ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ՈՒՆԻ»

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ՈՒՆԻ»
14.09.2010 | 00:00

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկելու է շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադան: Այդ ստուգատեսի գլխավոր մրցավարի պարտականությունը կատարելու է երևանցի միջազգային մրցավար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ: Հանդիպելով նրան, նախ, հետաքրքրվեցինք, թե կազմակերպիչները պատրա՞ստ են հյուրընկալելու օլիմպիադայի բոլոր մասնակիցներին:
-Տարիներ առաջ ռուսական այդ քաղաքի անունը քչերը լսած կլինեին, սակայն այժմ այն հայտնի է բոլորին: Իսկ ամեն բան սկսվեց նրանից, որ 2005-ին Խանտի Մանսիյսկում անցկացվեց շախմատի աշխարհի գավաթի անդրանիկ խաղարկությունը, և Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը դարձավ հաղթող: Այն ժամանակ ստուգատեսը գերազանց էր կազմակերպվել: Ապա ևս երկու անգամ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարեր հաջողությամբ անցկացվեցին ռուսական այդ քաղաքում: Սակայն շախմատի համաշխարհային օլիմպիադայից առաջ շատ է խոսվում այն մասին, որ հնարավոր է Խանտի Մանսիյսկը չկարողանա հյուրընկալել ստուգատեսի մասնակիցներին: Բանն այն է, որ 60-70 հազար բնակչություն ունեցող քաղաքում հյուրանոցները քիչ են, մինչդեռ 3 հազարից ավելի օլիմպիադայի մասնակից է ժամանելու Խանտի Մանսիյսկ: Ինքս քանիցս եղել եմ այդ քաղաքում, որպես գլխավոր մրցավար, գլխավոր մրցավարի տեղակալ սպասարկել շախմատի միջազգային ներկայացուցչական ստուգատեսներ: Խանտի Մանսիյսկը հետաքրքիր քաղաք է, հեռանկարային: Այն ռուսական շատ քաղաքներից տարբերվում է, քանի որ ճարտարապետական եվրոպական ոճ ունի: Բարեբախտաբար, օլիմպիադայի մասնակիցներին ընդունելու հարցն արդեն փակվել է: Ահազանգից հետո Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) և Խանտի Մանսիյսկի ղեկավարները միջոցներ ձեռնարկեցին, և այժմ քաղաքը պատրաստ է դառնալու օլիմպիադայի անցկացման վայր: Մեծ հյուրանոցի շինարարությունը, որ կառուցվում էր, ավարտին է հասցվել: Ընդ որում, կացարանների պակաս, այնուամենայնիվ, զգացվում է: Այդ է պատճառը, որ մասնակիցների մի մասին որոշվել է տեղավորել Խանտի Մանսիյսկի համալսարանի հանրակացարանում: Այն իր պայմաններով չի զիջում մի շարք հյուրանոցների: Սակայն հանրակացարանն ազատ պահելու համար Խանտի Մանսիյսկի համալսարանում մեկ ամսով դասերը հետաձգվել են: Կարծում եմ, որ օլիմպիադան կանցնի բարձր մակարդակով:
-Շախմատի վերջին երկու օլիմպիադաներում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթող է դարձել: Մեր շախմատիստուհիների ընտրանին էլ լավ է խաղացել, զբաղեցրել է ավելի բարձր տեղեր, քան վարկանիշ է ունեցել: Հետաքրքիր է, թե ինչ հեռանկարներ ունեն մեր երկրի ներկայացուցիչներն այս անգամ:
-Հույս ունենք, որ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց խաղով կրկին կուրախացնեն մեր մարզասերներին: Սակայն կան մի շարք դժվարություններ: Գլխավորն այն է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները լուրջ մտադրություններ ունեն: Գաղտնիք չէ, որ հնարավորը և անհնարինը նրանք փորձելու են անել, որպեսզի իրենց երկրի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթեն: Այժմ Ռուսաստանում շախմատի ֆեդերացիային փոխարինել է դիտորդական խորհուրդը: Այն գլխավորում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի խորհրդական Արկադի Դվորկովիչը: Խորհուրդը մանրակրկիտ ծրագիր է կազմել, թե ինչ պետք է արվի, Ռուսաստանի ներկայացուցիչներն ինչպես են նախապատրաստվելու: Ընդ որում, արդեն մի քանի ամիս է, որ նախապատրաստվող թիմերի խաղացողները և նրանց մարզիչները շատ բարձր աշխատավարձ են ստանում: Սակայն դա բոլորը չէ: Ռուսաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների խաղացողներին գայթակղիչ փողեր են խոստացել այն պայմանով, որ նրանք ուժեղագույն դառնան: Մասնավորապես, տղամարդկանց և կանանց հավաքականների ամեն մի խաղացողը ստանալու է համապատասխանաբար 50 և 25-հազարական դոլար: Ընդ որում, Ռուսաստանը պատրաստվում է օլիմպիադային մասնակցել տղամարդկանց չորս հավաքականով:
-Որքանո՞վ է դա արդարացի:
-Դա նախադեպը չունեցող բան կլինի: Ամեն դեպքում կարելի է դրա օրինականությանը չկասկածել, քանի որ կազմակերպիչ երկրի ներկայացուցիչները Շախմատի միջազգային ֆեդերացիայից համապատասխան թույլտվություն ստացած կլինեն: Ընդհանրապես, համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչ երկրի ներկայացուցիչներին կանոնադրությամբ թույլատրում են մրցասպարեզ հանել տղամարդկանց և կանանց երկուական հավաքականներ: 1996-ին Երևանում կազմակերպված շախմատի համաշխարհային օլիմպիադայի ժամանակ նույնպիսի իրավունք էր վերապահվել Հայաստանի ներկայացուցիչներին: Ի դեպ, վերջին պահին Հայաստանը տղամարդկանց մրցաշարում երրորդ թիմը մրցասպարեզ հանեց, քանի որ մասնակիցների թիվը կենտ էր: Դա ևս օրենքով նախատեսված է: Իսկ այժմ Ռուսաստանը ցանկանում է չորս թիմով մասնակցել օլիմպիադային: Ամեն բան բարդանում է այն առումով, որ Ռուսաստանում բարձրակարգ շախմատիստները շատ են, այդ հավաքականները կարող են ուժեղ լինել և հավակնել հաղթողի կոչմանը: Բարդ կլինի նաև մրցակից երկրների հավաքականների համար առաջին տեղ զբաղեցնելը, քանի որ չի բացառվում, որ խաղան Ռուսաստանի մի քանի հավաքականի դեմ: Հայաստանի հավաքականն էլ պետք է պատրաստ լինի դեպքերի այդպիսի զարգացմանը:
-Մեր երկրի ներկայացուցիչներն ինչպե՞ս են նախապատրաստվում:
-Ամեն բան կատարվում է բարձր մակարդակով: Հայաստանի շախմատի ֆեդերացիան հնարավորն անում է, որ մեր երկրի ներկայացուցիչները հաջող հանդես գան օլիմպիադայում: Անցած ժամանակամիջոցում մի քանի ուսումնամարզական հավաք է կազմակերպվել: Դրանք անցկացնելու համար Հայաստան էր եկել վերջին տարիներին Հունգարիայում բնակվող, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը: Չնայած զբաղվածությանը, ուսումնամարզական հավաքներին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Այժմ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը մարզվում է Ծաղկաձորում: Նախապատրաստվում են Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը: Շախմատիստուհիների ընտրանին էլ, նորանշանակ գլխավոր մարզիչ Աշոտ Անաստասյանի ղեկավարությամբ, նախապատրաստվում է Ջերմուկում: Թիմի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, Անահիտ Խառատյանը:
-Ի՞նչ հավանականություն կա, որ օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը չի զիջի իր դիրքը:
-Ինչ խոսք, Հայաստանի հավաքականի շախմատիստները կփորձեն պահպանել չեմպիոնական բարձունքը: Սակայն, բացի Ռուսաստանի ներկայացուցիչներից, կձգտեն առաջին տեղի համար պայքարել նաև Ադրբեջանի հավաքականի շախմատիստները, որոնք Եվրոպայի վերջին առաջնության չեմպիոնն են: Ընդ որում, Ադրբեջանի հավաքականը Հայաստանի թիմի բարդույթ ունի: Այսինքն, նրանք պատրաստ են օլիմպիադայում գրավելու նախավերջին տեղը, միայն այն պայմանով, որ առաջ անցնեն Հայաստանի հավաքականից: Ասվածի վկայությունն է նաև այն հակամարտությունը, որը ներկայումս կա Ադրբեջանի հավաքականում: Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստը` Վուղար Հաշիմովը, դուրս է մնացել ազգային հավաքականի կազմից այն բանի համար, որ «հայամետ» քաղաքականություն է վարում: Իսկ նրա մեղքն այն է եղել, որ խաղացել է «Կասպարով-Մարկոտե» թիմում: Բանն այն է, որ Մարկոտեն վաղուց մահացել է, իսկ Կասպարովն արդեն երկար տարիներ այդ ակումբից հեռացել է: Ընդ որում, այդ թիմը ստեղծվել է դեռ այն ժամանակ, երբ Կասպարովն Ադրբեջանի ներկայացուցիչ էր: Հաշիմովի բացակայությունը մի փոքր կարող է թուլացնել Ադրբեջանի հավաքականը: Բայց Հայաստանի հավաքականի խնդիրը դրանից չի թեթևանա, քանի որ հիմնական հակառակորդները, Ռուսաստանի ներկայացուցիչներից բացի, կմնան ՈՒկրաինայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Հունգարիայի թիմերը: Այնպես որ, դժվարին պայքար է սպասվում:
-Օլիմպիադայում, որպես մրցավարի, ի՞նչ պարտականություն կդրվի Ձեզ վրա:
-Ըստ նախնական պայմանավորվածության` ինձ է վստահվելու տղամարդկանց մրցաշարի գլխավոր մրցավարի պարտականությունը:
-Շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին անցկացվելու է նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություն` երկու մրցակիցների` ՖԻԴԵ-ի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովի և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովի միջև: Ինչպիսի՞ն կլինի այդ պայքարը:
-Նախ, սկսենք նրանից, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան արտահայտել է իր դիրքորոշումը և ընտրապայքարում սատարելու է Իլյումժինովին: Դա ամենևին էլ պայմանավորված չէ այն հանգամանքով, որ Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և Իլյումժինովն անձնական լավ հարաբերությունների մեջ են: Կապ չունի նաև այն, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան լավ փոխհարաբերություններ է պահպանում ՖԻԴԵ-ի հետ, որը գլխավորում է Իլյումժինովը: Փաստն այն է, որ Իլյումժինովը մեծ գործ է կատարել համաշխարհային շախմատը զարգացնելու համար: Միջազգային նոր մրցաշարեր են կազմակերպվել, դրանցում մեծ փողեր են ներդրվել: Նա մի շարք ծրագրեր է իրականացրել. շախմատի տղամարդկանց և կանանց «Գրան պրի» մրցաշարեր են կազմակերպվում և այլն: Իհարկե, Կարպովը նույնպես մեծ ծավալի աշխատանք է կատարում շախմատը զարգացնելու համար: Նա մեծ թվով շախմատի դպրոցներ է հիմնել: Դա ևս անժխտելի է: Իմ կարծիքով, լավ կլիներ, որ այս երկու մրցակիցները միավորվեն և համատեղ փորձեն զարգացնել շախմատը: Ներկայումս ընտրապայքարում Իլյումժինովի հաղթելու հնարավորությունները բարձր են: Նրան է սատարում 93 երկրի շախմատի ֆեդերացիա: Սակայն ամեն բան որոշվելու է գաղտնի քվեարկությամբ, և հնարավոր է ամեն կարգի արդյունք:
Զրույցը` Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ