Եվրոպական ֆուտբոլում հերթական անգամ վրա հասավ հերթական դադարը։ Ինչպես գիտեք, այն պայմանավորված է Եվրոպա-2020-ին ընդառաջ ազգային ընտրանիների որակավորման խմբային փուլի մրցելույթներով։ Ցավոք, մեր հավաքականի մասնակցության կտրվածքով առաջիկա երկու հանդիպումից առանձնապես ակնկալելու բան չունենք (հեքիաթներին հավատալու ուժ չկա արդեն), բայց որ գոնե այլոց մասնակցությամբ դիտարժան հանդիպումներ վայելելու հնարավորություն կունենանք, կասկածից վեր է։ Սակայն, ազգայիններով տարված, կարծես սկսում ենք մոռանալ, թե այս նյութն ինչի մասին է, մինչդեռ եվրոպականի ներքին առաջնությունների այս հերթականում մի դիմակայություն կար, որը համաշխարհային մակարդակի էր։ Այո, այո, նկատի ունենք պրեմիեր լիգայի «Լիվերպուլ»-«Մանչեստր Սիթի» մրցակցությունը։
ԱՆԳԼԻԱ
«Լիվերպուլ»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունը զարմանալիորեն արագ հանգուցալուծվեց, թեպետ լարվածությունը պահպանվեց ողջ խաղի ընթացքում։ Շատ արագ գոլը, այնուհետև դրան նույնքան արագ հաջորդած երկրորդն այնպիսի ահռելի առավելություն ապահովեցին մերսիսայդցիներին, որ դժվար էր երևակայել։ Լիվերպուլցիների խփած երրորդ գոլը սկզբունքորեն արդեն դամբանականի հնչողություն ուներ, սակայն եկեք չմոռանանք, որ դիմացինը մինչև վերջ պայքարող թիմ էր։ Ի վերջո, «քաղաքաբնակները» գոլ հեղինակեցին, սակայն դա, բնականաբար, նրանց չփրկեց պարտությունից։
Ճշմարտությունը պահանջում է խոստովանել, որ հանդիպման ելքի վրա բացասական առումով իր գործուն մասնակցությունն ունեցավ մրցավարը, որը երկու անգամ պարզապես չտեսավ կամ չտեսնելու տվեց տուգանային հրապարակում մերսիսայդցիների ձեռքով խաղը։ Ինչևէ։ Եղածը եղած է, փաստը մնում է փաստ, որ իր հիմնական մրցակցին «Լիվերպուլն» արդեն գերազանցում է ինը միավորով, իսկ սա չափից ավելի խոշոր առավելություն է չեմպիոնական մրցավազքում։
Տասներկու խաղից հետո 34 միավոր ունեցող «Լիվերպուլին» միանգամից երկու թիմ է հետապնդում։ Նրանցից մեկը սեփական հարկի տակ «Արսենալին» հաղթած «Լեստերն» է (2։0), մյուսը չեմպիոնական մրցավազքի մեջ ներքաշված «Չելսին» է, որը նույնպես երկու անպատասխան գնդակի առավելությամբ է ծնկի բերել օրվա իր մրցակցին՝ «Կրիստալ Պալասին»։ 26-ական միավոր ունեցող այս թիմերն ընդամենը մեկ միավորով են առաջ «Մանչեստր Սիթիից», որն ինքնին մեծ առավելություն չէ, և «քաղաքաբնակները» շատ արագ կարող են առոչինչ դարձնել, մանավանդ որ նրանց հերթական հանդիպումը «Չելսիի» հետ է։
Նկատենք, որ արտագնայում «Տոտենհեմի» հետ ունեցած ոչ-ոքիից հետո (կողմերը մեկական գոլ են փոխանակել) 17 միավորով առաջին անգամ առաջին հնգյակի մաս է կազմել պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի նորեկը՝ «Շեֆիլդը», ինչը խոշոր անակնկալների շարքից է։ Նույնքան միավոր ունեցող «Արսենալը» նրանից մեկ աստիճան ներքևում է գտնվում ի հաշիվ լրացուցիչ գործակիցների։
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի կենտրոնական հանդիպումն անկասկած «Բավարիա»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայությունն էր, որտեղ միանգամայն անսպասելի արդյունք գրանցվեց, եթե նկատի ենք ունենում մյունխենցիների բավականին անսովոր խոշոր հաշվով հաղթանակն ու մրցակցի չորս գոլին թեկուզ մեկով արձագանքելու դորտմունդցիների անկարողությունը։ Այս պարտությունից հետո դորտմունդցիները զգալիորեն նահանջել են ու 19 միավորով եզրափակում են առաջին վեցյակը։
Հաղթանակ է տոնել նաև «Հերտային» հյուր գնացած «Լայպցիգը» (4։2), ինչը նրան հնարավորություն է տվել պահպանելու երկրորդ հորիզոնականը։ Թիմն այստեղ է ի հաշիվ լրացուցիչ գործակիցների։ 21 միավոր է նաև երրորդ հորիզոնականում դիրքավորված «Բավարիայի» ակտիվում։ Հետաքրքրական է, որ նույնքան միավոր է վաստակել նաև տնային հանդիպումը հաղթանակով ավարտած «Ֆրայբուրգը», որի մրցակիցն է եղել Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»՝ 1։0։ Ահա այս երեքից, որոնք Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» մերձակա հետապնդողներն են, բունդեսլիգայի առաջատարը պոկվածությունը կարող էր չորս միավորի հասցնել, եթե պարտության մատներ հյուր ժամանած «Վերդերին»։ Տանտերերն իրենց առջև դրված խնդիրը հաջողությամբ լուծել են՝ 3։1։
20 միավորով առաջին հնգյակ է ներխուժել արտագնայում 2։1 հաշվով «Քյոլնին» պարտության մատնած «Հոֆենհայմը»։ Գոհունակությամբ ենք նշում, որ թիմի առաջին գոլի հեղինակը մեր Սարգիս Ադամյանն է, իսկ ընդհանուր առմամբ «Հոֆենհայմը» հաղթանակը կորզել է հավելյալ ժամանակում խփած գոլի հաշվին։
ԻՍՊԱՆԻԱ
13-րդ տուրի արդյունքներով լա լիգայում եռիշխանությունը վերածվեց երկիշխանության։ Փորձությանը չդիմացավ սեփական հարկի տակ «Լեգանեսի» հետ միավոր կիսած (1։1) «Ռեալ Սոսիեդադը»։ Ինչ վերաբերում է մնացածի համեմատ մեկ խաղ պակաս անցկացրած «Բարսելոնին» ու Մադրիդի «Ռեալին», իսպանական գրանդները վստահ հաղթանակ են տոնել։ Կատալոնյան ակումբը չորս անգամ գրավել է «Սելտայի» դարպասը՝ սեփականը բաց թողնելով մեկը, «արքայականը» խփածների հաշվարկով նույնն է արել «Էյբարի» հետ, սակայն սեփականը պահել անառիկ։ Նշենք, որ «Բարսելոն»-«Սելտա» մրցակցությունում հեթ տրիկ է հեղինակել Մեսին՝ բոլոր գոլերն էլ իրացնելով տուգանային հարվածներից, որոնցից միայն մեկն է եղել տասնմեկմետրանոցի նշակետից։
«Էսպանյոլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3։1) երրորդ հորիզոնական է բարձրացել Մադրիդի «Աթլետիկոն»՝ միավորների թիվը հասցնելով 24-ի։ Հաղթելու դեպքում նույնքան կարող էր ունենալ նաև «Բետիսին» հյուր գնացած «Սևիլիան»։ Անդալուզցիներն այդպես էլ վարվել են՝ խաղը շահելով 2։1 հաշվով։
«Վալենսիա»-«Գրանադա» դիմակայությունում տոն տվողն ու վերջնահաշվում հաղթանակ տոնողը տանտերերն են եղել՝ 2:0։ Սա առաջին վեցյակում հայտնվելու առումով տանտերերին ոչինչ չի տվել, իսկ ահա «Գրանադային» դուրս է մղել այնտեղից։
Առաջին վեցյակը եզրափակում է «Լևանտեին» հյուրընկալած ու 2։1 հաշվով հաղթած Բիլբաոյի «Աթլետիկը», որն ունի 20 միավոր։ Նույնքան միավոր ունի ևս երեք թիմ։
ԻՏԱԼԻԱ
Տուրի գլխավորը հանդիպումը Թուրինում էր՝ տեղի «Յուվենտուսի» ու «Միլանի» միջև, և բնավ էլ նշանակություն չունի, որ հյուրերը մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում են։ Սրանք իտալական ու համաշխարհային ֆուտբոլի այն ակումբներից են, որոնք խոշոր հետագիծ են թողել ու նրանց յուրաքանչյուր հանդիպում ֆուտբոլային մի այլ կարգի հրավառություն է։ Հանդիպումը «ծեր սինյորան» շահել է նվազագույն առավելությամբ. երկրորդ խաղակեսի յոթանասունմեկերորդ րոպեին գոլը խփել է փոխարինման ելած Դիբալան։ Հաղթանակը «Յուվենտուսին» հնարավորություն տվեց մնալու աղյուսակի առաջին հորիզոնականում։ Նրա ակտիվում 32 միավոր է։
Չեմպիոնների լիգայի վերջին տուրում կրած անհաջողությունը կրկնելուն չափազանց մոտ էր «Վերոնային» հյուրընկալած «Ինտերը», սակայն ի բարեբախտություն սեփական երկրպագուի, կարողացավ կենտրոնանալ ու երեք միավոր կորզել՝ դրանով իսկ շարունակելով չեմպիոնական մրցավազքում պահպանել ինտրիգը։ «Ինտերն» ունի 31 միավոր։
Վերջին հինգ խաղում երրորդ ոչ-ոքին խաղաց «Նապոլին», որը հաստատունորեն վարժվում է աջ ու ահյակ միավորներ շաղ տալ-բաժանելուն՝ ասես հիմնովին մոռացած, որ չեմպիոնական մրցավազքի թիմ է, ու իրենից սպասելիքները միանգամայն այլ են։ Այս անգամ նեապոլցիներին ատամ ցույց տվողը ջենովացիներն էին՝ 0:0։ Կառլո Անչելոտիի սաները 19 միավոր ունեն ու տեղ չունեն անգամ առաջին վեցյակում։
Տնային հանդիպումներում «Լացիոյի» ու Կալյարիի» տոնած հաղթանակները 24-ական միավորով նրանց տեղ ապահովեցին սկուդետեի երրորդ ու չորրորդ հորիզոնականներում։ Հռոմեացիները 4։2 հաշվով պարտության են մատնել «Լեչեին», «Կալյարին» 5։2 հաշվով քամուն է տվել «Ֆիորենտինայի» փետուրները։
22-ական միավորով հաջորդ երկու հորիզոնականներն են կիսում «Ատալանտան» ու «Ռոման»։ Առաջինն արտագնայում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Սամպդորիայի» հետ, երկրորդը 0։2 հաշվով զիջել է «Պարմային»։
ՖՐԱՆՍԻԱ
Նախորդ տուրում «Դիժոնից» կրած պարտությունից հետո հերթական անգամ միավոր կորցնելուն մոտ էր դիվիզիոնի առաջատարը, սակայն «Բրեստի» հետ արտագնայում ինտենսիվ անցկացրած խաղավարտը «Պարի Սեն Ժերմենին» հնարավորություն տվեց երեք միավոր վաստակելու և միավորների թիվը հասցնելու 30-ի, ինչը մերձակա հետապնդողի՝ «Մարսելի» ունեցածից ավելի է ութ նիշով։ Ասենք, որ տնային հանդիպումում մարսելցիները գերազանցել են լիոնցիներին՝ 2։1։
21-ական միավորով դիվիզիոնի երրորդ-չորրորդ հորիզոնականներում են «Անժն» ու «Սենտ Էտիենը»։ Առաջինը հյուրընկալվելիս գոլազուրկ հանդիպում է ունեցել «Ռեյմսի» հետ, երկրորդն արտագնայում 3։2 հաշվով առավելության է հասել «Նանտի» նկատմամբ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ