ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շառլ Ազնավուրին ոչ ոք չի հարցնում` անուն-ազգանունդ ինչո՞ւ փոխեցիր

Շառլ Ազնավուրին ոչ ոք չի հարցնում` անուն-ազգանունդ ինչո՞ւ փոխեցիր
24.07.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
Բռնցքամարտ չեմ սիրում, ընդունում եմ, որ գեղեցիկ և ուժեղ մարզաձև է, բայց չեմ սիրում, որովհետև բոլորովին չեմ հասկանում, թե ինչպես կարելի է սպորտ համարել միմյանց ցավ պատճառելը: Բայց դա միայն իմ կարծիքն է, իսկ միլիոնավոր մարդիկ դարերի ընթացքում հասկացել, գնահատել, միմյանց են փոխանցել մարտարվեստների գաղտնիքներն ու հմայքները: ՈՒ թեև չեմ սիրում բռնցքամարտ, բայց հետաքրքրվում եմ, ուստի կարդացի Ալբերտ Հովսեփյանի հոդվածը «Իրավունքը de facto»-ում, որի մշտական ընթերցողն եմ: Ճիշտն ասած, նաև վերնագրի պատճառով կարդացի, որովհետև շատ խոսուն էր` «Թալանվող արտադրանք»... ՈՒ եթե նույնիսկ մարզիկին համարենք «արտադրանք», բացարձակապես հասկանալի չէ, թե ինչու այդ «արտադրանքը» պիտի բացառապես տեղական սպառում ունենա: Այն էլ այն պարագայում, երբ չկա տեղական շուկա: Աղքատի այդ հոգեբանությունը վաղուց հաղթահարելու ժամանակն է. եթե Հայաստանում ծնված-մեծացած, մարզված ու ճանաչումի առաջին պտուղները վայելած մարզիկը հայտնվում է արտասահմանում ու այնտեղ է շարունակում իր կարիերան` այլ երկրի դրոշի տակ, դա բոլորովին չի նշանակում, թե այդ մարզիկը դավաճան է, փառասեր, փողամոլ ու սրիկա: Դա ընդամենը նշանակում է, որ Հայաստանը դեռ չունի մարզական մենեջմենթի այն դպրոցը, որ կարողանա համաշխարհային ճանաչման արժանացնել իր մարզիկներին: Փոքր է ասպարեզը, չհասկացված ու չգնահատված, չկան մասնագետներ: Եթե մարզիչներ նույնիսկ գտնվեն, նշանավոր մարզիկի համար դա շատ քիչ է, որովհետև նրան պետք է ասպարեզ, գովազդ, հակառակորդ, մարզվելու և իր հմտությունները կատարելագործելու պայմաններ, ուրեմն` նաև մեծ գումարներ։ Այս թվարկումը կարելի է շարունակել: Եվ հարգարժան Ալբերտ Հովսեփյանին, կարծում եմ, այս ամենը շատ ավելի լավ է հայտնի: Մեծ նավին մեծ նավարկություն է պետք, իսկ եթե չկա այդ մեծ ծովը, նավը պետք չէ ծանծաղուտ խրել: Իհարկե, շատ ավելի ցանկալի կլիներ, որ հայ մարզիկները հաղթեին Հայաստանի դրոշի ներքո ու Հայաստան բերեին իրենց ճանաչումի և փառքի դափնիները, բայց անկեղծ լինենք` ունե՞նք մենք այդ պայմանները: Որոշ մարզաձևերին միայն տրամադրվող ֆինանսավորումը, այն էլ դեպքից դեպք` օլիմպիական խաղեր, աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն, այն կայուն ու մշտական քաղաքականությունը չէ, որ մարզական հաջողություններ է բերելու Հայաստանին` նույնիսկ սպորտի նախարարության առկայությամբ: Մի քանի տաղանդավոր մարզիչ ու մի քանի հանրահայտ մարզիկ, մի քիչ էլ ֆինանսներ ունենալն այն ճանապարհը չէ, որ կապահովի Ալբերտ Հովսեփյանի երազանքի իրականացումը: Թող ներվի ասել, բայց այդ «երազողները» շատ են հիշեցնում խոտի դեզի վրա նստած այն շանը, որ ոչ ինքն է ուտում, ոչ էլ ուրիշներին է մոտ թողնում։ Պետք չէ փոքրոգի լինել: Արվեստում, սպորտում, կյանքում, ընդհանրապես, իսկական հաջողության հասնելն իրո՛ք դժվար է, և երբեք չես կարող ստույգ ասել` ո՞ւմ ներդրումն էր ավելի ու որոշիչ` մարզիկի՞, մարզչի՞, շրջապատի՞:
Կա նաև մեդալի հակառակ կողմը. չունես քո խաղը և ընդունում ես ուրիշի խաղը, նա էլ թելադրում է պայմանները, ու դու չես կարող դրանք փոխել, քանի դեռ նա է խաղի տերը: Համենայն դեպս, Արթուր Աբրահամ լինի, թե Ավետիք Աբրահամյան, բոլորն էլ գիտեն, որ նա հայ է, ինչ դրոշ էլ ծածանվի նրա հաղթանակի դեպքում, Հայաստանը ոչինչ չի կորցնում: Եվ պետք չէ նշանավոր դարձածների փառքից փշուրներ կորզելու այդ ողորմելի հաշվապահությունը` երբ գնան, ուր գնան, ինչ անեն, ինչքան ստացան, որտեղ ծախսեցին... Նրանք առանց այն էլ այնքան քիչ են: Շառլ Ազնավուրին` Շահնուր Ազնավուրյանին, ոչ ոք չի հարցնում` անուն-ազգանունդ ինչո՞ւ փոխեցիր: Լավ արեց, ուրեմն այդպես էր պետք, ճիշտը դա էր: Եվ դա ոչ թե օտարամոլություն է, այլ խաղի այն պարտադիր պայմաններից մեկը, որ պահանջում է շոուն: Իսկ շոուն հիանալի կարող է շարունակվել առանց նրանց, մրցակցությունը միշտ կա, և այս փաստը պետք չէ մոռանալ: Նեղլիկ գավառամտության գաղափարներն ու պատկերացումները ոչ մի տեղ չեն տանում, ավելի ճիշտ` տանում են առավելագույնը` սեփական տան բակ, որից կհրճվի ալբերտհովսեփյանների հայրենասեր սիրտը, բայց ընդամենն այդքանը, իսկ համաշխարհային սպորտն իր հաղթանակները կտոնի այլ պետությունների դրոշներով ու հիմների հնչյունների տակ, և միայն դեպքից դեպք ինչ-որ մեկը կարող է պոկվել այդ ճահճից, եթե հանդգնի սիրել իր գործն ու իր անձը` միջին հանրապետական թույլատրելի մասշտաբից ավելի:
Աշոտ ՓՈԹԻԿՅԱՆ
Հ. Գ. -«Պանդուխտ» պրոֆեսիոնալ չի լինում, լինում է պրոֆեսիոնալ, որ պրոֆեսիայի բերումով գնում է իր ճանապարհով` կողքից ով էլ ինչ ասի: Եվ եթե նա հանկարծ դադար առնի, կողքից խոսողներն էլ անգործ կմնան:

Դիտվել է՝ 2585

Մեկնաբանություններ