ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Եվրախորհուրդը հերթական անգամ համաշխարհային քաղաքական խարդավանքների պատանդը դարձավ»

«Եվրախորհուրդը հերթական անգամ համաշխարհային քաղաքական խարդավանքների պատանդը դարձավ»
30.01.2009 | 00:00

Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ով նախագահում էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, երբ 2001-ի հունվարի 25-ին Հայաստանը դարձավ ԵԽ-ի լիարժեք անդամ, երեկ «Իրավունք de facto» ակումբի հյուրն էր:
Բնականաբար, լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչպես է վերաբերվում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավարն այս կառույցի` օրերս ընդունած 1643 բանաձևին, ինչը ՀՀԿ-ն շտապեց որակել որպես «Հայաստանում ժողովրդավարության հաղթանակ»։
«Մենք կռիվ-կռիվ չենք խաղում, որ հաղթենք կամ պարտվենք,- ասաց ՀԼԿ-ի նախագահը:- Չկա այստեղ հաղթանակ, և ո՞ւմ դեմ պետք է լիներ այդ հաղթանակը: Եթե իշխանությունը սեփական ժողովրդին հակառակորդ կամ թշնամի է համարում, ուրեմն այս փուլում ինքը հաղթեց: Իրականում, սակայն, ի՞նչ տեղի ունեցավ. նորից որպես գերակայող խնդիր առաջ քաշվեց Ղարաբաղի հարցը, և սրա շուրջ բանակցությունների արդյունքում Հայաստանին չզրկեցին ձայնի իրավունքից: Կարծում եմ` այս բանաձևը կործանարար է ընդհանրապես Հարավային Կովկասի համար: Նման մոտեցումների արդյունքում է, որ Ադրբեջանը դարձավ միապետական երկիր, ՌԴ-ում ժողովրդավարությունը զրո մակարդակի վրա է, իսկ Հայաստանն էլ մարտի 1, զոհեր ու քաղբանտարկյալներ ունեցավ: Փաստորեն, ԵԽ-ն չկարողացավ բարոյական խնդիր հաղթահարել և հերթական անգամ դարձավ համաշխարհային քաղաքական խարդավանքների պատանդը: Ես ավելորդ եմ համարում ԵԽ-ի գոյությունը: Նույն բանը կարելի է ասել ԵԱՀԿ-ի մասին»:
Անդրադառնալով «7-ի գործի» դատավարությանը` բանախոսը հետևյալ համոզմունքը հայտնեց. «Նույն շոուն դարձյալ կշարունակվի, մինչև ԱԺ-ն քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածներում համապատասխան փոփոխություններ կանի: Սրա արդյունքում էլ մի մասին կազատեն, իսկ մի մասին` ոչ, վերջիններիս քաղաքական տիրույթից տեղափոխելով քրեական հարթություն, պնդելով, օրինակ, թե Մյասնիկ Մալխասյանի ձեռքին ձող կար, որով մարդ պետք է սպաներ, իսկ Սմբատ Այվազյանն էլ հրել է ոստիկանին: Հավատացեք, նման բաներ չեն եղել»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ մարտի 1-ին ՀԱԿ-ի ծրագրած հանրահավաքը վիժեցնելու նպատակով իշխանությունն այսօրվանից արդեն անցել է գործի, ոստիկանները «պրոֆիլակտիկ» զրույցներ են վարում բնակչության հետ: «Իհարկե,- հաստատեց Հովհաննես Հովհաննիսյանը,- մենք տեղեկություններ ունենք, որ մեր ակտիվիստներին ու համախոհներին հրավիրում են ոստիկանություն, բացատրական աշխատանքներ տանում: Դեպքեր էլ կան, որ ստորագրություններ են վերցնում, մի մասին էլ վախեցնում կամ հաթաթա են տալիս: Սա նոր բան չէ, սակայն հիմա շատ ավելի կազմակերպված են դա անում»:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի հետագա մարտավարությանը, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահը վստահեցրեց, որ ընդդիմությունը շարունակելու է հետամուտ լինել իր արդարացի պահանջին, այն է` ազատել քաղբանտարկյալներին, ովքեր պատանդի կարգավիճակում են։ Այն հարցին էլ, թե ճի՞շտ են համարում, արդյոք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բոյկոտ հայտարարեց ԵԽԽՎ-ին, բանախոսը պատասխանեց. «Կարծում եմ` ճիշտ արեց: Տվյալ իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանն այնտեղ անելիք չուներ: Միայն այն ժամանակ ճիշտ կլիներ նրա մասնակցությունը, եթե պարոնայք Կոլոմբիեն ու Պրեսկոտը չգային Հայաստան, ուղղակի գործարք չկնքեին իշխանությունների հետ` չհանդիպելով ընդդիմության ներկայացուցիչներից և ոչ մեկին: ՈՒրախ կլինեի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգություն» խմբակցությունը քաղաքական հայտարարություն անեին և դուրս գային ԱԺ-ից: Դա նրանց կողմից շատ ճիշտ քայլ կլիներ, որը կգնահատվեր նաև հասարակության և ժողովրդի կողմից»:
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2851

Մեկնաբանություններ