Հետապնդողների մղձավանջային տուրը
03.12.2019 | 03:16
Անկեղծ լինենք. որքան էլ եվրոպական մյուս գերառաջնությունները նույնպես անմասն չմնացին անակնկալներից, այդուհանդերձ սույն վերնագիրը գերազանցապես հղացված էր պրեմիեր լիգան ներկայացնող թիմերի առնչությամբ՝ նկատի ունենալով մեդալների համար պայքարում տուրում «Չելսիի» ամբողջական ու «Մանչեստր Սիթիի» մասնակի ձախողումները։ Սակայն ամբողջ հարցն այն էր, որ այս զույգին միանալու (վատ առումով միանալու) բոլոր շանսերն ուներ և «Լեստերը», թիմ, որը մինչև 68-րդ րոպեն նույնպես գնում էր խոտոր ճամապարհով ու, ի բարեբախտություն սեփական երկրպագուների, ոչ միայն խուսափեց վատթարագույնից, այլև կարողացավ առավելագույնը կորզել։
ԱՆԳԼԻԱ
«Նյուքասլի» հետ պայքարում երկու անգամ առաջ անցնելով հաշվի մեջ՝ «Մանչեստր Սիթին» այդպես էլ չկարողացավ երեք միավոր խլել տանտերերից, ինչը նշանակեց, որ չեմպիոնության համար պայքարում «քաղաքաբնակները» գնալով ավելի ու ավելի զգալիորեն են հետ մնում «Լիվերպուլից», որը սուս-փուս հաղթական իր երթն անվերջորեն շարունակելու գործին է (հյուր ժամանած «Բրայտոնին» պարտության է մատնել 2:1 հաշվով)` ունեցած 40 միավորով Խոսեպ Գվարդիոլայի սաներին գերազանցելով 11 նիշով։
Անակնկալ թե ոչ, սեփական հարկի տակ «Չելսին» նվազագույն հաշվով զիջեց «Վեստ Հեմին»՝ երկրորդ տուրն անընդմեջ մնալով ունեցած 26 միավորի վրա։ Ճիշտ է, այս պարտությունները դեռևս ոչնչով չեն սպառնում մրցաշարային աղյուսակում «ազնվականների» ունեցած չորրորդ հորիզոնականին, սակայն մեդալների համար պայքարում նրանք արդեն սկսում են հետ մնալ հիմնական մրցակիցներից։ Առաջատարին հետապնդողներից փաստորեն միակ հաջողակը եղավ «Լեստերը», որն «Էվերտոնի» հետ մրցակցությունում նախ կարողացավ հավասարեցնել հաշիվը, ապա հավելյալ ժամանակում խփել երեք միավոր բերած գոլը՝ 2։1։ Այս հաղթանակը լեստերցիներին 32 միավորով հանեց մաքուր երկրորդ հորիզոնական։
Այստեղ մի փոքրիկ նյուանս մատնանշենք, նոր գնանք առաջ։ Զարգացումներում խորանալու առանձնապես ցանկություն չունեցող ընթերցողը կարող է հարցնել, թե «Լիվերպուլից» միավորներով ամենաքիչ հետ մնացողին ինչու ենք հիշատակում «Մանչեստր Սիթիից» հետո։ Բանն այն է, որ մեր խորին համոզմամբ երկրորդ հորիզոնական դուրս գալու, ոսկե մեդալների համար Կլոպի սաներին ձեռնոց նետելու ամենամեծ հավանականությունը քաղաքաբնակներինն է, դրա համար էլ պահպանվել է ներկայացման այս հերթականությունը։
Ժոզե Մոուրինիոյի թեթև ձեռամբ «Տոտենհեմն» առաջնությունում տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը (հյուրընկալելիս 3։2 հաշվով պարտության է մատնել «Բոռնմուտին». ի դեպ, նախորդ հանդիպումն էլ է շահել նույն հաշվով) ու 20 միավորով մաս կազմեց առաջին հնգյակի։ Նկատենք, որ նույնքան միավոր է վաստակել նաև «Վուլվերհեմպտոնը»։
ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցնող Մադրիդի «Ռեալը» (արտագնա հանդիպումում 2։1 հաշվով հաղթել է «Ալավեսին»), «Սևիլիան» (տնային դիմակայությունում նվազագույն հաշվով առավելության է հասել «Լեգանեսի» նկատմամբ), «Ռեալ Սոսիեդադը» (հյուրընկալելիս 4։1 հաշվով ջախջախել է «Էյբարին») ու հյուր ժամանած «Գրանադային» երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթած «Աթլետիկը» գործը բարեխղճորեն արածի հոգեբանությամբ սպասում էին, թե ինչ հանգուցալուծում կունենա Մադրիդի «Աթլետիկո»-«Բարսելոն» դիմակայությունը ու ինչ տեղաշարժեր կանի մրցաշարային աղյուսակի առաջին վեցյակում։
Միանգամից ասենք, որ ստացվեց առանձնակի գեղեցկության խաղ ու ընդհուպ այն աստիճանի հավասար, որ անկախ նախընտրություն-նախապատվությունիցդ ուզում էիր, որ հանդիպումն այդ հավասար արդյունքով էլ ավարտվեր, թեպետ այն կարող էր ի վնաս լինել սիրելի թիմիդ։ Բարձր գնահատական տալով խաղադաշտում եղած բոլոր ֆուտբոլիստներին, շեշտելով նրանց անմնացորդ տրվելը խաղին, այդուհանդերձ առանձնակի պիտի նշել դարպասապահներին, ովքեր ցուցադրեցին բացառիկ հուսալի խաղ։ Խաղի ողջ ընթացքն առարկայնորեն վկայում էր այն մասին, թե «Աթլետիկոն» որքան հիմնավորապես էր պատրաստվել դրան ու մասնավորապես կարողացել էր գտնել Մեսիի հակախաղը՝ չտալով ազատ գործելու հնարավորություն։ Ամեն ինչ այդպես էլ գնում էր հանդիպման ոչ-ոքիի հանգուցալուծման, մինչև որ վրա հասավ ճակատագրական պահը։ Ողջ հանդիպման ընթացքում հուսալիորեն փակելով Մեսիին՝ մադրիդցիներն այնուամենայնիվ մի ակնթարթ, չէ, աչքաթող էլ չէ, ընդամենը մի ակնթարթ ուշացան, ու ֆուտբոլի կախարդի կախարդական ձախն արեց իրենը։ Նաև այս կարգի ֆուտբոլ դիտելուց հետո է, որ ինքդ քեզ համար հերթական անգամ փաստում ես՝ կան հրաշալի ֆուտբոլիստներ, սակայն լուսաստղը մեկն է՝ Մեսի անունով անկրկնելին, աներևակայելին, ու որ «Բարսելոնը» բացառիկ երջանիկ թիմ է նման մեծության ֆուտբոլիստ ունենալու համար։ Ի լրումն Մեսիի վերաբերյալ թեմայի, ասենք, որ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում «Աթլետիկոյի» դարպասը արգենտինացին առաջին անգամ գրավեց, իսկ ընդհանուր առմամբ նա լա լիգայում գոլ է խփել 38 մարզադաշտում, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Այս հաղթանակից հետո կատալոնյան ակումբը 31 միավորով անխախտ պահեց առաջին հորիզոնականը։ Նույնքան միավոր ունի և «արքայականը»։ Երրորդ հորիզոնականում անդալուզական «Սևիլիան» է՝ 30 միավոր։ «Աթլետիկոն» մնաց 25 միավորով, նրանից մեկ միավոր ավելի են վաստակել «Ռեալ Սոսիեդադն» ու «Աթլետիկը»։
ԳԵՐՄԱՆԻԱ
Սկսենք նրանից, որ նախորդ տուրում Պադերբոռնից» կրած պարտությունից արագ դասեր քաղեց Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ու ողջ կուժն ու կուլան ջարդեց առաջին վեցյակում գտնվող «Ֆրայբուրգի» գլխին՝ պարտության մատնելով 4։2 տպավորիչ հաշվով։ Հաղթանակն այս 28 միավորով նրա համար ամրագրեց բունդեսլիգայի առաջին հորիզոնականը, իսկ ահա 22 միավոր ունեցող «Ֆրայբուրգը» կարող էր դուրս մղվել առաջին վեցյակից, եթե «Վոլֆսբուրգը» հաղթանակով ավարտեր տնային հանդիպումը «Վերդերի» հետ։ Գերմանական «գայլերին» դա չհաջողվեց անել (զիջել են 2։3 հաշվով)։
Սակայն չնայած ողջ դրամատիզմին, «Բորուսիա»-«Ֆրայբուրգ» դիմակայությանը չէր վիճակված լինելու տուրի թիվ մեկ հանդիպումը։ Սեփական հարկի տակ տարօրինակորեն պարտություն կրեց «Բավարիան», ու այդ անակնկալը նրան մատուցողը «Բայերն» էր՝ 1։2։
ՈՒմ համար բարեբախտաբար, ում համար էլ դժբախտաբար տուրում այստեղ այլ անակնկալներ չեղան։ Հյուրընկալվելիս «Լայպցիգը» 3։2 հաշվով պարտության է մատնել մրցաշարային աղյուսակը եզրափակող «Պադերբոռնին», ու ցավն այն է, որ այս թիմը այնպես էլ չէ, որ անատամ պայքարում է տանուլ տալիս։ «Լայպցիգը» 27 միավորով հաջորդում է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»՝ հետ մնալով ընդամենը մեկ նիշով։
Իր հերթին նրանից երկու միավորով է հետ մնում «Շալկեն», որը սեփական հարկի տակ հաղթանակ է տոնել Բեռլինի «Ունիոնի» նկատմամբ՝ 2։1։
Նույնպիսի հաշիվ է գրանցվել նաև «Հերտա»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայությունում, միայն թե հօգուտ հյուրերի։ Վերջինս հինգերորդ հորիզոնականում է, ունի 23 միավոր։
ԻՏԱԼԻԱ
Երկրորդ տասնյակից այդպես էլ վեր նայելու զորություն չունեցող «Սասուոլոյին» հյուրընկալած երկրի գործող չեմպիոնը՝ «Յուվենտուսը», չկարողացավ մեկ միավորից ավելի կորզել համառ հյուրերից, իսկ սա մրցաշարային աղյուսակում բերեց առաջատարի փոփոխության, քանի որ «ծեր սինյորային» մինչ այդ ընդամենը մեկ միավորով զիջող «Ինտերն» աղյուսակը եզրափակող ՍՊԱԼ-ի հետ հանդիպումում վաստակեց 3 միավոր (2։1) ու 37 միավորով ստանձնեց սկուդետեի առաջատարությունը։
Տուրը հաջողակ եղավ նաև առաջին եռյակը եզրափակող «Լացիոյի» համար։ Նրա մրցակիցն էր Հռոմ ժամանած «ՈՒդինեզեն»՝ 3։0։ Նկատենք, որ «Ինտերի» օրինակով «Լացիոն» էլ, որի անվան դիմաց 28 միավոր է, վերջին հինգ խաղում միայն հաղթանակներ է արձանագրել։
Սկուդետեի չորրորդ հորիզոնականում է Հենրիխ Մխիթարյանի պատճառով հայ ֆուտբոլասերի համար բացառիկ հետաքրքրություն ներկայացնող «Ռոման», որը հյուր էր գնացել «Վերոնային»։ Հանդիպումն այդ ավարտվել է իտալական «գայլերի» հաղթանակով, 3։1 հաշվով, վնասվածքի պատճառով երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ խաղադաշտ է ելել Հայաստանի ազգային հավաքականի ավագն ու դարձել գոլի հեղինակ, ինչի համար շնորհավորում ենք բոլորիս։
Հաղթանակի դեպքում «Ռոմայի» օրինակով 28 միավորի տեր կարող էր դառնալ երեկ երեկոյան մրցասպարեզ մտած «Կալյարին»՝ «Սամպդորիայի» հետ խաղում։ Իսկ առաջին վեցյակը 25 միավորով եզրափակում է «Բրեշիային» հյուր գնացած ու երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնած «Ատալանտան»։
Իտալական թեման ավարտենք «Նապոլիի» մասին հիշատակումով: Վերջին հինգ խաղում նեապոլցիները կրեցին երկրորդ պարտությունը (սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել են «Բոլոնիային»), իսկ ընդհանուր առմամբ այդ հինգ խաղում վաստակել են… 3 միավոր: Ակնհայտ է, որ այս թիմում խորքային գործընթացներ են, ու ամեն ինչ տանում է Կառլո Անչելոտիի պաշտոնանկմանը, եթե, իհարկե, ակումբի ղեկավարության նյարդերը պողպատից չեն:
ՖՐԱՆՍԻԱ
Վերջին չորս հանդիպումը հաղթանակով ավարտած «Մարսելը» («Բրեստի» հետ տուրի հանդիպումն ավարտել է 2։1 հաշվով) վստահորեն տեղ է գտել առաջնության երկրորդ հորիզոնականում ու արդեն չորս նիշով է առաջ Նիցցա անհաջող ճամփորդություն ունեցած, այդպես էլ 24 միավորով մնացած «Անժից» (տեղի համանուն թիմին զիջել է 1։3 հաշվով)։ Վերջինիս ընդհուպ մոտեցել է մեր հայրենակցի գլխավորած, «Ամիենի» հետ գոլառատ հանդիպում անցկացրած «Մոնպելիեն»՝ 4։2։ Այն «Անժից» հետ է մնում ընդամենը մեկ նիշով։ 23 միավոր է նաև «Բորդոյի» ու «Նանտի» անվան դիմաց, որոնք լրացուցիչ գործակիցների պատճառով հաջորդում են «Մոնպելիեին»։ Առաջինն արտագնայում ոչ-ոքի է խաղացել «Ռեյմսի» հետ՝ խաղավարտին մոտ ձեռքից բաց թողնելով հաղթանակը՝ 1։1, երկրորդը սեփական հարկի տակ գերազանցել է «Թուլուզին»՝ 2։1։
Ինչ վերաբերում է դիվիզիոնի անառարկելի առաջատարին՝ երկրի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենին», «Մոնակոյի» հետ նրա հանդիպումը հետաձգվել է։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ