնաց ոտքի վրա: Բայց զգացվում էր, որ նա արդեն «լողում է»: 11-րդ ռաունդից հետո ամերիկացու դեմքն ամբողջովին այտուցված էր:
Վերջին ռաունդն անցավ նույն սցենարով, ինչ նախորդ մի քանիսը. Արթուրն ուներ բացահայտ առավելություն: Նրա մի քանի ուժգին հարվածներ ցնցեցին Թեյլորին, սակայն նա կրկին մնաց ոտքի վրա: Թվում էր, թե մարտն այդպես էլ կավարտվի, և ելքը կվճռեն կողային մրցավարները, թեպետ այդ դեպքում էլ Արթուրի հաղթանակը կասկած չէր հարուցում (ինչպես այնուհետև պարզվեց, 11-րդ ռաունդից հետո բոլոր երեք մրցավարների թերթիկներում հաշիվն Արթուրի օգտին էր` 105-103, 107-102 և 106-102): Սակայն տեղի ունեցավ անսպասելին. երբ մարտի ավարտին մնում էր 15 վայրկյան, Աբրահամի աջ ձեռքի ուղիղ ուժգին հարվածը Թեյլորի ձեռնոցների արանքով դիպավ նրա քթին, և ամերիկացին տապալվեց ռինգի հատակին: Նա մի քանի րոպե չէր կարողանում ոտքի կանգնել: Գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակ էր: Արթուրի մարզիչ ՈՒլի Վեգները մեկնաբանել է իր սանի ելույթը. «Արթուրն այսօր լավ մարտ անցկացրեց: Նա գիտեր, թե ինչ պետք է անի: Շատ խելացի մարտ էր: Թեյլորն ուժեղ մրցակից էր: Բայց մենք պարտավոր էինք հաղթել տան մրցամարտում: Մենք պարտք էինք մեր հանդիսականներին, նրանց աջակցությունը զարմանահրաշ էր»:
«Նա պարզապես զարմացրեց ինձ իր աջ հարվածով: Ես այն չտեսա: Նա շատ ուժեղ է խփում»,- մարտից հետո ասել է Թեյլորը, որին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես հաղորդել են բժիշկները, նա Բեռլինի հիվանդանոցում կմնա մի քանի օր: Ըստ ամերիկացու ներկայացուցչի, նա ստացել է ուղեղի ցնցում, ինչպես նաև ունի հիշողության կարճատև կորուստ: Նա մի քանի անգամ հետաքրքրվել է, թե որ ռաունդում է նոկաուտի ենթարկվել: Բժիշկները ենթադրում են, որ ռինգի հատակին հարվածելուց հետո վնասվել է նրա գլխի հետևի մասը: Արթուր Աբրահամն իր մրցակցին մաղթել է արագ ապաքինում. «Շատ ցավալի է լսել, որ նա հիվանդանոցում է: Ես ձգտում եմ հաղթել մրցակիցներիս, բայց երբեք չեմ ցանկանում նրանց վնասել: Առողջությունն ամենակարևոր բանն է, և հուսով եմ, որ Ջերմենը կապաքինվի: Ինձ համար պատիվ էր նրա հետ հանդիպելը»:
Նշվում է, որ Թեյլորը կարող է հրաժարվել հետագա մասնակցությունից վեցի մրցաշարում: Այդ դեպքում նրան կփոխարինի ամերիկացի Ալան Գրինը: Նույն օրը Մեծ Բրիտանիայում Կառլ Ֆրոչը միավորներով հաղթել է Անդրե Դիրելին, որի հետ էլ 2010 թ. հունվարի 23-ին ԱՄՆ-ում կհանդիպի Արթուր Աբրահամը: Այս պահին մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է հայ բռնցքամարտիկը: Նշենք, որ նոկաուտով հաղթանակի համար տրվում է 3 միավոր, միավորներով հաղթանակի համար` 2, ոչ-ոքին գնահատվում է 1 միավոր, պարտությունը` 0:


Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ