Հին ու բարի ժամանակներն անցան
12.05.2020 | 00:42
Ժամանակակից ֆուտբոլի գլխավոր դիմակայությունը կամաց-կամաց կորցնում է անսովորի, երկար սպասվածի իր կարգավիճակը։ Փաստ է, որ «Բարսելոն»-«Ռեալ» մրցակցությունը հին ու բարի ժամանակների պես խենթացնող չէ, դիտարժան չէ։ Պատճառը երկու թիմերի խաղում էլ նկատվող մակարդակի անկումն է, մի տեսակ ինչ-որ չոր ռեալիզմի մուտքը խաղի հենք, թիմերի կողմից խաղարկումների դասդասումն ըստ կարևորության։ Համենայն դեպս, ֆուտբոլով հետաքրքրվող ոչ քիչ թվով մարդիկ կփաստեն, որ «Բարսելոն»-«Ռեալ» դիմակայության կողքին հայտնվել են այլ դիմակայություններ, որոնք, եթե ոչ առաջնայնություն խլող են, համենայն դեպս, սպառնում են դառնալ այդպիսին։
Այո, կատալոնցիների ու «սերուցքայինների» դիմակայությունն անվիճելիորեն կա և մնում է իսպանական ֆուտբոլի այցեքարտը, որը շատ բաներով որոշարկում է նրա նկարագիրը, սակայն հնչողության մեջ ինչ-որ վառ ու գունեղ բան է պակասել։ Փորձենք հասկանալ, թե որն է այդ պակասող բանը, և դա անենք թիմերի վերջին տասը հանդիպումների համեմատականով։
Այդ վերջին տասից առաջին հինգ խաղում թիմերը խփել են 19 գոլ, վերջին հինգում՝ ընդամենը ութ։ Սա մի կողմից բացատրվում է նրանով, որ Վալվերդեի «Բարսելոնը» դարձել էր ավելի քիչ հարձակակողական, գնդակին ավելի քիչ տիրապետող, դարպասին ավելի քիչ խփող։ Կա այս ամենը հավաստող վիճակագրություն, բայց ընթերցողին շատ չծանրաբեռնենք, ամեն ինչ «Բարսելոնի» ուսերին բարդելն էլ առանձնապես ճիշտ չէ։ Մյուս կողմից էլ պակաս տպավորիչ է սկսել խաղալ և «Ռեալը», քանի որ, Ռոնալդուի հեռանալուց հետո, նրա հարձակման գիծն էապես կորցրեց ագրեսիվությունը։ Վերջին խաղերում պորտուգալացուն եկել է փոխարինելու Վինիսիուս Ժունիորը, սակայն իր օժտվածության մեջ նա, բոլոր դեպքերում, Ռոնալդու չէ կամ գոնե առայժմ Ռոնալդու չէ։
Սկսել է անհամեմատ թույլ խաղալ Գարետ Բեյլը, որը կարծես թե առանձնապես այնքան էլ հետաքրքրված չէ թիմի հաջող մրցելույթներով։ Ներկայումս «արքայականի» հարձակման գծի անառարկելի առաջատարը Կարիմ Բենզեման է, սակայն «Բարսայի» հետ վերջին տասը խաղում նա ընդամենը մեկ գոլ է հեղինակել։ Ի միջի այլոց, նրա կապակցությամբ շատ դիպուկ է արտահայտվել «սերուցքայինների» երբեմնի հարձակվող ՈՒգո Սանչեսը՝ ասելով. «Բենզեման սպանող չէ։ «Ռեալին» պետք է իմ կամ Ռոնալդուի նման հարձակվող»։
Եթե խոսենք մրցաշարային դիմակայություններից, դժվար չէ տեսնել հետևյալ պատկերը. «Բարսելոնը» վստահաբար հաղթում է լա լիգայում (վերջին 11 տարում դա արել է ութ անգամ), իսկ «Ռեալը» փայլել է Չեմպիոնների լիգայում՝ հաղթելով 2013-2014 թթ. մրցաշրջանում ու նույնը երեք անգամ անընդմեջ կրկնելով 2016-2018 թվերին։
Դուրս է գալիս, որ համաշխարհային այս գրանդների վերջին տարիների պայքարը ստացվել է այս կամ այն տուրի մոնոպոլացում։
Վերջին երկու տարում երկրի առաջնությունում «Ռեալը» երրորդ տեղից վեր չի բարձրացել՝ «Բարսելոնից հետ մնալով 19 և 17 միավորով։ Սա ահռելի անդունդ է։ Ստացվում է, որ երկրի չեմպիոնության պայքարը բնավ էլ այս հսկաների մեջ չի եղել։ Երկրի փոխչեմպիոնությունը «Ռեալը» երկու դեպքում էլ զիջել է Մադրիդի «Աթլետիկոյին», ինչը ծանր հարված է հասցրել էլ կլասիկոյի հեղինակությանը։
Չեմպիոնների լիգայի կտրվածքով աղետալի վիճակ է արդեն «Բարսելոնի» պարագայում, որի համար, արդեն սկսած 2018 թվից, պրոբլեմային է դարձել անգամ կիսաեզրափակիչ դուրս գալը։ Էլ չենք խոսում վերջին երկու ձախողումների մասին։
Այս ամենը հետևանք է նրա, որ երկու թիմերի խաղամակարդակը որակական անկում է ունեցել ու արդեն ի զորու չեն միանգամից մի քանի ճակատով հավասարժեք մրցակցելու։ Փաստենք, որ երկու թիմերն էլ փորձում են գտնել իրենց կորցրած խաղամակարդակը, ինչը գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ