Կտիրանա՞ վեցերորդ անգամ
29.11.2019 | 03:45
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 2-ին Փարիզում կայանալու է հերթական «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը: Գաղտնիք չէ, որ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսին հիմնական հավակնորդներից մեկն է: Ավելին, Mundo Deportivo-ի տեղեկացմամբ, այն արդեն գիտի, թե ով է տիրանալու տիտղոսին՝ Մեսիին հյուր են եղել ամսագրի ներկայացուցիչները, ունեցել հարցազրույց: Սակայն սույնը միանշանակ չի նշանակում, թե հենց Մեսին է լինելու հաղթողը: Լրագրողները հյուր են եղել նաև «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին ու նույնպես ունեցել հարցազրույց: Թեև դժվար թե աշխարհում գտնվի ֆուտբոլին քիչ թե շատ մոտ կանգնած մեկը, ով չիմանա, թե համաշխարհային ֆուտբոլի այս երկու գագաթները քանի անգամ են տիրացել այդ պատվավոր տիտղոսին, այդուհանդերձ ավելորդ չհամարենք ևս մեկ անգամ հիշեցնել՝ հնգական անգամ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է առաջիկայում կայանալիք «Ոսկե գնդակի» խաղարկության հավակնորդներից երկուսի՝ Լիոնել Մեսիի ու Վիրջիլ վան Դեյկի շանսերը: «Եթե «Ոսկե գնդակը» տրվելու է սերնդի լավագույն խաղացողին, ապա այն կարելի է մշտապես տալ Լիոնել Մեսիին, սակայն եթե տրվելու է անցած մրցաշրջանի լավագույն խաղացողին, այն Վիրջիլ վան Դեյկն է: Ես չգիտեմ, թե ինչպես է ամեն ինչ լինելու, սակայն այդպես եմ տեսնում: Եթե բոլորից լավը՝ ապա Մեսի, եթե անցած մրցաշրջանի լավագույնը՝ Վիրջիլ: Տեսնենք», -ասել է Կլոպը:
Վկայակոչենք ևս մեկի կարծիքը: «Բարսելոնի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն ասել է, որ իր թիմակից Լիոնել Մեսին է դառնալու «Ոսկե գնդակի» տիրակալը. «Ես շատ անգամ եմ ասել, որ Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ու նա պիտի ստանա «Ոսկե գնդակը»: Առանց կասկածի՝ Մեսին լավագույնն է»:
Վերջում հավելենք Մեսիի մասնակցությամբ խաղից մի փաստ: Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային վերջին հանդիպումն արգենտինացու համար եղել է կատալոնյան ակումբի կազմում 700-րդը: Այստեղ նա գոլ է հեղինակել՝ դորտմունդցիներին «դարձնելով» 34-րդ ֆուտբոլային ակումբը, որի դարպասը գրավել է: Հիշեցնենք, որ մինչ այս 33 թիմի դարպաս են գրավել երկու ֆուտբոլիստ՝ «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և Մադրիդի «Ռեալի» լեգենդար գոլահար Ռաուլը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ