Պրեմիեր լիգային ու սկուդետեին սպասելիս
16.06.2020 | 01:28
Վաղվանից կմեկնարկի նաև անգլիական պրեմիեր լիգայի առաջնությունը, և սկզբունքորեն կկարողանանք ասել, որ եթե ոչ ամբողջությամբ, գոնե մասնակիորեն մեծ ֆուտբոլը ճնշեց COVID-19 կոչված այլանդակությանն ու վերադարձավ մեծ կյանք։ Հարկավ հասկանալի է, որ դատարկ տրիբունաների պայմաններում ֆուտբոլն իր ողջ գունեղությամբ չի ներկայանում ու չէր էլ կարող ներկայանալ, սակայն նրանից բաժանումն արդեն այնքան տևական էր, որ թվում է, ամբողջ մի դար է անցել։ Բնականաբար մեր որոշ ընթերցողներ փոքր-ինչ դիմադարձության կարգով կասեն, որ սկուդետեն էլ չի մեկնարկել։ Այո, չի մեկնարկել (հիշենք, թե Իտալիան ինչ դժվարությամբ ու ինչ ծանր գնով դիմակայեց կորոնավիրուսին, որի դեմ պայքարը, ցավոք, դեռ ավարտված չէ), սակայն երկրի գավաթի կիսաեզրափակչի խաղարկումները եկեք այնուամենայնիվ, հավուր պատշաճի կարևորենք ու պակաս սկիզբ չհամարենք։ Ինչևէ։ Սկսենք լա լիգայից։
ԻՍՊԱՆԻԱ
Քանի որ լա լիգան մեկնարկել է անդալուզական «Սևիլիա»-«Բետիս» դերբիով, առաջնությունը ներկայացնելը հենց այս մրցակցության հիշատակմամբ էլ սկսենք, մանավանդ որ «Սևիլիան» ոչ միայն առաջին վեցյակը, այլև ավելին, առաջին եռյակն է ներկայացնում ու դրանով իսկ արժանի է առանձնահատուկ ուշադրության։ Այստեղ հիմնական գործողությունները ծավալվել են երկրորդ խաղակեսում, որում տանտերերը եղել են հնարավորինս նպատակասլաց, ինչն էլ նրանց բրոնզե մեդալների համար պայքարում բերեց այնքան անհրաժեշտ երեք միավորը (2։0)։
Դառնալով երկրի չեմպիոնության ամենահավանական թեկնածու երկու թիմերին, ասենք, որ դրանք հաճելիորեն ուրախացրին իրենց երկրպագուներին։ Արտագնայում «Բարսելոնը» չորս անպատասխան գնդակ է ուղարկել վտանգավոր գոտում հայտնված «Մալյորկայի» դարպասը (դրանցից մեկի հեղինակը Լեո Մեսին է, որը գոլ է գրանցել վնասվածքի պատճառով տևական դադարից հետո վերադարձած Լուիս Սուարեսի փոխանցումից հետո), իսկ սեփական հարկի տակ ոչ պակաս համոզիչ է եղել «Էյբարին» հյուրընկալած «Ռեալը»՝ 3։1։ Նկատենք, որ «արքայականի» երկու գոլի հեղինակները պաշտպանական գծի ներկայացուցիչներն են՝ Սերխիո Ռամոսն ու Մարսելոն։
Տուրը ոչնչով շահավետ չեղավ արտագնա խաղերի մեկնած «Խետաֆեի» ու «Աթլետիկոյի» համար, որոնք դեռևս շարունակում են մնալ առաջնության երրորդ տեղի համար պայքարողների թվում։ Առաջինը «հաջողացրեց» հաղթած խաղը տանուլ տալ «Գրանադային» (1։2), երկրորդը միավոր վաստակեց «Աթլետիկոյի» հետ դիմակայությունում՝ 1։1։ Արդյունքում նրանք 46-ական միավորով հինգերորդ-վեցերորդ հորիզոնականներում են։
Այս երկուսի անհաջողությունը կարող էր ի նպաստ լինել «Օսասունային» հյուրընկալած «Ռեալ Սոսիեդադի» համար, սակայն վերջինս, միավոր վաստակելուց զատ, ավելին չկարողացավ անել ու ընդամենը մեկ միավորով է առաջ վերը հիշյալ մրցակիցներից։ Մինչդեռ հաղթանակը նրան ընդհուպ կմոտեցներ «Սևիլիային»՝ ավելի սուր դարձնելով բրոնզե մեդալների համար պայքարը։
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգան սրընթաց ընդառաջ է գնում իր հանգուցալուծմանը։ Ավարտական երեք տուրից առաջ աղյուսակը 73 միավորով գլխավորում է «Բավարիան», որի հերթական զոհը դարձավ հյուր ժամանած Մենխենգլադբախի «Բորուսիան»՝ 2։1, որը հինգերորդ հորիզոնականից ներքև արդեն չի կարող հայտնվել (տասը միավոր ավելի ունի սեփական հարկի տակ «Ֆրայբուրգի» հետ ոչ-ոքի՝ 2։2 խաղացած, իրեն հաջորդող «Վոլֆսբուրգից»), իսկ ավելի վեր բարձրանալու որոշակի շանսեր ունի, եթե չշարունակի վերջին երկու հանդիպումների տհաճ ավանդույթները։
Երկրորդ հորիզոնականում 66 միավոր վաստակած Դորտմունդի «Բորուսիան» է, որը Դյուսելդորֆ էր մեկնել ակնհայտորեն քիչ արյունով հաղթանակ տանելու ախորժակով ու, եթե անկեղծ, խորապես պիտի վշտակցել «Ֆորտունային», որը պարտության հանգեցրած գոլը բաց թողեց մրցավարի սուլոցից բառացիորեն վայրկյաններ առաջ, մինչդեռ անգամ մեկ միավորն էապես կուժեղացներ նրա դիրքերը բունդեսլիգային հրաժեշտ չտալու պայքարում։
Տուրը միանշանակ հաջող էր նաև արտագնա խաղի մեկնած «Լայպցիգի» համար։ Եվրագավաթի խաղարկությունների մասնակցության հույս ունեցող «Հոֆենհայմը» երկրի հնարավոր բրոնզե մեդալակրին զիջել է երկու անպատասխան գնդակի տարբերությամբ՝ միաժամանակ էապես բարդացնելով եվրագավաթների խաղարկությունում հայտնվելու շանսերը։ Ինչ վերաբերում է «Լայպցիգին», այն դորտմունդցիներից ընդամենը չորս միավորով է հետ մնում, ինչն ակներևաբար կարող է դառնալ այդպես էլ անհաղթահարելի արգելք։
Չորրորդ տեղում արտագնայում «Շալկեի» հետ ոչ-ոքի՝ 1։1, խաղացած «Բայերն» է։ Այն հինգ նիշով է հետ մնում «Լայպցիգից»։ Հիշեցնենք, որ «Բայերը» դուրս է եկել երկրի գավաթի եզրափակիչ` մրցակից ունենալով «Բավարիային»։
ԻՏԱԼԻԱ
Ապենինյան թերակղզին համավարակից հետո մեծ ֆուտբոլ վերադարձավ կիսաեզրափակիչյան գավաթային երկու դիմակայություններով։ Նկատենք, որ սրանք պատասխան խաղեր էին։
Երկուսում էլ փառահեղ մրցակցություն է ծավալվել։
«Յուվենտուսի» հետ մրցակցող «Միլանը» հանդիպման արդեն 17-րդ րոպեից ծանրագույն խնդրի առաջ է կանգնել։ Կոպիտ խաղի համար հեռացվել է Ռեբիչը, իսկ սա արդեն հավասարազոր էր դատավճռի, քանի որ մրցակցի հարկի տակ առաջին հանդիպումը 1։1 ավարտած թուրինցիներին միանգամայն բավարարում էր և զրոյական ոչ-ոքին։
Այնպես չէ, որ պայքարը բովանդակալից չի եղել։ Ճշմարտությունը պահանջում է ասել, որ «Միլանը» կռիվ տվեց մինչև վերջ, սակայն դա բավարար չեղավ հաղթանակի հասնելու համար, իսկ զրոյական ոչ-ոքին, վերն արդեն ասել ենք, միանգամայն ձեռնտու էր «ծեր սինյորային»։
Երկրորդ դիմակայությունը «Նապոլիի» ու «Ինտերի» միջև էր, որտեղ պիտի ջանային հյուրերը, քանի որ առաջինում զիջել էին 0։1 հաշվով։
Հյուրերը կտրուկ սկսեցին ու արդեն երկրորդ րոպեին երկու հանդիպման ելքով հաշիվը հավասարված էր։ Կարելի էր հանգիստ խղճով մտածել ավելիի մասին, մանավանդ որ դիմացն ահռելի ժամանակ կար։ Սակայն «Նապոլին» պակաս «ատամնավոր» թիմերից չէ։ Այն կարողացավ առաջին խաղակեսի ավարտին վերականգնել հաշվի հավասարությունն ու խաղը տեղափոխել իր համար վերահսկելի հուն։ Արդյունքում նեապոլցիները լուծեցին իրենց առջև ծառացած խնդիրն ու հայտնվեցին եզրափակչում, որտեղ ամեն ինչ կանեն հաղթող լինելու համար, քանզի ընթացիկ առաջնությունն ակնհայտորեն ձախողածներից են, ու երերացող հեղինակությունն ամրապնդելու խնդիր կա։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ