2019-2020 մրցաշրջանի եվրախաղարկությունները մարդկությանը համակած սարսափելի աղետի՝ կորոնավիրուսի պատճառով կավարտվեն օգոստոս ամսին, երբ ավարտված կլինեն նաև ազգային առաջնությունները։ Հարկավ եվրոպական գրանդներին եվրախաղարկությունների ընդհատված ընթացքի մեկնարկին նախապատրաստվելու համար տրվող ժամանակը քիչ կլինի, բայց թե վերևում լավ էլ առարկայական ասացինք՝ աշխարհը խելահեղ համավարակի ճիրաններում է, նրա պարտադրածի տիրույթում։
Եվ այսպես՝ ի՞նչ է եղել և ի՞նչ է սպասվում Շվեյցարիայում անցկացված Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի վիճակահանության արդյունքում։
Գիտենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 զույգերից «Նապոլի»-Բարսելոն», «Չելսի»-«Բավարիա», «Ռեալ»-«Մանչեստր Սիթի», «Լիոն»-«Յուվենտուս» երկյակներն առաջին հանդիպումներն անցկացրել-վերջացրել էին, երբ խաղի իր կանոններով մեջտեղ ընկավ COVID-19-ը՝ ընդհատելով մրցաշարը։ Շարունակության առնչությամբ կայացվել է հետևյալ որոշումը՝ վերոնշյալ զույգերը կանցկացնեն պատասխան հանդիպումները, երկու դիմակայությունների արդյունքով կորոշվեն ուժեղագույնները, որոնք էլ կանցնեն հաջորդ փուլ։ Մնացածները, որ տվյալ պարագայում «Լայպցիգ»-«Աթլետիկո», «Ատալանտա»-«Պարի Սեն Ժերմեն» զույգերն են, ուժեղագույնին կորոշեն մեկ հանդիպման արդյունքով։ Այս նույն մեկ հանդիպման սկզբունքը կպահպանվի հետագա փուլերի ընթացքում։
Սկսած մեկ քառորդից՝ Չեմպիոնների լիգայի բոլոր խաղերը կանցկացվեն Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Այսպես է արված, որ COVID-19-ից հնարավորինս խուսափելու պատճառով նվազագույնի հասցվեն թիմերի թռիչքները, արագացվի վերախաղարկման փուլը, ինչպես նաև ֆուտբոլիստները հնարավորինս երկար ժամանակ ունենան մրցաշրջան 2020-2021-ին նախապատրաստվելու համար։
Խաղերի անցկացման համար առանձնացվել է երկու մարզադաշտ՝ 65 հազար հանդիսատես տեղավորող «Էշտադիու Բենֆիկան» ու 50-հազարանոց «Ժոզե Ալվալադեն» (առաջինը «Բենֆիկայի», երկրորդը «Սպորտինգի» մարզադաշտն է)։ Այստեղ թերևս մի պարզեցում մտցնենք, որ ծայր անհրաժեշտություն է։ Այսպես, օրինակի համար, «Ռեալը» «Էթիհադում», «Նապոլին» «Կամպ Նոուում» կմրցեն «Մանչեստր Սիթիի» ու «Բարսելոնի» դեմ։ Սա դիտվել է որպես արդարացի քայլ, մանավանդ որ առաջին խաղում հյուրընկալածները լիուլի օգտվել են սեփական պատերի առավելությունից՝ չհաշված և այն, հանդիսատեսն էլ իր կենդանի շնչով մի այլ կարգի որակ ու բովանդակություն է հաղորդել այդ դիմակայություններին։
Դառնանք ժամկետներին։ Չեմպիոնների լիգայում 1/8 հանդիպումները կանցկացվեն օգոստոսի 7-8-ին, մեկ քառորդները՝ 12-15-ին, կիսաեզրափակիչները՝ 18-19-ին, եզրափակիչը՝ 23-ին։ Բոլոր խաղերը կսկսվեն Երևանի ժամանակով 24։00-ին։
Եղածների վրա ինչ օրենքներ են հավելվելու կամ ինչ կարգ է բանեցվելու։
Յուրաքանչյուր թիմ ձմեռային պատուհանի ընթացքում ձեռք բերված երեք նորեկի կարող է հայտավորել խաղերին, եթե նրանք 2020-ի փետրվարի 3-ին եղել են թիմի անդամ։
Կգործի հինգ հոգու փոխարինելու սկզբունքը, որն իրեն արդեն իսկ արդարացրել է ազգային առաջնությունների փորձարկումներում։ Սակայն պայմանը մեկն է՝ խաղը երեք անգամից ավելի չի կարելի ընդմիջել։ Եթե հարկ լինի արտակարգ խաղակեսերի, թիմերին կտրվի վեցերորդ փոխարինում անելու հնարավորություն։
Հանդիսատեսի մասով։ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը կարծում է, որ համավարակի պատճառով օգոստոսին իրավիճակը կարող է լարված մնալ, ուստի խելամիտ կլինի խաղերն առանց հանդիսականի անցկացնելը։ Սակայն ՈՒԵՖԱ-ն միաժամանակ իր հայեցողությանն է թողնում այլ կարգի որոշման կայացումը։
Վիճակահանության անակնկալները։ Հարկավ գայթակղիչ կլինի այս մասին խոսելը, սակայն այս դեպքում ասածը նման կլինի ձուկը ծովում «բազար անելուն», թեպետ գայթակղությունը մեծ է։ Եկեք դիմանանք դրանց, որովհետև եթե լինելու է այնպես, ինչպես լինելու է, ասելու հաստատ շատ բան կունենանք ու շատ ավելի հետաքրքիր մոտեցմամբ։ Այնպես որ, մի խառնվեք, էստեղ ենք, հո չգնացի՞նք երկրից։ Համ էլ ո՞վ գնա։ Երկրի տե՞րը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ