IFAB-ը դիմում է գործուն քայլերի
12.05.2020 | 00:50
Նախ ներկայացնենք, թե ինչ ասել է IFAB։ Հայերենով բացատրությունն է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդ։ Այն զբաղվում է FIFA-ի նոր կանոնների ու գործածության մեջ եղածների վերամշակմամբ։ Ահա հենց այս IFAB-ն էլ հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ընդհատված մրցաշրջանի վերախաղարկման դեպքում թիմերին կտրվի մեկ խաղի ընթացքում հինգ փոխարինում կատարելու հնարավորություն (նկատենք՝ ազգային լիգաների հայեցողությամբ, ինչը նշանակում է, որ իմպերատիվ պահանջ չէ)։ Այս նորամուծությունը չի գործի մեկնարկելիք նոր մրցաշրջանում։ Միաժամանակ սպասվում է, որ այս սկզբունքն ՈՒԵՖԱ-ն կորդեգրի Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների փլեյօֆյան խաղարկությունների համար։
ՓՈԽԱՐԻՆՈՒՄՆԵՐ, ԴԵՂԻՆ ՔԱՐՏ ԵՎ ԱՅԼՆ
Հենց տարածվեց այս նորամուծության մասին լուրը, միանգամից հայտնվեցին կողմ ու դեմ արտահայտվողներ։ Դեմ արտահայտվողներն իրենց դիրքորոշումը պայմանավորում են նրանով, որ նորամուծությունը ֆուտբոլիստներին ոչ այնքան մրցաշրջանում հնարավոր վնասվածքներից հեռու պահելու, որքան խաղը մշտական ձգձգումների վերածելու գործոն կլինի, ինչն առավել ակնառու կերևա հատկապես խաղավերջում՝ խաղը շահող, հաղթական կամ ցանկալի հաշիվը պահելու հարցում շահագրգռված թիմերի պարագայում։
Սակայն այնպես չէ, թե մասնագետների հնարավոր տագնապները հաշվի չեն առել IFAB-ում։ Հենց նման բաները նկատի ունենալով են այստեղ որոշել, որ յուրաքանչյուր թիմի փոփոխություն անելու հնարավորությունը հաշվարկված է նաև խաղակեսերի միջև ընկած ժամանակահատվածի համար, որից երեքը պարտադրաբար իրականացվելու է խաղի ընթացքում։ Ընդ որում, եթե թիմերից երկուսն էլ նույն խաղադադարի ընթացքում են կատարում փոփոխություն, հաշվվում է, որ նրանցից յուրաքանչյուրն արդեն մեկ անգամ օգտվել է փոփոխության իր հնարավորությունից։ Միաժամանակ ասվում է, որ չօգտագործված փոփոխություններից կարելի է օգտվել լրացուցիչ խաղաժամանակում։ Ինչ վերաբերում է հետփոփոխություններին, նախկինի պես դրանք մնում են արգելված։
Սակայն սա նախատեսված միակ փոփոխությունը չէ, որը, ի միջի այլոց, կարող է տարածվել նաև նոր մրցաշրջանի վրա։ Դաշտում թքելու համար խաղացողը կտուգանվի դեղին քարտով։
Դժվար չէ գլխի ընկնել, որ սա ավելի շատ պայմանավորված է կորոնավիրուսով։ Նկատի է առնված այն հանգամանքը, որ վիրուսը թքի միջոցով կարող է փոխանցվել, բացի այդ, հաշվի է առնված և այն, որ խաղի ընթացքում ֆուտբոլիստները հաճախ են հայտնվում խոտածածկին, իսկ սա ևս կարող է դառնալ վարակի անմիջական փոխանցման աղբյուր։
Սույն փոփոխությունը դեռևս հաստատված չէ, քանի որ այն կարող է արմատական ազդեցություն ունենալ խաղի ելքի վրա, մանավանդ որ միանգամից դժվար էլ կլինի խաղացողներին հետ վարժեցնել դաշտի մեջ թքելու սովորությունից, ինչն, ի դեպ, մեծ թվով ֆուտբոլիստների է բնորոշ ու ռեֆլեքսային բնույթ ունի։
Այս թքելու հետ կապված բազմաթիվ առարկություններ կան՝ ընդհուպ վերահսկելու տեսակետից, բայց հիմնախնդիրը բոլոր դեպքերում մնում է հիմնախնդիր, էլ չասենք, որ կա խնդրի նաև հակագեղագիտական կողմը։
Ինչևէ, բոլոր դեպքերում, սպասենք ընդունելիք որոշումներին։
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ
Այլ ձեռնարկումների կողքին անգլիական պրեմիեր լիգայում որոշվել է անվտանգությունն ապահովող միջոցառումների կողքին իրականացնել նաև խոտածածկի ախտահանում։ «Եթե կարանտինը չեղարկեն ու առողջապահական կազմակերպությունները թույլ տան անշփում մարզումների անցկացումը, խաղացողների ու աշխատակիցների համար կներդրվեն նոր կանոններ»,- ասել է «Վեստ Հեմի» վարչության փոխնախագահ Կարեն Բրեյդին։ -Խոսքը համազգեստներ փոխանակելու, փոքրիկ խմբերով պարապմունքներն անցկացնելու ժամանակը սահմանափակելու, իրարից երկու մետր հեռավորության վրա գտնվելու մասին է։ Այդ փուլում կարգելվի գնդակ խլելը, սակայն կթույլատրվի փոխանցելն ու դարպասին հարվածելը։ Նմանապես պիտի ախտահանվեն եզրային դրոշակները, դարպասաձողերն ու անգամ սիզամարգերը։ Թե ինչպես է հատկապես վերջինս արվելու, մնում է հանելուկային, որովհետև նման բաները բառացիորեն սպանում են խաղադաշտը։ Սակայն, ինչպես ասում են, ցանկություն լինի, հնարավորություն կգտնեն»։
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՐՑԸ
Մրցաշրջանը վերախաղարկելու դեպքում օրակարգում առաջնային հնչողության ևս մեկ հարց է մնում։ Այն վերաբերում է ֆուտբոլիստների պայմանագրային ժամկետների ավարտին ու, դրանով պայմանավորված, նրանց ունեցած պարտավորությունների իրականացմանը։
Հայտնի է, որ մարզիկների պայմանագրերի ավարտի ժամկետը հունիսի վերջն էր՝ մրցաշրջանի ավարտը, մինչդեռ օրվա ռեալությունն այն է, որ վերսկսվող առաջնությունները կարող են հուլիս-օգոստոսին էլ շարունակվել։ Հանգամանքներով պայմանավորված։
Ենթադրվում է, որ կարող է լինել հարցի լուծման երեք տարբերակ (միանգամից ասենք, որ ներքոբերյալը բացառապես անգլիական պրեմիեր լիգային է վերաբերում, ու դեռ հայտնի չէ, թե մյուս երկրների առաջնություններում ինչպիսի քաղաքականություն կորդեգրեն)՝
-գործող պայմանների հենքի վրա պայմանագրերի երկարացում մինչև մրցաշրջանի ավարտ,
-պայմանագրերի երկարացում ևս մի քանի տարով,
-պայմանագրերի ժամկետի խզում։
Վերջինիս դեպքում այն ֆուտբոլիստները, որոնց պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի վերջով, արդեն հունիսի 24-ից կարող են բանակցություններ սկսել իրենց ապագա թիմերի հետ ու մրցաշրջանն ավարտին հասցնել արդեն իրենց նոր թիմի կազմում։
Ինչ վերաբերում է ամառային տրանսֆերային պատուհանին, դրա համար օպտիմալ ժամանակահատված է դիտարկվում հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը։ Պրեմիեր լիգայում ցանկանում են, որ պատուհանի ավարտի վերջնաժամկետ համարվի մինչը 2021 թվի մարտը, սակայն նման որոշմանը պիտի դեռ հավանություն տա ՖԻՖԱ-ն։
Ահա թե կորոնավիրուսն ինչ ուղղակի ու անուղղակի խնդիրներ է դնում ֆուտբոլի առաջ, որի դադարով աշխարհն էականորեն որբացել է, որովհետև սա երկրագնդի բնակչության մի ստվար զանգվածի հաճույքների բավարարման ձևերից մեկն էր, օրվա հոգսերից, դառը իրականությունից կտրող միջոցը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ