Ավարտվեցին ազգային հավաքականների մակարդակով եվրոպական ֆուտբոլի որակավորման փուլի խաղերը, դրանց արդյունքներով որոշվեցին ինչպես մասնակից երկրները, այնպես էլ դրանք ներկայացնող ընտրանիների զամբյուղները։ Այս երկու տվյալի հենքի վրա շուտով կկայանա Եվրո-2020-ի վիճակահանությունը: Ասենք, որ եզրափակչյան ընտրանիներն իրականում 24-ն են լինելու, պակասող չորսը միանալու են Ազգերի լիգայից։ Սակայն մինչև զամբյուղները ներկայացնելը, մի երկու խոսք ավարտական տուրից, բայց ոչ ամբողջությամբ, այլ միայն մեր ընտրանու մասով, քանզի այն արդեն ոչ առաջին թարմության նորություն լինելու պատճառով դադարում է առանձնակի հետաքրքրություն ներկայացնելուց։
Իհարկե, մեր հավաքականի վերջին մրցելույթին անդրադառնալը մազոխիզմին հավասար բան է իրականում, որովհետև պարտվել էլ կա, պարտվել էլ, սակայն եղածը, մոռացության տալով, շրջանցել էլ չի լինի, քանզի եղածի վրա աչք փակելը երեխայամտություն կլինի, ու թե չես ուզում անվերջ շարունակվեն այս ու այս կարգի անպատվությունները, պիտի գնաս հետևությունների` խնդրին լուծում գտնես։
9։1՝ սա իտալացիների հետ չարաբաստիկ դիմակայությունում արձանագրված հաշիվն է։
Ոմանք հակված են կարծելու, ընդ որում՝ անվերապահորեն, որ սա ազգային խայտառակություն է։
Մեր կարծիքով, թերևս առանց լուրջ առարկության, կարելի կլիներ համաձայնել գնահատականին, եթե մեր պարտությունն արձանագրած հաշիվը թվային երկնիշ արտահայտություն ունենար, մինչդեռ ակնհայտ է, որ իտալացիների համար այդ չարաբաստիկ մրցակցությունում (այո, այո՝ մերոնց հետ համահավասար չարաբաստիկ) տանտերերի ընտրանին այդպես էլ չկարողացավ կոտրել մեր ֆուտբոլիստների համառ, ես կասեի՝ հերոսական դիմադրությունն ու խմբային տասներորդը տոնել մրցակցի դարպասի տասնանգամյա գրավումով։ Ինչպես տեսնում եք, թերացումն ավելի քան առկա է, և թող Մանչինին իր ֆուտբոլիստներով առանձնապես վեր-վեր չթռչի, քանզի 9։1-ը 10։1 չէ, ու իտալացների կազմում եղել են ֆուտբոլիստներ, որոնց համար այդպես էլ անմատչելի է մնացել մեր հավաքականի դարպասը։
Հիմա իտալացիների ունեցած այդ խաղք ու խայտառակությունից հետո դառնանք մերոնց։
Ի՞նչ կարող էին անել, որ նման արդյունք չգրանցվեր, որքան էլ որ 9։1-ը 10։1 չէ։
Կարող են լինել միամիտներ, որ կասեն՝ պարզ չէ՞, պիտի խաղային։
Այս տարբերակը միանգամից բացառենք, որովհետև խոսքը ոչ թե հավալա, էշ միլիցա, չլիկ դաստա կամ քարկտիկ, այլ ֆուտբոլ խաղալու մասին է, իսկ դա մեր տղաների պարագայում նույնն է, թե զորօրինակ ինձնից, որ կյանքում չմուշկների վրա մի անգամ է առանց ընկնելու կանգնել՝ այն էլ մի ձեռքով ծառից, մյուսով էլեկտրասյունից բռնելով, պահանջվի եռապտույտ էլ չէ, տեղում սոսկական ցատկ կատարել առանց ընկնելու։
Լա՜վ, կլինեն հուսակտրվածներ՝ բա ոչ մի տարբերակ չկա՞ր։
Կար ու ոչ թե մեկ, այլ բազմաթիվ։
Կարող էինք պարզապես հրաժարվել հանդիպումից։ Թող գրանցվեր 0։3 հաշվով տեխնիկական պարտություն։ Այդպես ավելի պատվարժան կլիներ, իսկ թե բանը պիտի հասներ մի երկու կոպեկ տուգանքին, ազգովին կգցվեինք, գումարը կփակեինք։
Կարելի էր պատճառ բերել, որ ուշացել ենք ինքնաթիռից, դրա համար էլ տեղ չենք հասել։
Կարելի էր ասել, որ մեր իմանալով խաղը Հռոմում էր կայանալու, գնացել էինք այնտեղ, իսկ մինչև քարտեզի վրա Պալերմոն գտանք, բանը բանից անցել էր։
Վերջապես կարելի էր ասել, որ հավաքականի ղեկին նշանակվելու լուրն առնելուց հետո Աբրահամ Խաշմանյանի սեղանատամը բժշկական միջամտության կարիք է ունեցել, ու միակ ելքը եղել է կոլեկտիվով նրան ատամնաբույժի մոտ տանելը։
Չգիտեմ։
Ցանկության դեպքում հազար ու մի պատճառ կարելի է գտնել, բայց ոչ Խաշմանյանի այն ասածի պես, թե խաղին մասնակցածն ազգային հավաքականը չի եղել։ Այս դեպքում հարց է առաջանում՝ եղբայր, եթե ազգային հավաքականը չի եղել, դու այդ ու՞մ կամ ինչի՞ կարգավիճակով ես այդ խառնամբոխի գլխին կանգնած եղել ու, առհասարակ, ողջ խաղի ընթացքում Մուսոլինիի դեմքով կանգնած եղել։
Մինչդեռ շատ ավելի բարոյական կլիներ ասել, որ սա մեր ֆուտբոլի հետ եղած զուլում էր, ու հարցը համարել փակված։ Մինչդեռ...
Մինչդեռ։
Գիտե՞ք, մեր ֆուտբոլի գլխին գալովի են օրիգինալ մտածողությամբ գլխավոր մարզիչները։
Հիշու՞մ եք տարիներ առաջ Մալթայից մեր պարտությունն այն ժամանակների մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ինչով բացատրեց՝ խոնավության բարձր տոկոսով՝ մոռանալով, որ դրանից ընդամենը մեկ-երկու նախադասություն առաջ բողոքել էր, որ դաշտի տերերը չեն կատարել իր պահանջն ու չեն ջրել մարզադաշտի խոտածածկը։ Այն ժամանակ (հետխաղյա մամուլի ասուլիսի այս դասական մտքից) մենք Վարդան Մինասյանին հուշեցինք, որ եթե հյուրընկալող կողմն իր ցանկությունը կատարած լիներ ու խոտածածկը ջրած լիներ, տղաներն ավելի վատ վիճակում էին հայտնվելու ջերմոցային կրկնակի էֆեկտի պատճառով, բայց հիմա, բան ու գործ թողած, հո չե՞ս լծվելու միջնակարգում մարդու չստացած իմացությունը լրացնելու տանջալից գործին, մանավանդ որ դա նմանվելու է սիզիփոսյան տանջալից աշխատանքի։
Ինչ անե՞լ։
Աշխատության տեսքով ու որպես աշխատության վերնագիր, այս հարցն աշխարհում, ինչպես գիտեք, երկու անգամ է բարձրացվել։ Թե դրանք ինչով են ավարտվել քաղաքականության մեջ, չխորանանք և ավելի գործնական գետնի վրա փորձենք պատասխանել հայկական ֆուտբոլի համար գործնական հնչողություն ունեցող «ինչ անել» ու կողքին «ինչ չանել» հարցին։
Նորանկախ Հայաստանի տարիներին մեզանում հայկական ֆուտբոլը լրջորեն բարձրացնելու մի փորձ արվեց միայն՝ ի դեմս հանգուցյալ Պորտերֆիլդի հրավիրելով ծանրակշիռ հեղինակությամբ մարզչի ու, ավաղ, մեր ու մեր ֆուտբոլի ողբերգությունն էր, որ այդ մարդն այդքան վաղաժամ կնքեց մահկանացուն։ Ամոթալի ոչինչ չկա, եթե մենք մեր հավակնությունները դնենք մի կողմ ու հրավիրենք մասնագետի, ով կկարողանա խնդրին լուծում տալ, զուգահեռ կզբաղվի տեղի կադրերի ուսուցման հարցերով։ Իհարկե, դժվար է հավատալ, որ Նեմեց Ռուբոյից հետո հայկական ֆուտբոլում կգտնվի ֆուտբոլի` նրա նման բացառիկ խորագիտակ, ով մարզիչների փոխարեն որոշում կկայացնի, բայց թե պիտի նման հնարավոր միջամտության դեմն առնել։
Ինչևէ։ Հարցերը բազմաթիվ են, դրանց լուծման համար պետք են ժամանակ, համբերություն, ճիշտ կադրային քաղաքականություն։ Չպետք է կերակրվել ու մարդկանց կերակրել հույսով, թե հերթական նախընտրական եվրոպականը կամ աշխարհինը մեր առջև դրանց եզրափակչի դուռը կբացի։ Այդպես լինելու համար մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, դեռ պիտի ֆուտբոլիստներ կրթենք ու դաստիարակենք, որոնք մրցակցի դարպասը տեսնելու, դրա ուղղությամբ գոնե մոտավորապես հարվածելու ունակություն ունենան, պետք են ֆուտբոլիստներ, ովքեր խաղադաշտում իրավիճակը կարդալու ու կառավարելու իմացությամբ օժտված լինեն, ովքեր գարնան գլխին գոմից հանած մոզու պես ոչ թե գլուխը կախ, ոտքերին նայելով վազեն՝ աշխարհից ու կողքին ընթացող զարգացումներից կտրված, այլ հասկանան, որ ֆուտբոլը կոնկրետ սահմանագծում ունեցող տարածության հաղթահարում չէ սոսկ, որ ֆուտբոլը գնդակն ընկերոջը փոխանցելու, նրա հետ համատեղ մտածելու ու գործելու խաղ է, ընկերակցություն, որ գնդակը պիտի փոխանցել առավել նպաստավոր դիրքում գտնվող խաղընկերոջը ու ոչ թե նրան, ով առանց դրա էլ արդեն իսկ փակուղային իրավիճակում է...
Այ, երբ մերոնց վրա կիջնի դաշտը զգալու, գործողությունները բռան մեջ առնելու, իրավիճակը կառավարելու ունակությունը, այնժամ նոր կկարողանանք կոշկի քուղերից վեր նայել։
Իսկ հիմա ներկայացնենք վերը խոստացածը՝ հավաքականների բաշխումն ըստ զանգվածների։
1-ին զաբյուղ՝
Իտալիա, Անգիա, Բելգիա Իսպանիա, ՈՒկրաինա, Գերմանիա,
2-րդ զամբյուղ՝
Ֆրանսիա, Լեհաստան, Շվեյցարիա, Խորվաթիա, Ռուսաստան, Հոլանդիա,
3-րդ զամբյուղ՝
Պորտուգալիա, Թուրքիա, Դանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Չեխիա,
4-րդ զամբյուղ՝
Ֆինլանդիա, ՈՒելս, + 4 թիմ Ազգերի լիգայից։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ