«Ըմբշամարտի հանդեպ սերս գալիս է քեռիներիցս: Նրանք, դեռևս Խորհրդային Միության տարիներին, ճանաչված ըմբիշներ էին, իմ մանկության տարիների կուռքն ու հպարտությունը: Ես էլ էի ուզում նրանց պես հաղթ և ուժեղ լինել, սակայն կար մի խոշոր բայց. փոքրամարմին, նվազ երեխա էի, ունեցած-չունեցած քաշս էլ` ընդամենը 18 կիլոգրամ: Ասում էի` ուզում եմ պարապել, ասում էին` տանենք, մի տեղդ վնասես, ծնողներիդ ի՞նչ պատասխան տանք: Գոնե մի քիչ կազդուրվիր, հետո կտեսնենք: Տեսան, որ բան դուրս չի գալիս, պետք եղածից ավելի համառ եմ, եղբորս հետ, որ նույնպես լրջորեն զբաղվում էր ըմբշամարտով, տարան «Դինամո» մարզական ընկերություն` իրենց սիրելի մարզօջախ, որն իմ երկրորդ տունը դարձավ: Տարան Համլետ Հովհաննիսյանի ու Հարություն Խաչատրյանի մոտ: Արձագանքը հուսադրող չէր: Ասին` սրան ի՞նչ անենք, մի թեթև քամի լինի, կքշի-կտանի... Սակայն համառումս, թե մռութներս կախելը տեսան` զիջեցին: Ձևի համար հարցրին` ժիմ անել գիտե՞ս: Ասի` ո՞նց չգիտեմ: Իրենց սպասածից ավելին արեցի, հետո, առանց սպասելու, պարան մագլցեցի: Լավ, ասին, ճարպիկ, ժիր տղա է, թող գա: Էնքան եռանդով էի պարապում, որ մի ամսից մրցումների հանեցին: Հաղթեցի: Էսպես սկսվեց իմ մարզական ուղին»:
ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆ: Ծնվել է 1983-ին` Երևանում: Մարզվել սկսել է 1994-ին: Անձնական մարզիչներն են ՀՀ վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանն ու ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանը: Առաջին խոշոր միջազգային մրցելույթն ունեցել է 2001-ին, դարձել ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն: Նույնը կրկնել է հաջորդ տարի, սակայն այս անգամ Եվրոպայի մասշտաբով: 2003-ին, չնայած երիտասարդ տարիքին, մասնակցել է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, դարձել երրորդ մրցանակակիր: 2005-ին Եվրոպայի փոխչեմպիոն էր արդեն, 2006-ին` չեմպիոն: 2008-ը մարզիկի կյանքում նշանավորվեց Եվրոպայի արծաթով, պեկինյան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալով: Հաջորդ երկու տարիներին եղավ աշխարհի երկրորդ և երրորդ մրցանակակիր: Տևական ժամանակ ոսկուն ծարաված մարզիկի համար հաղթական եղավ ընթացիկ տարին. հնգամյա ընդմիջումից հետո կարողացավ կրկնել եվրոպական հաջողությունը: Ինչ խոսք, եթե չեմպիոն ես դարձել, նշանակում է հաղթել ես բոլորին: Սակայն հաղթել էլ կա, հաղթել էլ: Հինգ գոտեմարտ ունեցավ Ռոման Ամոյանը Դորտմունդի մրցագորգում և ոչ մեկում մրցակիցներին հնարավորություն չտվեց գոնե մեկ միավոր վաստակելու: Միջազգային խոշոր մրցաշարերը նման դեպքեր եթե հիշում էլ են, ապա հազվադեպ: Սա բացարձակ գերազանցության վկայություն է, ինչը մեր մարզիկի մասնակցությունն ավելի ծանրակշիռ է դարձնում: Սակայն այստեղ էլ մի բայց կա: Ռոմանը եզրափակիչ էր ելել վիրակապով, և ճերմակ քաթանի կարմիրը վկայում էր, որ վնասվածքը ոչ միայն թարմ է, այլև բաց:
-Վնասվածքը ստացել էի կիսաեզրափակիչում, ադրբեջանցի ըմբիշ Էրդոնիս Ազիզլիի հետ գոտեմարտում,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց Ռոմանը։- Պայքար է, բնականաբար, ամեն ինչ էլ լինում է, բայց, դե, ազնիվ լինելն անհրաժեշտ նախապայման է: Ազիզլին փորձված ըմբիշ է` աշխարհի, Եվրոպայի մրցաշարերի հաղթող, և ինձ համար խիստ տհաճ էր, որ ոչ միայն միտումնավոր վնասվածք հասցրեց, այլև ամեն ինչ անում էր, որ մարտը ժամանակից շուտ ընդհատվի, պայքարի ընթացքին մրցավարները միջամտեն:
-Ոչինչ, փոխարենը դու նրան «չորով» հաղթեցիր: Դե, թող գնա ու «հպարտանա», որ քեզ հետ գոտեմարտում «առավելագույնը» զրո միավոր վաստակելն էր: Ի դեպ, հաշվե՞լ ես, թե մրցակիցներիդ դեմ պայքարում ընդհանուր թվով քանի միավոր ես վաստակել:
-Հաշիվը 45:0 է, իսկ արդյունքը ոչ միայն իմ քաշային կարգում, այլև Եվրոպայի լավագույն ըմբիշ հռչակվելս եղավ:
-Խոսքով ընկած` շրջանցեցինք եզրափակիչը:
-Այստեղ էլ մրցակիցս ադրբեջանցի էր, այն տարբերությամբ, որ ներկայացնում էր ՈՒկրաինան:
-Ողջ երկրորդ գոտեմարտում արնահոսում էիր:
-Արնահոսելը` ոչինչ, վախս գոտեմարտը դադարեցնելու սպառնալիքն էր: Գոհություն Աստծուն, որ ամեն ինչ լավ ավարտվեց, մեր Եռագույնը բարձրացավ Գերմանիայում, հնչեց հայոց հիմնը: Ես բավարարված եմ:
-Ի տարբերություն Ազիզլիի, Վուղար Ռագիմովն ավելի պարկեշտ էր: Նկատի ունեմ պայքարելու նրա կոռեկտությունը:
-Պայքարը` պայքար, բայց մի անխախտ բան կա էս աշխարհում. մարդկային դեմքն ու դիմագիծը չի կարելի կորցնել երբեք և ոչ մի պարագայում: Հավանաբար, գիտեք, որ ըմբիշները մարզաշխարհի էլիտայի համարում ունեն և միավորված են ամբողջ աշխարհում` անկախ ազգությունից, բնակավայրից, գտնված վայրից, ժամանակից: Սա էլ մեր ներքին կանոնակարգն է, որին հետևում ենք անշեղորեն: Լինում են, իհարկե, «ջահել» արյուններ, որ տաքգլխություն են անում, բայց նրանց արագ են չափի մեջ դնում: Վերջապես օրենք ու ադաթ կա:
-Քո մարզընկերների մասնակցությո՞ւնն ինչպես ես գնահատում:
-Հավաքականը գերազանց պատրաստված էր, միակ անհանգստացնողը վերջին հավաքի ժամանակ Արսեն Ջուլֆալակյանի ստացած վնասվածքն էր, որը մի քիչ տրամադրություն էր փչացնում: Արսենն իր քաշային կարգում ուժեղագույնի համարում ունեցող ըմբիշ է: Այս Եվրոպան նրա մոտ չստացվեց հասկանալի պատճառներով, բայց նա դեռ շատ երիտասարդ է, և համոզված եմ` դեռ երկար ժամանակ է հիացնելու երկրպագուներին: Նա իր հոր ու մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի արժանավոր զավակն է, նրանից ոչ պակաս պատվախնդիր մարզիկ: Գերազանց մրցելույթ ունեցավ գյումրեցի Արթուր Ալեքսանյանը: Կարծում եմ` միայն մրցափորձի պակասը խանգարեց նրան ոսկու համար մղվող գոտեմարտում: Այդ տղան մեծ ապագա ունի, այդ մասին են վկայում նաև մարզաձևի անառարկելի հեղինակությունները: Գիտեք, որ բրոնզե մեդալներով վերադարձան Յուրի Պատրիկեևն ու Արթուր Շահինյանը, թեպետ կարող էին ու պատրաստ էին ավելիին: Մի խոսքով, վատ արդյունք չարձանագրեցինք ինչպես անհատական, այնպես էլ թիմային հաշվարկով:
-Սովորության համաձայն, դու քո նվաճած մեդալները «զիջում» ես մարզչիդ` Հարություն Խաչատրյանին: Սա ի՞նչ է` պարտավորվածությո՞ւն, հարգանքի տո՞ւրք, թե՞ այլ բան:
- Որ տալիս եմ իրեն, տեսնում եմ, որ մնացել եմ առանց մեդալի, սկսում եմ մտածել իմն ունենալու մասին (ծիծաղում է- Մ. Հ.), իսկ եթե ավելի լուրջ` իմ հաղթանակների մեջ չափազանց մեծ է անձնական մարզիչներիս ներդրումը, ու ես իսկապես երախտապարտ եմ նրանց: Մարզիկն, ինչքան էլ փորձառու լինի, միևնույն է, մարզչի խորհրդի կարիքն ունի: Բուն պայքարի մեջ դու կարող ես պահի տակ իրավիճակը ռեալ չգնահատել, և այստեղ է, որ օգնության է հասնում մարզիչը: Տասը հազար մարզասերներ կարող են քեզ երկրպագել, բայց ականջդ միշտ մարզչի ձայնին է, նրա հուշող խորհրդին:
-Իսկապե՞ս լսում եք այդ պահին: Լարվածությունը չի՞ խանգարում:
-Ի՞նչ խանգարելու մասին է խոսքը:
-Կարո՞ղ ես կոնկրետ դեպք հիշատակել, երբ մարզչի հուշելն օգնել է:
-Ինչո՞ւ չէ: Երիտասարդների աշխարհի առաջնությունում, պարսիկ մարզիկին պարտվելիս, երեքմիավորանոց հնարք արեցի, հաշիվը հավասարեցրի և, կամուրջ դիրքի մեջ պահած, ուզում էի թիակներն անպայման գորգին հպել, երբ մարզիչս հուշեց անցնել հետև և, գցում կատարելով, հաղթական միավոր ձեռք բերել: Որպեսզի դրության նրբությունն ընթերցողին հասկանալի լինի, ասեմ, զորօրինակ, կարող էր ստացվել այնպես, որ մաքուր հաղթանակ չտանեի, ու մրցավարներն էլ, առիթից օգտվելով, ոչ-ոքին օգտագործեին իմ դեմ: Ըմբշամարտը բավականին սուբյեկտիվ նրբություններ ունեցող մարզաձև է, և երբեմն շատ բան կախված է նրանից, թե որտեղ և ում դեմ ես պայքարում, մրցավարական կազմի մեջ մրցակցիդ հայրենակից կամ նրան երկրպագող մրցավար կա՞, թե՞ չկա և այլն:
-Կարճ ասած` եթե ուզում ես կատարելապես ապահովագրված լինել, պիտի մի գլուխ բարձր լինես մրցակցիցդ:
-Այո: Ձեր ասածն ամենաօպտիմալ տարբերակն է:
-Մինչև օլիմպիադա ընկած ժամանակն այնքան էլ հեռու չէ:
-Աստված անփորձանք որ պահի, ու կարողանամ այս մարզավիճակիս մեջ լինել, ամեն ինչ լավ կլինի:
-Ամուսնացա՞ծ ես:
-Նոր-նոր:
-Բա, էն է, ապագա երեխայիդ վիզն օլիմպիական ոսկե մեդալ չե՞ս ուզում գցել:
-ՈՒզում եմ, ո՞նց չեմ ուզում, բայց իրադարձություններից առաջ չընկնենք: Թող ամեն ինչ լինի Աստծո կամքով:
-Մեր ցանկությամբ էլ: Հավատա, որ մենք բոլորս էլ սիրում ու հավատում ենք քեզ:
-Շնորհակալ եմ: Մարզասերների նկատմամբ իմ սերը փոխադարձ է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ