Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱ՞Ն ԷԻՔ ԿԱՆՉԵԼ»

«ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱ՞Ն ԷԻՔ ԿԱՆՉԵԼ»
22.04.2011 | 00:00

Գերմանական Դորտմունդ քաղաքում կայացած Եվրոպայի ընթացիկ տարվա ըմբշամարտի առաջնությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշների հաջող մրցելույթներին «Իրատես de facto»-ն անդրադարձել է, ներկայացրել է նաև մեր հավաքականի հաջողությունը կերտած առանձին մարզիկներին, որոնցից առաջինը գերազանց մրցելույթ ունեցած ու աշխարհամասի հաղթողի կարգավիճակով հայրենիք վերադարձած Ռոման Ամոյանն էր: Այսօր հերթը ԱՐԹՈՒՐ ՇԱՀԻՆՅԱՆԻՆՆ է:
Մարզական առաջին լուրջ ձեռքբերումն Արմավիրի մարզի Ապագա գյուղի ապագա մեծ մարզիկն ունեցավ ըմբշամարտով պարապելու արդեն վեցերորդ տարում` նվաճելով Հայաստանի պատանիների չեմպիոնի տիտղոսը: ՀՀ վաստակավոր մարզիչ Արթուր Թովմասյանի սանը հաջողությունը նույնությամբ կրկնեց և հաջորդ տարի:
2005-ը դարձավ հասունության նոր տարի. նախ նվաճեց հանրապետության երիտասարդների չեմպիոնի տիտղոսը, ապա, մեկնելով աշխարհի երիտասարդական առաջնություն, վերադարձավ բրոնզե մեդալ նվաճած:
Հաջողություններն իրենց տրամաբանական զարգացումն ստացան նաև 2006-2007 թվականներին: Հաղթեց հանրապետության երիտասարդների առաջնությունում, եղավ երկրորդը Եվրոպայի երիտասարդների մեջ (2006 թ.), ապա մեկ աստիճանով վեր բարձրացավ աշխարհի երիտասարդների մրցապայքարում (2007 թ.):
2008 թվականը հասունության քննություն էր արդեն մեծահասակների մեջ. դարձավ հանրապետության փոխչեմպիոն ու տարին ավարտեց այս մի նվաճումով: Հաջորդ տարի արդեն հանրապետության չեմպիոն էր և այդ կարգավիճակով մասնակցեց մեծահասակների աշխարհի առաջնությանն ու հասկացավ, որ միջազգային մրցագորգում հաղթանակի հասնելու համար միայն ցանկությունը քիչ է, պարապել է պետք, լրջորեն պարապել: Հետևություններ անելու համար պահանջվեց ավելի քան մեկ տարի:
2011-ը Արթուր Շահինյանը դիմավորեց կրկին հանրապետության չեմպիոնի կարգավիճակով, ինչն էլ հավաքականի մարզիչներին վստահություն հաղորդեց` ըմբիշին ներգրավելու Եվրոպայի առաջնություն մեկնող թիմի կազմում: Եկել էր հասունության շրջանը:

-Առաջին մրցակցիս` Չեռնոգորիայի ներկայացուցչին, հաղթեցի երկու գոտեմարտում,- ասում է Արթուրը։- Հաջորդ մրցակիցս Ռուսաստանը ներկայացնող Ալան Խուգաևն էր: Նրա փորձը շատ լուրջ դեր խաղաց, ու ես ցավալի պարտություն կրեցի, որը մինչև հիմա տեսնում եմ երազներումս: Բարեբախտաբար, Ալանը կարողացավ դուրս գալ եզրափակիչ` ձեռքի հետ ինձ էլ պայքարը շարւնակելու հնարավորություն տալով: Իմ հաջորդ գոտեմարտում հեշտությամբ հաղթահարեցի իտալական արգելքը և երրորդ տեղի համար պայքարի մեջ մտա գերմանացի ըմբիշի հետ: Լարված մենամարտ ստացվեց թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով: Հատկապես վերջին պարագան էր ճնշող: Չնայած գերմանացի հանդիսատեսը շատ բուռն էր աջակցում իր համերկրացուն, այնուամենայնիվ, հաղթանակի նժարը կարողացա թեքել իմ կողմը:
-Աշխարհամասի հեղինակավոր առաջնությունից մեդալով վերադառնալը քիչ բան չէ, և մենք ի սրտե շնորհավորում ենք քեզ բրոնզե մեդալի արժանանալու կապակցությամբ, սակայն դիմացն աշխարհի առաջնությունն է:
-Դիմացն, այո, աշխարհի առաջնությունն է, այն էլ` Ստամբուլում, այն էլ` լոնդոնյան օլիմպիադայի համար վարկանիշային, ու եթե ասեմ, որ օլիմպիական խաղերին մասնակցելը յուրաքանչյուր մարզիկի ամենախոշոր երազանքն է, նոր բան ասած չեմ լինի:
-Որ յուրաքանչյուր մարզիկի ամենախոշոր երազանքն է, գիտենք, դու էն ասա` տուն ունե՞ս:
-Ոչ: Ամուսնացած էլ չեմ:
-Ահա՜, կդառնաս օլիմպիական չեմպիոն` երկիրը քեզ տուն կտա, իսկ հարսնացուին էլ…
-…ես կգտնեմ:
-Համարե՞նք, որ պայմանավորվեցինք:
-Համարենք:
-Չենք պահանջում ասածդ ստորագրությամբ հաստատել, որովհետև թերթով արված հայտարարությունը նոտարով հաստատված փաստաթղթից զորեղ է:
-Փաստորեն, զրույցի անվան տակ խոստովանության էիք կանչել:
-Մեզ մոտ էդպես է: Համ էլ, ի՞նչ է, որ: Այս տարի աշնանը կգրենք, որ աշխարհի նորընծա չեմպիոն, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Արթուր Շահինյանն իր կյանքի առաջին հարցազրույցը տվել է «Իրատես de facto»-ին, հաջորդ տարի էլ կգրենք. «Մինչև 84 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոնի կոչմանն արժանացած քսանհինգամյա Արթուր Շահինյանին հայրենի կառավարությունն ու հանրապետության մարզական ղեկավարությունը, ի նշան այն բանի, որ նա Լոնդոնում հնչեցնել է տվել հայոց օրհներգը, պարգևատրել են բնակարանով»: Ի՞նչ ասիր:
-Ասելու բան չմնաց: Մնաց արդարացնենք սպասելիքները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ