«Հարցրի՝ հանե՞մ կոշիկներս»
03.03.2020 | 01:54
«Պարի Սեն Ժերմենի» երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեն, որին մարզական աշխարհն ավելի շատ տեսնում է Մադրիդի «Ռեալի» կազմում, հիշել է Զիդանի հետ առաջին հանդիպումը։
«14-ամյակիս ինձ աներևակայելի անակնկալ էր սպասում: Ինչ-որ մեկը «Ռեալից» զանգահարեց հայրիկիս և հանգստյան օրերին նրան հրավիրեց թիմի մարզմանը: Իսկական ցնցում էր, հայրիկին բառացիորեն ասացին հետևյալը. «Զիդանը ուզում է նայել քո որդուն»:
Այն ժամանակ Զիդանը մարզական տնօրենն էր: Իհարկե, ես յոթերորդ երկնքում էի և իսկապես ուզում էի գնալ: Այնուամենայնիվ իրականում ամեն ինչ այնքան էլ պարզ չէր, քանի որ սկաուտներն արդեն սկսել էին հետևել մեր խաղերին, լրատվամիջոցները սկսեցին ուշադրություն դարձնել ինձ: Դուք չգիտեք ինչպես վարվել, երբ 13 տարեկան եք: Ճնշումը հսկայական էր, և ընտանիքս ցանկանում էր պաշտպանել ինձ: Այդ շաբաթ ծննդյանս օրն էր, և ես չգիտեի, որ ծնողներս ակումբի հետ ամեն ինչ անում են, որ ես թիմի հետ գնամ Մադրիդ. այ դա իսկական անակնկալ էր:
Կհավատաք, թե ոչ, մենք ոչ մեկին չենք ասել այն մասին, թե ուր ենք գնում: Ես նույնիսկ իմ ամենամոտ ընկերներին չեմ ասել, քանի որ շատ անհանգիստ էի: Եթե ամեն ինչ սխալ լիներ, ես չէի ցանկանա տուն վերադառնալ և վշտացնել հարազատներիս:
Ես երբեք չեմ մոռանա այն պահը, երբ օդանավակայանից հասանք բազա: Զիդանը հանդիպեց ինձ իր մեքենայի մոտ: Իհարկե, դա շքեղ մեքենա էր: Մենք բարևեցինք միմյանց, և նա առաջարկեց գնալ մարզադաշտ, ցույց տվեց մեքենայի հետևի նստատեղը և ասաց. «Նստի՛ր»:
Ես խառնվեցի իրար ու տվեցի հիմար հարց. «Կոշիկներս հանե՞մ»:
Չգիտեմ ինչու տվեցի այդ հարցը: Երևի նրա համար, որ նա ուղղակի Զիդանն է: Զիզուի համար այդ հարցը նույնպես հումորային ստացվեց, և նա ասաց. «Իհարկե ոչ, նստիր»:
Նա ինձ տարավ խաղադաշտ, և ես ճանապարհին անընդհատ մտածում էի, որ գնում եմ Զիդանի մեքենայով: Ես՝ Կիլիանը՝ Բոլդիից: Այս ամենը անիրատեսական էր: Ես կարծես դեռ քնած էի ինքնաթիռում: Երբեմն պատահում է, որ նույնիսկ այն, ինչ դու իսկապես զգում ես, երազ է թվում»,- գրել է Մբապեն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ